«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը անցած չորեքշաբթի նախագահական նստավայր այցելելուց եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո է հրահանգել ՀՀ քննչական կոմիտեից պահանջել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կալանավորված անդամների գործերը: Ըստ նույն տեղեկությունների՝ նա միաժամանակ հրահանգել է նախապատրաստել կալանավորվածների խափանման միջոցների փոփոխման որոշումները: Այսինքն՝ դեռեւս ապրիլի 30-ին է կայացվել քաղաքական որոշումն առ այն, որ հաջորդ աշխատանքային օրը` մայիսի 4-ին, Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը եւ Պավել Մանուկյանը ազատ կարձակվեն, ինչն էլ երեկ տեղի ունեցավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ քաղբանտարկյալներին եւս տեղեկացրել են, որ նրանք մի քանի օրից ազատ կարձակվեն: Հիշեցնենք, որ Սէֆիլյանը եւ նրա ընկերներն անազատության մեջ էին այս տարվա ապրիլի 6-ից: ՀՀ գլխավոր դատախազության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ թվարկվածների ազատ արձակումը ներկայացվում է որպես նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխելու արդյունք: Այսինքն՝ Սէֆիլյանը եւ նրա ընկերները շարունակում են մնալ մեղադրյալներ, քանի որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել, պարզապես այլեւս վտանգավոր չեն, դրա համար ազատ են արձակել: Ասել է թե՝ պետական գերատեսչությունը հստակ հայտարարել է, որ Սէֆիլյանին եւ ընկերներին կալանավորել էին՝ ապրիլի 24-ին օտարերկրյա հատուկ ծառայություններին հաճոյանալու համար:
Սերժ Սարգսյանը չգիտի՝ ինչպես վարվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը խորհրդարանում անխռով քնելուց եւ պատգամավորների ազգանունները դժվարությամբ ընթերցելուց բացի՝ հիմա էլ իր անհեթեթություններով դուրս է եկել միջազգային ասպարեզ: Բանն այն է, որ նա ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին: Իհարկե, ԱԺ նախագահն այդ հանդիպումը ձեւակերպել է որպես «մասնավոր» այց, բայց մյուս կողմն այն ներկայացրել է իբրեւ աշխատանքային հանդիպում եւ քննարկում՝ հրապարակելով իր եւ Գրիգորիչի լուսանկարները: Բնականաբար այդ փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին, եւ այնտեղ ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ իշխանական կուլիսներում քննարկում էին իրավիճակից դուրս գալու ելքերը, եւ չի բացառվում՝ առաջիկա օրերին ԱԺ ղեկավարությունը այցելի Թբիլիսի՝ տեղում իրավիճակը հարթելու համար: Ի դեպ, երեկ Վրաստանի ԱԳՆ կոշտ հայտարարություն է տարածել Արցախում կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ:
Երբ 2011-ի մարտին Կարեն Անդրեասյանը դարձավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ակնհայտ էր, որ այդ ինստիտուտն այլեւս դատապարտված էր որակազրկման: Վերջին չորս տարիների փորձը ցույց տվեց, որ այդ կանխատեսումներն իրականացան. այսօր Հայաստանում ՄԻՊ-ին ոչ ոք չի ընկալում որպես իրավապաշտպան: Սակայն ինքը՝ Անդրեասյանը, պարզվում է, համաձայն չէ այդ կարծիքների հետ: «Ինչ-որ մարդկանց գնահատականները կարող են հնչել, կարեւորը որ ազատ հնչեն, իսկ ես կոչված եմ ոչ թե այդ գնահատականները հերքելուն, այլ պաշտպանելուն: Կարող եմ ասել, որ ինստիտուտի կայացման մասով վկայում են թվերը, թե ինչքան մարդ է մեզ դիմում եւ վստահում»,- ասել է Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: Այսինքն՝ այն փաստը, որ մարդիկ դադարել են ՄԻՊ-ին որպես իրավապաշտպան դիտել եւ ընկալում են որպես պետական անվճար իրավաբանական միջնորդ կառույց՝ ինչ-ինչ գործեր կարգավորելու համար, ըստ Անդրեասյանի՝ նորմալ է:
