ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ. ՓՈՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակի պաշտոնական տվյալներով, որոնք հրապարակվել են նախօրեին, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը, այսինքն՝ արտահանումը եւ ներմուծումը միասին վերցրած, նվազել է 29,5 տոկոսով: Անցած տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել էր 1 միլիարդ 322 միլիոն 518 հազար 600 դոլար, իսկ այս տարվա ցուցանիշը կազմել է 945 միլիոն 142 հազար դոլար: Ընդհանուր անկումը կազմել է 377 միլիոն 376 հազար 600 դոլար:

Ուշագրավն այն է, որ անկում է արձանագրվել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման դեպքում: Այս փաստն ինքնին տխուր է, քանի որ այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքները երբ ուսումնասիրում էինք, ակնհայտ էր, որ ապրանքաշրջանառության ընդհանուր անկումը հիմնականում պայմանավորված էր արտահանման ծավալների կտրուկ նվազմամբ: Սա էլ իր հերթին պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, քանի որ այս տարվա սկզբից պարզ դարձավ, որ դեպի ԱՊՀ երկրներ Հայաստանից արտահանումը կտրուկ նվազել է: Սակայն այսօր արդեն կարող ենք ասել, որ արտահանման անկումն, ինչպես նաեւ տրանսֆերտների պակասելու փաստն արդեն իսկ ազդել է նաեւ Հայաստանի գնողունակության վրա, ինչի արդյունքում ներմուծումը եւս կտրուկ նվազել է:
Մասնավորապես, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 974 միլիոն 529 հազար 300 դոլարի, այս տարի` 677 միլիոն 539 հազար 800 դոլարի ապրանք: Անցած տարվա համեմատ Հայաստանն այս տարի 296 միլիոն 989 հազար 500 դոլարով պակաս ապրանք է ներկրել, կամ նույնն է, թե անկումը կազմել է 30,5 տոկոս: Իսկ ինչ վերաբերում է արտահանման թվերին՝ 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը արտերկիր է վաճառել 347 միլիոն 989 հազար 300 դոլարի ապրանք, իսկ այս տարի` 267 միլիոն 602 հազար 200 դոլարի: Ստացվում է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին միայն արտահանման մասով Հայաստան մուտք է եղել 80 միլիոն 387 հազար 100 դոլար, ինչը նշանակում է, որ անկումը կազմել է 23,1 տոկոս:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանից հիմնական արտահանվող ապրանքը հանքանյութն է, նախորդ տարիներին արտահանման թիվը հիմնականում պայմանավորված էր լինում այն հանգամանքով, թե, ասենք, տվյալ ժամանակահատվածում պղինձը միջազգային շուկայում ինչ արժեք էր ունենում: Ըստ այդմ, արտահանման աճ կամ անկում էր արձանագրվում: Սակայն այդ հանգամանքն ընդհանուր տնտեսության վրա մեծ ազդեցություն չէր ունենում: Գաղտնիք չէ, որ Հայաստանը արհեստական շնչառությամբ պահվող մարդու պես ապրում է դրսից եկող տրանսֆերտների հաշվին եւ տնտեսության հիմնական «սնունդը» դրսից եկող փողերն են: Այսինքն՝ Հայաստանը մեծ հաշվով դարձել է միայն սպառող երկիր, որը իր զարգացման համար անհրաժեշտ քանակի ապրանք չի ստեղծում: Իսկ երկրում էլ կյանքը չի մահանում, քանի որ մեր հայրենակիցները դրսում են ապրանք, արժեք ստեղծում, դրա դիմաց ստացած գումարի մի մասն ուղարկում են Հայաստան` իրենց հարազատներին, ինչի հաշվին էլ ոչ միայն նրանք են ապրում, այլ նաեւ ողջ երկիրը: Կրկնում ենք՝ նախկինում է այդպես եղել:
Իսկ ներկայումս Հայաստանի տնտեսությունը ծանր կացության մեջ է հայտնվել, քանի որ ընդհանուր կառուցվածքը փոխվել է. գրեթե զրոյական է դարձել (90 տոկոսի անկում է արձանագրվել) դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը: Իսկ այս դեպքում հիմնական խոսքը գնում է խմիչքների, ձկնամթերքի եւ կաթնամթերքի արտահանման մասին: Մասնավորապես, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանից դեպի ՌԴ է արտահանվել 65 միլիոն 279 հազար 500 դոլարի ապրանք, այս տարի` 1 միլիոն 380 հազար դոլարի: Այսինքն՝ կարելի է ասել, որ 2015-ին Հայաստանից գրեթե ոչինչ չի արտահանվել ՌԴ եւ միայն ներկրվել է: Արտահանման անկման հետ մեկտեղ Հայաստան եկող գումարները եւս կտրուկ պակասել են: Ինչպես արդեն հայտնի է՝ միայն առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է ավելի քան 110 միլիոն դոլարով: Այսինքն՝ Հայաստանի արհեստական շնչառությունը կամաց-կամաց անջատվում է, եւ մեր տնտեսությունը սկսում է շնչահեղձ լինել, քանի որ նրա թոքերն անցած տարիներին չեն սովորել ինքնուրույն գործել:
Նշենք, որ Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը հիմնականում արտաքին գործոններով է պայմանավորված, որոնց վերջը տեսանելի հեռանկարում չի երեւում: Ուստի ակնհայտ է, որ եթե առաջիկայում մեր տնտեսությունում հեղափոխական փոփոխություններ տեղի չունենան, մասնավորապես, լիակատար ազատականացում, ապա Հայաստանին առջեւում շատ ծանր ժամանակներ են սպասում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

 
ՈՎ ԿԳՆԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՏՈՒՆԸ
Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում աճուրդի կհանվի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ աճուրդը նշանակված է մայիսի 5-ին: Ուշագրավ է, որ հենց այդ օրը Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում պետք է մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագին: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ի՞նչ ճակատագիր է սպասում գրողի տանը, արդյո՞ք հայկական կողմը քայլեր է ձեռնարկում մեծանուն գրողի տունը գնելու եւ այնտեղ տուն թանգարան հիմնելու ուղղությամբ: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ նախարարությունը հետամուտ է շահագրգիռ կազմակերպությունների եւ մարդկանց ուշադրությունը խնդրի վրա կենտրոնացնելուն: «Մայիսի 5-ին հնարավոր կլինի ձեռք բերել, թե ոչ, մենք նման տեղեկություն չունենք: Տեսնենք… Դեռ չենք կարող որեւէ մեկնաբանություն տալ, առայժմ ոչինչ ասել չենք կարող»: Հիշեցնենք, որ 2729 W. Griffith Way հասցեում գտնվող տանը Սարոյանն ապրել է 17 տարի: Նրա մահից հետո տունը եւս 3 տեր է ունեցել, ապա վարձով է տրվել: Տունը կառուցվել է 1964-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները փորձում են ԱՄՆ-ի հայ համայնքին համոզել, որ նրանք տունը գնեն եւ դարձնեն մեծանուն հայ գրողի տուն-թանգարանը, որպեսզի այն այլեւս ձեռքից ձեռք չանցնի:

 

3 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՅՑ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 21-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի: Նրանից բացի՝ նույն գործով պատասխանող են նաեւ «Նավթ Ինվեստ» ՍՊԸ-ն եւ «Ունիկո» ՍՊԸ-ն: Բանկը դատարանից պահանջել է պատասխանողներից բռնագանձել շուրջ 1 միլիարդ 530 միլիոն դրամ, կամ նույն է թե՝ մոտ 3 միլիոն 180 հազար դոլար: Ի դեպ, «Ամերիաբանկ»-ը միջնորդել է պատասխանողների գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել՝ որպես հայցի ապահովման միջոց, սակայն գործով նախագահող դատավոր Գագիկ Խանդանյանը մերժել է այն: Դե, իհարկե, Խանդանյանը Սադոյանի եղբոր քավորի՝ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին է, հո բանկին չէ՞ր ընդառաջի:
Այնուամենայնիվ, դատական գործի հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք Ռուբեն Սադոյանին, սակայն վերջինս ասաց, թե մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, եւ ինքը նշված ընկերությունների հետ կապ չունի: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հակառակն են պնդում:

 

ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր խորհրդարանը ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում մեկ տասնյակից ավել օրինագծեր են ներառված եւ միջազգային մի քանի պայմանագրեր: Սակայն ամենամեծ ինտրիգն այն է՝ արդյո՞ք այս նիստի ընթացքում համաներման նախագիծ կներկայացվի ԱԺ, թե՞ ոչ:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՌՆՎԱԶՆ ԻՐԱԶԵԿԵՑԻՆՔ
Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ ներկայացրել է հարյուրամյակի միջոցառումների շարքը, որոնք շարունակվելու են մինչեւ տարեվերջ, անգամ մինչեւ մյուս տարի: Կայանալիք միջոցառումներից նա առանձնացրել է հունիսին Կաննում տեղի ունենալիք միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ մեծարվելու է Կոմիտասի ժառանգությունը: Հայաստանն այնտեղ ներկայացված կլինի հատուկ հրավիրյալի կարգավիճակով: Իսկ հուլիսին Երեւանում կկայանա միջազգային ցեղասպանագետների 12-րդ համաժողովը, որին մասնակցելու համար գրանցվածների թիվն արդեն հասնում է 400-ի: Սարգսյանի գնահատմամբ` մեր առջեւ դրված ամենակարեւոր` իրազեկման խնդիրը, լիարժեք կատարվել է:

 

ՄԵԿԵՆԱՍԸ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ Է
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում նկարահանված եւ նկարահանվող ֆիլմերին եւ պատասխանելով «Ազատության» հարցին, թե դրանք ի՞նչ միջոցներով են ստեղծվում, ասել է, որ կինոարտադրության ոլորտում մեկենասը Սամվել Ալեքսանյանն է: Նա հատուկ ընդգծել է, որ կինեմատոգրաֆիայի ոլորտում պետությունը պատվեր չի իջեցրել, քանզի համոզված է, որ պատվերը կծառայեր քարոզչական նպատակին՝ ստվերելով գեղարվեստական արժեքը:

 

ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ԿՔՆՆԱՐԿԵՆ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 6¬ին քննարկման կդնի Հայոց ցեղասպանության մասին խորհրդարանի երեք խմբակցությունների բանաձեւերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը հայտնել է, որ դեռեւս հայտնի չէ` իշխող երկու կուսակցությունների եւ ընդդիմադիրների կողմից առաջ քաշված երեք բանաձեւի քննարկման արդյունքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում կկայացնի՞ ստեղծել մեկը, թե ոչ: «Մենք, իհարկե, չորս խորհրդարանական խմբակցությունների կողմից լսեցինք ազդեցիկ եւ խրախուսական հայտարարություններ ապրիլի 24-ին: Սակայն դրանք շարունակում են մնալ անձնական տեսակետներ այնքան ժամանակ, քանի դեռ գերմանացի օրենսդիրները չեն քվեարկել բանաձեւի օգտին (որն, ի դեպ, լինելու է ոչ օրենսդրական կամ ոչ պարտադիր):

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Երեկ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան եւ բոլոր արցախցիներին ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ:

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ
«Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ եւ մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան»,- «Արմենպրեսին» ասել է ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը: Նշենք, որ արդեն իսկ ԼՂՀ Աժ ընտրությունները չճանաչելու մասին կոշտ հայտարարություններով են հանդես եկել Ուկրաինան, Վրաստանը, Չեխիան եւ այլ երկրներ:




Լրահոս