ԱԴՎԵՆՏԻՍՏՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ՏՆԻՑ ՏՈՒՆ ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում Շաբաթապահ գալստյան եկեղեցու ներկայացուցիչները Եհովայի վկաների նման տնից տուն են գնում, շենքից շենք անցնում, մարդկանց բաժանում կրոնական գրականություն:
Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանիս դուռը թակեցին: Շեմքին կանգնած էին 3 հոգի: Միջին տարիքի տղամարդն ասաց, որ ինքը Սիսիանից է, երիտասարդ տղան` Ալավերդուց, աղջիկը` Հրազդան քաղաքի Միկրո թաղամասից: Նրանք նվիրեցին կրոնական գրականություն` բավական հաստափոր, շքեղ հրատարակված Է. Ուայթի «Մեծ պայքար» գիրքը եւ «Քրիստոսը մեր փրկիչն է», «Բարոյականության վեհ սկզբունքները» վերնագրերով գրքույկներ:  Եռյակի անդամները հայտնեցին, որ իրենք  ադվենտիստներ են: Նաեւ ասացին, որ Նոյեմբերյանում ամենուր չէ, որ իրենց լավ են ընդունում: Հարցուփորձով իմացա, որ Նոյեմբերյանում Վանաձորից վերաբնակված ադվենտիստ ամուսիններ կան, որոնց մոտ էլ հյուրընկալվել է այս եռյակը: Նշենք, որ նախկինում Նոյեմբերյանում տնետուն էին անում, քարոզում, իրենց դավանած ուսմունքի գրականությունը բաժանում միայն Եհովայի վկաները:
«Ֆեյսբուք»-ում նոյեմբերյանցի օգտատերերից մեկը դժգոհություն էր հայտնել, որ Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցին միայն կիրակի օրերն է բաց արարողությունների համար, մնացած օրերին Աստծո տաճարի դռները փակ են: Որոշեցի ճշտել այդ տեղեկությունը, այցելեցի Սուրբ Սարգիս եկեղեցի: Օրն աշխատանքային էր, եկեղեցու դռները բաց էին: Քիչ հեռու գտնվող մասնավոր խանութում նստած էր եկեղեցու մոմավաճառ աղջիկը` Ոսկեհատ Մելքոնյանը: Նա ասաց, որ օրական մի քանի ժամ եկեղեցին բաց է լինում, ինքը մոտակայքում է ապրում, հարկ եղած դեպքում իրեն կանչում են, խնդրում եկեղեցու դռները բանալ: Եկեղեցու հովվատանը հանդիպեցի Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայր քահանա Բեջանյանին: Նա ասաց, որ ինքը 19 բնակավայր ունեցող Նոյեմբերյանի տարածաշրջանը սպասարկող Հայ առաքելական եկեղեցու միակ սպասավորն է, որ տոնական օրերին, օրինակ՝ խաղողօրհնեքին, ինքն այցելում է Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեվանի, Բագրատաշենի եկեղեցիներ եւ այդտեղ  հոգեւոր արարողություն կատարում: Տեր  Հրայրի խոսքով՝ թեեւ այլ հոգեւորականի կարիք զգացվում է, սակայն հոգեւորականին հավատացյալ համայնքն է պահում, իսկ հավատացյալներն էլ այդչափ  գումարի  նվիրատվություններ չեն կատարում:
Սուրբ Սարգիս եկեղեցում բազմաթիվ  խնդիրներ կան: Դեռեւս լուծված չէ եկեղեցու հարակից էլեկտրական ենթակայանի տեղափոխման հարցը: Ճիշտ է` ենթակայանի տեղափոխման համար փողոցի մյուս կողմում տարածք է հատկացվել, սակայն տեղափոխումն այդպես էլ չի կատարվում: Այդ աշխատանքների ձգձգման հետ կապված` չի լուծվում նաեւ փողոցից դեպի Սուրբ Սարգիս տանող կարճ ճանապարհի` աստիճանների կառուցման հարցը: Արդեն մի քանի տարի է` կիսատ է նոյեմբերյանցի հայտնի նկարիչ Հենրիկ Մամյանի կողմից Սուրբ Սարգիս եկեղեցու ներսը որմնանկարներով զարդարելու աշխատանքը: Նշենք, որ  նկարիչն այդ աշխատանքը հայրենի Նոյեմբերյանին որպես նվիրատվություն է կատարում: Սակայն նրա առաջացած տարիքը եւ Երեւանում բնակվելը խանգարում են աշխատանքների ավարտին:
Բացի այդ, Սուրբ Սարգիս եկեղեցու հովվատունը գտնվում է անմխիթար վիճակում. պատերը խոնավությունից փչացել են: Տեր Հրայր քահանա Բեջանյանն ասաց, որ հիմա Կողբի եւ Նոյեմբերյանի միջեւ գտնվող բարձունքին եկեղեցի է կառուցվում, եւ դրա օծումից հետո ինքն այնտեղ կտեղափոխի իր նստավայրը: Միով բանիվ` Սուրբ Սարգիս եկեղեցում խնդիրները շատ են: Մինչ եկեղեցին իր հարցերը դժվարությամբ է լուծում, կրոնական տարբեր  հոսանքներ  սահմանամերձ Նոյեմբերյանում ակտիվացնում են իրենց գործունեությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս