ԶԱՆԳՈՎ ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՉԿԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով 2014թ տարեկան զեկույցին, ասաց, որ չի վախեցել եւ չի վախենում հրապարակային պատերազմել զեկույցի 500 էջի ամեն տառի եւ բառի համար:

-Պարո՛ն Անդրեասյան, ապրիլի 3-ին հրապարակեցիք Ձեր՝ 2014 թվականի տարեկան զեկույցը, սակայն երբ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարարներին, հարցեր ենք ուղղում, պարզվում է, որ ոչ ոք այն չի ընթերցել, ըստ Ձեզ՝ ո՞ն է այս անտարբերության պատճառը:
-Թույլ տվեք չհամաձայնել, որ անտարբերություն կա, միգուցե կան առանձին գերատեսչության ղեկավարներ, որոնք չեն կարողացել ծանոթանալ, որովհետեւ հսկայածավալ աշխատանք է: Ես նախարարների հետ իմ անձնական շփումներում տեսնում եմ, որ բացարձակ չկա անտարբեություն, ավելին` չկա նախկինում տարածում գտած ցանկությունը` չտեսնել խնդիրները: Ժամանակին, եթե միակ պաշտպանությունը քննադատությունից ջայլամի քաղաքականություն էր, ապա այսօր տեսնում ենք ճիշտ հակառակը. դրական տեղաշարժ կա:
-Չնայած նշում եք, որ անտարբերություն չկա, սակայն անգամ 17 օր անց, երբ նախարարներից հետաքրքրվում ենք իրենց ոլորտում առկա խնդիրներից, նշում են, թե չեն կարդացել կամ կիսատ են կարդացել: Բացի այդ՝ նկատենք, որ անգամ այս տարիների ընթացքում կան հարցեր, որոնք Դուք մշտապես Ձեր զեկույցում բարձրաձայնել եք, բայց սայլը տեղից չի շարժվել: Օրինակ՝ Յուրի Վարդանյանի՝ սպորտի նախարար լինելու տարիներին Դուք զեկույցում նշել էիք, որ մարզիչների պատրաստվածության առումով լուրջ խնդիր կա, նույնը այս տարվա զեկույցում եք նշել, մի՞թե սա անտարբերության նշան չէ, երբ խնդրին լուծում չի տրվում:
-Թե ինչ նկատի ունեն իրենք, որ չեն կարողացել ծանոթանալ, կփորձեմ ընդհանրական ներկայացնել: Իմ կարծիքով՝ իրենք սպասում են իրենց վարչության պետերի, տեղակալների ոչ միայն զեկույցի հիմավորումների բաժնին ծանոթանալուն, այլեւ նրանց կողմից ներկայացվող փաստարկներին, հակադարձումներին` արվածի կամ չարվածի մասով: Իմ նպատակն այս պահին իմ գործընկերներին կամ որեւէ գերատեսչության ղեկավարին արդարացնելը չէ, ուղղակի ցանկանում են բացատրել, որ այս աշխատանքը 17, 30 օրվա աշխատանք չէ: Եթե տարին ավարտվի, ու մենք այդպես էլ տեսնենք, որ իրենք չկոնկրետացան, չխորացան այս խնդիրների մեջ, ապա այս ամենը լուրջ մտահոգության տեղիք կտա: Նշեմ, որ այս տարի մենք խուսափել ենք զեկույցը մեկնաբանելուց:
-Ինչո՞ւ, վախեցե՞լ եք: Ի վերջո, ամեն տարի մեկնաբանելուց հետո գերատեսչությունների ղեկավարների հետ սկսվում էր «կռիվ կինո»:
-Եթե քիչ թե շատ հետեւել եք իմ աշխատանքին, պետք է որ տեսած լինեք, որ ես նման բաներից չեմ վախեցել եւ հիմա էլ չեմ պատրաստվում վախենալ, մենք պատրաստ ենք մինչեւ վերջին շունչը, վերջին վայրկյանը հրապարակային, եթե պետք լինի, պատերազմել ամեն բառի, տառի համար, որը գրված է այս 500 էջերում, միեւնույն ժամանակ պատերազմը կամ փոխադարձ հարձակումները մեր ցանկալի մեթոդոլոգիան չէ:
-Եղե՞լ են դեպքեր, որ նախարարները «ներքին կարգով» զանգահարեն եւ վիճեն Ձեզ հետ կամ փորձեն «զանգով հարց լուծել», որ իրենց ղեկավարած կառույցին մեղմ վերաբերվեք:
-Այս տարի՝ ոչ:
-Իսկ մինչ ա՞յս:
-Նախորդ տարիներին մարդիկ դեռ փորձ չունեին ինձ հետ աշխատելու: Կային մարդիկ, որ խնդիրները ցանկանում էին կարգավորել անձնական հարթությունում, մի քանի այդպիսի դեպքեր եղան, հիմա աձնավորված մոտեցումներ չկան, զանգով հարցեր չեն լուծվել եւ չեն լուծվելու:
-Կարծիքներ կան, որ Ձեր օմբուդսմեն դառնալուց հետո այս ինստիտուտի դերը, այնուամենայնիվ, հանրության շրջանում գրեթե զրոյական է դարձել:
-Համաձայն չեմ, բայց ինչ-որ մարդկանց գնահատականները կարող են հնչել, կարեւորը որ ազատ հնչեն, իսկ ես կոչված եմ ոչ թե այդ գնահատականները հերքելուն, այլ պաշտպանելուն: Կարող եմ ասել, որ ինստիտուտի կայացման մասով վկայում են թվերը, թե ինչքան մարդ է մեզ դիմում եւ վստահում, թե ինչքան է փոխվել պետական մարմինների վերաբերմունքը մեր դիտողությունների, առաջարկությունների վերաբերյալ, չէ՞ որ ինստիտուտի կայացումը արդյունք տալն է, եւ այդ արդյունքը կա:
-Այս տարվա ապրիլի սկզբին կալանավորվեցին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամները եւ երեկ ազատ արձակվեցին: Հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ նրանց իրենց քաղաքական գործունեության համար էին անազատության մեջ պահում: Իշխանությունների ներկայացուցիչներն էլ առանձնապես չէին թաքցնում դա: Ավելին՝ այս ընթացքում հրապարակվեցին, որ ՔԿՀ-ում որոշակի պրոցեսներ էին տեղի ունենում. քրեական տարրերը ՔԿՀ-ներում անհանգստացնում էին ՀԽ անդամներին՝ պատճառաբանելով, որ ՀԽ անդամներն են մեղավոր, որ համաներման ակտը հետաձգվում է:
-Մենք ոչ միայն հետաքրքրվել ենք, այլ տասնյակ այցեր ենք կատարել ե՛ւ ձերբակալման պահերին, ե՛ւ ՔԿՀ-ներում: Հրապարակել ենք մեր աշխատանքը եւ վերաբերմունքը որքանով կարող էինք, քանի որ նախաքննությունը եւ դատաքննության փուլերում մեր իրավասությունները սահմանափակ են: Բազմիցս նշել եմ հասարակական քաղաքական գործունեության հետ կապված, երբ քաղաքական իրավունքներն են իրացվում, եւ դրանից հետո լինում են խնդիրներ, մենք առանձնահատուկ մտահոգություններ ունենք այստեղ: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, այս փուլում մենք իրավասություն չունենք ասել՝ կոնկրետ կալանավորումը արդարացի էր, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ դատաիրավական համակարգը ոչ միայն պարտավորություն ունի օբյեկտիվ իրականացնել քննություն եւ արդարացի որոշում կայացնել, այլ պետք է հիմնավոր ներկայացնել հասարակությանը եւ միջազգային գործընկերներին, որովհետեւ ողջամտության սահմաններում պետք է մատուցվի, թե ինչպիսին էր այն իրավախախտումը, որի համար «Հիմնադիր խորհրդարանի» անդամները կալանավորվեցին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ զրույցի մանրամասները կարող եք դիտել վաղը՝ armlur.am լրատվական կայքում:

 

 

 

 

ԵՎՍ ՄԵԿԻՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ
Այսօր լրանում է 2013 թվականի նոյեմբերի 5-ի տեղի ունեցած միջադեպի գործով մեկուկես տարվա ազատազրկման դատապարտված Սեւակ Մնացականյանի պատժի կրման ժամկետը: Նա կալանավայրից ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ այս գործով «Ցեղակրոն Կուսակցության» նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, նրա որդին` Շահեն Հարությունյանը` 4 տարվա ազատազրկման, բայց նրա պատիժը պայմանական չի կիրառվել: Այս գործով դատապարտվել են նաեւ Վահե Մկրտչյանը` 7, Արթուր Մարգարյանը` 6, Վարդան Վարդանյանը` 5, Լիպարիտ Պետրոսյանը` 5, Ավետիս Ավետիսյանը` 5, Հայկ Հարությունյանը` 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը` 4, Մկրտիչ Հովհաննիսյանը` 4, Արմեն Հովհաննիսյանը` 2 եւ Տիգրան Պետրոսյանը` 1 տարվա ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանը` 50 հազար դրամ տուգանքի:

 

ՉԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ, ԲԱՅՑ ՔՆՆՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է, երբ փետրվարի 2-ին ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կալանավորվեց, մի քանի օր անց քրեական գործ հարուցվեց նաեւ նրա որդիների` Արմեն եւ Արայիկ Հակոբյանների դեմ, իբր թե մարդկանց առեւանգելու եւ պատանդի կարգավիճակում պահելու փաստի առիթով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործով որպես տուժող անցնող անձինք քննիչներին տված ցուցմունքներում հերքել են իրենց առեւանգելու մասին տեղեկությունները եւ ասել, որ նման բան չի եղել, եւ իրենք որեւէ բողոք չունեն:
Հիշեցնենք, որ քննության առիթ էին դարձել այն տեղեկությունները, ըստ որոնց, Արմեն եւ Արայիկ Հակոբյանները փետրվարի 6-ին առեւանգել էին իրենց հորը պատկանող «Ուրախ եւ Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գեւորգյանին եւ հաշվապահ Հերիքնազ Ակունցին եւ որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյանի ինչ-որ բնակարանում: Ինչը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, վերջիններս հերքում են: Բայց դա չի խանգարում, որ իրավապահները քննությունը շարունակեն:

 

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Այս մասին երեկվա խորհրդակցության ընթացքում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետը: Նրա զեկուցմամբ` մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ:

 

ՔԱՄԻՆԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ
Մայիսի 5-ի գիշերը, 7-ի եւ 9-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ին արեւելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Մայիսի 6-ի գիշերը, 7-ի գիշերը, 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ին կնվազի 2-3 աստիճանով, 6-7-ին էապես չի փոխվի, 8-9-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

 

ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ
ԱԺ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում, ՄԻՊ 2014-ի զեկույցի քննարկման ընթացքում օմբուդսմենի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության սարսափելի պատկեր է ներկայացրել: Ըստ նրա` «Վարդաշեն» ՔԿՀ-ի շենքը նախատեսված է 154 ազատազրկված պահելու համար, սակայն օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների այցի ժամանակ փաստացի եղել է 214 ազատազրկված, «Կոշում» առավելագույնը 640 պետք է լիներ, այցի պահին փաստացի գտնվել է 739 ազատազրկված: Գերբեռնված են եղել նաեւ «Սեւան», «Հրազդան» ՔԿՀ-ները: Խաչատրյանի ներկայացմամբ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում այցի պահին պահվել է 18 ազատազրկված, մինչդեռ խցում տեղադրված է եղել 12 մահճակալ. «1 քմ-անոց խցեր կան, որտեղ բնակվում են 4 հոգի, 8 հոգի, 18 եւ ավել անձինք: Քրեական աշխարհի ներկայացուցիչներ կան՝ «զոն նայողներ», եւ, ըստ երեւույթին, դա է պատճառը, որ մի խցում 4 կալանավոր է, մյուսում՝ 18»,- ահազանգել է իրավապաշտպանը:




Լրահոս