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր, 2007-2012 թ.-ի գումարման ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գոհար Ենոքյանը: 73-ամյա Ենոքյանը ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: «Ժողովուրդը» նախորդ տարվա հուլիսին գրել էր, որ խարդախության հետ կապված ինչ-որ քրգործով Ենոքյանը վերջերս կանչվել է ՀՔԾ հարցաքննության: Պարզվում է՝ պատճառը եղել է Ենոքյանի եղբայրը՝ Անդրանիկ Ենոքյանը, որը վեց ամիս է՝ կալանավորված է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի հետ կապված ֆինանսական ինչ-որ խնդիրների համար առաջացած վեճի հետեւանքով: Եւ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ենոքյանը մեղադրվում է Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու համար: Մինչդեռ նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը գործը համարում է շինծու, ձերբակալությունն էլ՝ ապօրինի: Հավելենք, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, եւ Գոհար Ենոքյանը ընկերուհիներ են:
ՔԱՂԱՔԱԿԱՆ JETLAG-Ի ՄԵՋ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ս. Սարգսյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Այս տեղեկությունը տեւական ժամանակ փակ պահելուց հետո երեկ վերջապես հաստատեցին նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմից: Տարածված հաղորդագրությունից, սակայն, պարզ դարձավ, որ այսքան երկար ճանապարհ կտրելով եւ ԱՄՆ հասնելով` Ս. Սարգսյանն, ըստ էության, ավելի շատ ճանաչողական բնույթի այց է ունենալու: Այսպես՝ իր եռօրյա այցի ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս. Սարգսյանը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի ԱՄՆ կոնգրեսի գրադարանում, որտեղ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին, ապա կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում եւ հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Սրանից զատ` Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների եւ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իսկ մայիսի 7-ին Ս. Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:
Եթե չլիներ հաղորդագրության սկզբում անորոշ նշումը, թե Ս. Սարգսյանը «հանդիպումներ կունենա Սենատում», ապա հիշատակումը, թե «Վաշինգտոնում նախատեսված է նաեւ Ս. Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ», կարելի էր մտածել, որ խոսքը ոչ թե երկրի նախագահի այցի մասին է, այլ որեւէ ակտիվ եւ հետաքրքրասեր զբոսաշրջիկի: Իրականում սա բավականին ամոթալի ամրագրումն է այն փաստի, թե Ս. Սարգսյանն իրենից ինչպիսի հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ իշխանությունների համար: Ընդգծենք` ոչ թե Հայաստանն ու հայ-ամերիկյան հարաբերությունները, այլ հենց Ս. Սարգսյանը, որը չնախապատրաստված իրավիճակներում կարող է այնպիսի սայթաքումներ թույլ տալ, ինչպես, օրինակ, դա արեց Պոզներին տված իր վերջին խայտառակ հարցազրույցում` ԱՄՆ-ին մեղադրելով համամարդկային արժեքները քաղաքական շահերին ստորադասելու մեջ:
ԱՄՆ-ի կողմից նման վերաբերմունքը, թերեւս, չպետք է զարմանալի լինի, զարմանալին այստեղ այլ հանգամանք է. կանխավ տեղեկացված լինելով նման «բարձրաստիճան» ընդունելության մասին՝ ինչ կարիք կար վեր կենալ-հասնել ԱՄՆ աշխատանքային այցով: Հայ համայնքի հետ հանդիպման համար թող ուղարկեին վարչապետին կամ ԱԺ նախագահին եւ այդքան ցցուն կերպով ի ցույց չդնեին ԱՄն իշխանությունների կողմից մերժված լինելու իրողությունը: Առավել եւս, որ ի սկզբանե արված այն հաշվարկը, թե այցելելով ԱՄՆ՝ Ս. Սարգսյանը կկարողանա խուսափել մայիսի 8-ին Մոսկվայում ԵՏՄ խորհուրդի նիստին մասնակցելուց, չարդարացավ. Ս. Սարգսյանին ասվեց, որ նա jetlag-ի մեջ էլ. պիտի լինի Մոսկվայում, անգամ, եթե դարձյալ քնի ԵՏՄ խորհրդի նիստի ընթացքում, ինչպես դա տեղի ունեցավ 2013թ-ին` Մինսկում: Եվ մեծ բարեբախտություն կլինի, եթե այս անգամ ռուսական պետական լրատվամիջոցները չցուցադրեն Ս. Սարգսյանի քնած կադրերը: