ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԶՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը երեկ համայնքների խոշորացման թեմայով լսումներ էր կազմակերպել:

Ինչպես «Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր՝ Կառավարությունը պատրաստվում է Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներ միավորել: Չնայած այս ծրագիրը փորձնական` պիլոտային է, սակայն հաջողելու դեպքում Կառավարությունը մտադիր է շարունակել խոշորացման ծրագիրը:
Նշենք, որ խոշորացման ենթակա գյուղերի բնակիչներն ու գյուղապետերը հիմնականում դեմ են այս ծրագրին եւ իրենց մտահոգությունները բազմիցս են արտահայտել: Շատերի կարծիքով այս ծրագրի իրագործման արդյունքում առանց այդ էլ սոցիալական խնդիրներ ունեցող բնակավայրերում աշխատատեղերը կպակասեն, եւ հիմնահարցերը կավելանան:
Նշենք, որ մայիսի 17-ին ծրագրում ներառված համայնքներում տեղական հանրաքվե տեղի կունենա, որի ընթացքում էլ պարզ կլինի բնակչության տեսակետը: Հետաքրքրական է, որ պետությունը 45 միլիոն դրամ է նախատեսել՝ երեք մարզերում քվեարկություններ կազմակերպելու համար, այն դեպքում, երբ տեղական հանրաքվեն պարզապես խորհրդատվական նշանակություն է ունենալու: Այսինքն՝ համայնքի բնակիչների՝ քվեարկությամբ արտահայտված կարծիքը իրավական ուժ չի ունենալու, եւ հետագայում Ազգային ժողովն այս ծրագիրը կարող է հաստատել` առանց հաշվի առնելու բնակչության տեսակետը:
Համայնքների խոշորացման ծրագիրը հերթական գլխացավանքը կարող է դառնալ գյուղացիների համար: Կառավարությունը ներկայացնում է առաջին հայացքից օբյեկտիվ թվացող հիմնավորումներ` համայնքների միացմամբ կառավարումն ավելի արդյունավետ կդառնա, միջոցները կտնտեսվեն, գյուղերի բնակիչներին դա միայն օգուտ կբերի եւ այլն: Սակայն ակնհայտ է, որ Կառավարության անդամներն ու մարզպետներն ակտիվորեն պաշտպանում են այս ծրագիրը նաեւ այն պատճառով, որ դրա համար գրանտներ են ստացել: Հայտնի է, որ համայնքների խոշորացումը գրանտային ծրագիր է, պետությունը դրա համար փող է ստացել եւ այն պետք է իրագործի:
Երեկ էլ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ամեն կերպ ցանկանում էր ներկայացնել համայնքների խոշորացման ծրագրի դրական կողմերը. «Որեւէ գյուղապետի հաստիք չենք կրճատում եւ գյուղի բոլոր լիդերներին տեսնում ենք իրենց պաշտոններում, եթե, իհարկե, իրենք իրենց համայնքների կոնցեպցիայում գյուղի վստահությունը կարողանան ունենալ»,- հայտարարեց Տերտերյանը:
Քննարկման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Սահմանադրությանը հղում են կատարում, որ համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են միացվել կամ առանձնացվել: Ինչպե՞ս է չափվում հանրության շահը, ո՞վ է չափում, ի՞նչ չափորոշիչներով: Որքանո՞վ է տրամաբանական, տեղին ու ճիշտ տեղական հանրաքվեի արդյունքները հաշվի չառնելը կամ այդպիսի փորձ անելը, արդյո՞ք դա նպաստում է երկրում ժողովրդավարության զարգացմանը: Պիլոտի մասին երբ խոսում ենք, ինչո՞ւ մեկ պիլոտ էլ չի կիրառվում շրջանային կառավարման վերաբերյալ, որպեսզի համեմատության մեջ տեսնենք, թե որ մոդելն է ավելի արդյունավետ: Ինչո՞ւ ենք վերցրել միայն փնջային կառավարման մոդելը: Սահմանադրական փոփոխությունների գործընթացի ներկա փուլում որքանո՞վ է տրամաբանական նման հապճեպ քայլ կատարելը` չսպասելով սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են տեղական ինքնակառավարման մոդելի փոփոխություն»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Գյուղապետերն էլ, որպես բացասական հետեւանք, ի թիվս այլ գործոնների, նշում են, թե համայնքների խոշորացման հետեւանքով, օրինակ, հասարակ տեղեկանքի համար պետք է ահագին ճանապարհ կտրեն, գնան մյուս կենտրոն համարվող գյուղ, որ համայնքապետարանից իրենց ցանկացած թուղթը բերեն: Որպես բացասական հետեւանք հաճախ նշվում է նաեւ ռեսուրսների բաժանման խնդիրը, մասնավորապես` արոտավայրերը, որոնք համայնքների խոշորացումից հետո ընդհանուր են լինելու եւ կարող են բնակիչների միջեւ կոնֆլիկտային իրավիճակների պատճառ դառնալ:
Այս ամենին ի պատասխան` Կառավարությունից անընդհատ կրկնում են, որ խոշորացման արդյունքում ծախսերի կրճատում է լինելու: Այսինքն՝ ստացվում է, որ Կառավարությունում մտահոգված չեն համայնքների ապագայով, առաջնախնդիրը ծախսերի կրճատումն է: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնենք, թե այդ կրճատումն ինչպես է լինելու. եթե նախկինում գյուղապետարանում աշխատում էին 5 հոգի, իսկ մանկապարտեզներում,օրինակ, 10 դաստիարակչուհի, ապա խոշորացման արդյունքում աշխատելու է դրա ուղիղ կեսը, կամ կեսից էլ քիչ մարդ: Ստացվում է, որ ծախսերը տնտեսվելու են մարդկանց օրվա հացի համար աշխատած գումարի հաշվին:
Միով բանիվ, հերթական անգամ հայրենի Կառավարությունը հոնքն ուղղելու փոխարեն աչքն է հանելու` այս անգամ դրամաշնորհային մղումներից ելնելով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՆ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ
Մայիսի 3-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղում բացվել են Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից սերված մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանները եւ երեք խաչքարեր, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի, արցախյան ազատամարտում եւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: Նախկինում ադրբեջանաբնակ Վերին Քյորփլու գյուղում են հաստատվել հռչակավոր Չարդախլու գյուղից փախստականները, գյուղը վերանվանվել է Զորական: Միջոցառմանը մասնակցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը, որում նա շնորհակալություն է հայտնել հուշարձանը կառուցողներին, ողջունել միջոցառման մասնակիցներին: Զորականում հուշարձանների կառուցումը նախաձեռնել եւ հովանավորել են Ռուսաստանում բնակվող մի խումբ չարդախլվեցիներ, ովքեր միջոցառման ժամանակ պարգեւատրվել են «Մարշալ Բաղրամյան» եւ «Ծովակալ Իսակով» մեդալներով: Չադախլուն առանձնահատուկ գյուղ է իր տված ռազմական հրամանատարներով, որոնց փառքը խորհրդանշում են վերոհիշյալ հուշարձանները: Վերջին տարիներին Տավուշի գյուղերում տասնյակ հուշարձաններ եւ եկեղեցիներ են կառուցվել: Սահմանագոտու բնակիչները շատ են դժգոհում՝ բավ է եկեղեցիներ եւ տարբեր հուշարձաններ կառուցեք, այդ գումարներով գյուղերում փոքր արտադրություններ հիմնեք, աշխատատեղեր բացեք, որ հեռավոր մարզի բնակիչները ստիպված չլինեն Ռուսաստան, նույնիսկ Սիբիրի խորքերն ու Հեռավոր Արեւելք «խոպան» գնալ: Լրատվամիջոցներով գովազդվում են այն ընկերությունների հեռախոսահամարները, որոնց ավտոբուսները կամ միկրոավտոբուսները մարդկանց Ռուսաստան են հասցնում: Սահմանամերձ գյուղերում տասնյակ տներ դատարկ են, շատերում հազիվ շունչը բերաններին զառամյալներ են մնացել: Տավուշի մարզի գյուղերը աշխատատեղերի բացակայությունից զատ՝ բազում հիմնախնդիրներ ունեն՝ համայնքային քարուքանդ ճանապարհներ, խմելու ու ոռոգման ջրի պակաս եւ այլն: Բնակիչները գոհ կլինեն, եթե արտերկրի եւ Հայաստանի մեծահարուստները եկեղեցի եւ հուշարձան կառուցելու, այդ կերպ իրենց անունը փառաբանելու փոխարեն սկսեն իրենց փողերը նման ծրագրերին ուղղել: Նրանց համոզմամբ` այ, դա իսկապես հայրենասիրական գործ կլինի, իրական բարեգործություն:

 

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՑՈՒԼԸ
Օրերս 5 տարեկան մեծ ցուլը կոխկրտել էր Նոյեմբերյան քաղաքի 81-ամյա բնակիչ Գ. Շ.-ին: Ծեր տղամարդը ստացած վերքերից 15 օր անց մահացել է: Նշենք, որ նրա կինը մահացել էր դրանից մոտ 2 ամիս առաջ: Այդ ժամանակ ծեր տղամարդուն համոզել են, որ կնոջ հոգեհացի համար ցլիկը մորթեն, սակայն նա չի համաձայնել: Փաստորեն, այդ որոշումը ճակատագրական եղավ ծեր նոյեմբերյանցու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, ասվում է մեր հարեւան Վրաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարությունների տարածած հայտարարությունների մեջ:

Ինչպես նշում է Վրաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» խորհրդարանական ընտրությունների անցկացումը «միջազգային իրավունքի լուրջ խախտում է»: Միեւնույն ժամանակ հատուկ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, թե ԼՂ հակամարտության կողմերը կշարունակեն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրել:
Ուկրաինան եւս չի ճանաչել ԼՂ խորհրդարանական ընտրությունները՝ դրանք անվանելով ապօրինի: Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ընտրությունների արդյունքները չեն կարող ունենալ օրինական հետեւանքներ»,- նշվում է հայտարարության մեջ: Գերատեսչության մամլո ծառայությունից հայտնել են նաեւ, որ Ուկրաինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ԱՄՆ-ն հայտարարել էին քվեարկության արդյունքները չճանաչելու մասին:
Թուրքիան եւս հայտարարել էր, որ մայիսի 3-ին կայացած Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները «լեգիտիմ չեն»:
Այս պատկերը վկայում է այն մասին, որ Հայաստանը եւ Արցախը արտաքին PR-ի հարցում դեռ լուրջ անելիքներ ունեն: Մենք աշխարհին ապացուցելու եւ ներկայացնելու շատ բաներ ունենք, այնպես որ, դիվանագիտական կորպուսը պետք է լծվի ակտիվ աշխատանքի:




Լրահոս