ԼՂՀ ԱԺ 33 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ԱՌԱՅԺՄ ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ԼՂՀ ԱԺ 33 պատգամավորական մանդատները բաժանվեցին 5 կուսակցությունների միջեւ: ԼՂՀ խորհրդարանի իշխող խմբակցությունը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցություն է:

Նշենք, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր 7 կուսակցություն: Ըստ ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալների` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35%-ը, «Ազգային ժողովրդավարական կուսակցության» օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 %-ը, այս կուսակցությունը ղեկավարում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը: ԼՂՀ խորհրդարանում իր ներկայացվածությամբ 3-րդ ուժը «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ն է, որի օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 %-ը, ՀՅԴ-ի համամասնական ցուցակը ղեկավարում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Իսկ «Շարժում 88» կուսակցությունը, որը ղեկավարում է Վիտալի Բալասանյանը, ստացել է 4 հազար 777 քվե կամ ձայների 6,93 %-ը: ԼՂՀ խորհրդարանում հայտնված 5-րդ ուժը «Ազգային վերածնունդ» կուսակցությունն է, որը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 %, այս կուսակցությունը ղեկավարում է Հայկ Խանումյանը: ԼՂՀ «Կոմունիստական կուսակցությունն» ու «Խաղաղություն եւ զարգացումը» չեն հաղթահարել 5%-ի շեմը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղի համար պայքար էր ընթանում երկու ուժերի` ՀՅԴ-ի ու ԱԺԿ-ի միջեւ: Ըստ համամասնական ցուցակի՝ ԱԺԿ-ն խորհրդարանում լինելու է երկրորդ ուժը, իսկ պատգամավորների ընդհանուր թվաքանակով դա կլինի ՀՅԴ-ն՝ ունենալով 7 պատգամավորական մանդատ: ԼՂՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը կրկին նշանակվելու է ԱԺ նախագահ: Իսկ խորհրդարանում ԱԺԿ-ն ունենալու է 6 պատգամավոր: «Շարժում 88»-ը խորհրդարանում 2-3 պատգամավոր կունենա, իսկ «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը միայնակ կգնա խորհրդարան:
Տեղական եւ միջազգային դիտորդների գնահատմամբ` ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են առանց խախտումների: Այդ մասին երեկ հայտարարեց նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորական խումբը, որը եւս դիտորդական առաքելությամբ էր Արցախում: Նշենք, որ ՀՀ ԱԺ դիտորդական խումբը ղեկավարում էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Արցախի ԱԺ ընտրությունների վերաբերյալ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, Դուք հայտարարեցիք, որ Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեկ քայլ առաջ էին ու օրինակ պետք է դառնան բոլորի համար: Ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանություններին ինչո՞ւ չի հաջողվում նման ընտրություններ անցկացնել` առանց ընտրակաշառքի, ճնշումների ու ծեծկռտուքի:
-Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների լավագույն գնահատականները տվել են միջազգային դիտորդները, ու եթե չեք մոռացել, նշեմ, որ միջազգային դիտորդական բոլոր ներկայացուցիչները ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական վերջին ընտրությունները դիտարկել են որպես եվրոպական միջազգային չափանիշներին համապատասխան: Եղել են նաեւ պատգամավորներ եւ դիտորդներ հենց Եվրոպայից, որոնք նշել են, որ ընտրությունները համապատասխանում են եվրոպական զարգացած երկրներում իրականացրած ընտրություններին: Ավելին՝ հայաստանյան ընտրությունների վերաբերյալ բոլոր դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները տվել են բացառապես դրական եզրակացություն: Կոռեկտ չէ, որ ես, որպես սուբյեկտիվ կողմ, գնահատեմ հայաստանյան ընտրությունները:
-Այդուամենայնիվ, ՀՀ ընդդիմադիր ուժերը երբեք ԼՂՀ ընդդիմադիր ուժերի պես չեն հայտարարել, որ ընտրություններն անցել են առանց ընտրախախտումների:
-Ընդդիմադիրները թող օրինակ վերցնեն ու չգնահատեն, ես հղում եմ անում միջազգային դիտորդների գնահատականներին: Նրանք արձանագրել են, որ ընտրությունները մեկ քայլ առաջ են:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՌԴ պետդուման դիտորդական պատվիրակություն չունեցավ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում, ինչո՞ւ նրանք արհամարհեցին Արցախի Աժ ընտրությունները:
-Պետդումայից չկար, բայց պատվիրակություն կար ՌԴ-ից, ես չեմ կարող բացատրել, թե սա ինչով է պայմանավորված, կարող եմ նշել, որ այլ պառլամենտական դիտորդներ եղել են:

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Տիկի՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները, արդյո՞ք ՀՀ իշխանությունները Արցախի իշխանություններից սովորելու բան ունեն:
-Ընդդիմությունը միշտ փորձում է օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել, ՀՀ-ում ընդհանրապես ընտրությունների այլ մշակույթ կա, որտեղ ամեն ինչ թույլատրելի է, ու որքան էլ փորձում ես վերահսկողություն իրականացնել, միեւնույն է, տեղի են ունենում կեղծիքներ: Բայց Արցախն այդ առումով ուղղակի հիացրեց մեզ: Իսկապես ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ տարածաշրջանի շատ երկրներ շատ բան ունեն սովորելու Արցախում իրականացվող ընտրություններից:
Հ. Գ. Երեկ ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե նախընտրական քարոզչության շրջանում մի շարք դժվարությունների են հանդիպել եւ մի շարք բողոքներ ունեն ընտրությունների արդյունքներից:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎՏԱՆԳՈՒՄ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբլիովին ընդունել է, ընդամենը նրա համար, որ վերջինս եկել էր ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին` որպես դիտորդ: Իսկ Բիբիլովն էլ օգտվելով առիթից՝ այդ հանդիպման փաստը հրապարակել է: Ըստ մեր տեղեկությունների՝ հարցն անգամ «հասել» է Սերժ Սարգսյանին, որը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին հանձնարարել է անել ամեն ինչ, որպեսզի միջպետական սկանդալը հարթվի, եւ հայկական կողմը կարողանա այս պատմությունից «չոր» դուրս գալ:

Ու մինչ ՀՀ իշխանությունները մտածում էին՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից, վրացական մամուլն արդեն կատարվածի շուրջ իր վրդովմունքն էր բարձրաձայնում: Մասնավորապես` վրացական «Ռեզոնանսի»-ը երեկ հոդված էր հրապարակել «Դիվանագիտական սկանդա՞լ Հայաստանի ու Վրաստանի միջեւ» վերնագրով` գրելով, թե Հայաստանի խորհրդարանի խոսնակը մի քանի օր առաջ ընդունել է անջատողական Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակին ու այդ հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հարցը:
Սկանդալային այս հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը armlur.am-ին երեկ ասել է. «Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ: Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձանց միջեւ մասնավոր հանդիպումները որեւէ առնչություն չունեն քաղաքական դիրքորոշումների հետ»: Նաեւ պաշտոնական Թբիլիսիին ներկայացված այս բացատրությունը, սակայն, բավարար չէ վրացական կողմի համար, որը երեկ շտապեց հայտարարել, թե Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տհաճ միջադեպից հետո վրացական կողմը ՀՀ իշխանություններին տարբեր սպառնալիքներ է ուղղել, այդ թվում եւ` տրանզիտային հաղորդակցության սահմանափակումների մասով: Այստեղ են ասել` մի անխելք ջրհորը քար գցեց, հարյուր իմաստուն չեն կարողանում հանել: Այս միջադեպը եւս մեկ անգամ ի ցույց է դնում այն տխուր իրողությունը, որ Հայաստանում կարեւորագույն պաշտոնները վստահված են համապատասխան մասնագիտական պատրաստվածությունից զուրկ անձանց, որոնց պարզունակ մտածողությունն ու չհաշվարկված քայլերը վերածվում են Հայաստանի համար խիստ վտանգավոր արկածախնդրության:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՂՔԱՏ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրով ունի 17 մլն 500 հազար դրամ դրամական միջոց: Նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 339 հազար դրամ: Տեղեկացնենք, որ նախարարի աշխատավարձը կազմել է 5 մլն 115 հազար դրամ, իսկ կենսաթոշակը` 4 մլն 224 հազար դրամ: Կողմնակի եկամուտ Օհանյանը ցույց չի տվել:
Իսկ նախարարի կնոջ` ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանի՝ 2014-ի եկամուտը կազմել է ընդամենը 1 մլն 698 հազար դրամ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Սեյրան Օհանյանն ու նրա տիկինը համեստ կարողության տեր են, սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում նրանց անվան հետ բազմաթիվ կալվածքներ են կապվում, սակայն, ինչպես երեւում է, դրանք պաշտոնապես իրենցը չեն: Ինչու է Օհանյանը թաքցնում իր ունեցվածքը, դժվար է ասել: Նկատենք, որ Սեյրան Օհանյանը թաքցրել է, օրինակ, Սեւանի ափին գտնվող իր առանձնատունը, որը, թերեւս, իր անունով էլ չէ:
Եւ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե պետք է ազգովի դրամահավաք իրականացնենք, որպեսզի Սեյրան Օհանյանի ընտանիքը նախարարին վայել կյանքով ապրի: Թե չէ տարեկան մոտ 10 մլն դրամով դա անհնար է պատկերացնել:

 

ԽՈՇՈՐ ՀՆԳՅԱԿԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը: Ըստ այդմ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է մնալ ամենախոշոր հարկատուն, որը այս տարի առաջին եռամսյակում 15 մլրդ դրամ հարկ է վճարել, անցած տարվա 17 մլրդ-ի դիմաց: «Ալեքս գրիգ» ՍՊԸ-ն, որն անցած տարի 2-րդն էր ավելի քան 5 մլրդ դրամ հարկային վճարումներով, այս տարի վճարել է 3 մլրդ 931 մլն դրամի հարկ եւ նահանջել 5-րդ հորիզոնականը: Այս ընկերությունն ինչպես հայտնի է՝ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին եւ մի շարք ապրանքների հիմնական ներկրողն է: «Ալեքս Գրիգի» վճարած հարկերից հիմնականում նվազել է ավելացված արժեքի հարկը: 2014-ի 4 մլրդ դրամ ԱԱՀ-ի դիմաց այս տարի 2.5 մլրդ է վճարվել: Սա նշանակում է, որ ՀՀ ամենախոշոր ներկրողի շրջանառությունը, ում պատկանում են նաեւ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը, կտրուկ նվազել է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս տարի ցանկում 2-րդն է, ինչը պայմանավորված է էլէներգիայի անցած տարվա թանկացումներով: Այս տարի ՀԷՑ-ը վճարել է ավելի քան 4,5 մլրդ դրամի հարկ, անցած տարվա 1 մլրդ 830 մլն դրամով 8-րդն էր: «ԱրմենՏել»-ն, ինչպես անցած տարվա առաջին եռամսյակում, այս տարի էլ պահպանել է 3-րդ հորիզոնականը` մոտ 4 մլրդ դրամ հարկային վճարումով: Իսկ, ահա, «Ֆլեշ» ընկերությունը, որն անցած տարի 5-րդն էր` ավելի քան 2.5 մլրդ դրամի հարկային վճարումներով, այս տարի 6-րդն է, չնայած 3 մլրդ դրամի հարկ է վճարել:




Լրահոս