«Բաց նամակս ուղղված է Սերժ Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Մինչ այս դեպքը կարծում էի, որ միայն ադրբեջանցին է ընդունակ հային եւ նրա ընտանիքին զրկել հացից, սակայն պարզվում է` ոչ միայն… Իմ ընտանեկան անախորժությունները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Համլետ Խլղաթյանը համարեց իր անձնական ողբերգությունը եւ որոշեց ինձ զրկել աշխատանքից: Հիմնարկի պետն ինձ պարտադրեց գրել աշխատանքից ազատվելու մասին զեկուցագիր ՀՀ ՔՀԿ վարչության պետ Հայկ Հարությունյանին: Ի դեպ, այս պահին վերջինիս կարգադրությամբ ընթանում է ծառայողական քննություն:
Առաջ ընկնելով վարչության պետից` Հ. Խլղաթյանն ինձ ազատեց աշխատանքից՝ չվճարելով աշխատավարձս: Ընտանեկան անախորժություններից դրդված, ոչ հարգելի պատճառով մի քանի օր բացակայել եմ աշխատանքից: Ընդունելով իմ մեղքը` պետի հրամանով արժանացա գրավոր նկատողության: Միաժամանակ պետը ստիպեց ինձ գրել ազատման զեկուցագիր կամ ինձ հեռացնել աշխատանքից: Նրա բանավոր հրամանով հանձնեցի ծառայողական վկայականս: Այդ օրվանից Խլղաթյանն ինձ թույլ չտվեց մտնել հիմնարկ: Այնուհետեւ նա առաջարկեց զեկուցագիրս փոխել, գրել նույնաբովանդակ դիմում, բայց առանց ամսաթվի առկայության: Հետագայում չգիտես ում կողմից իմ զեկուցագրի տակ դրվել է ցանկալի ամսաթիվը, որի պատճառով ես կանգնել եմ փաստի առաջ: Այդ ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այս հակասությունը հարթելու նպատակով դիմել եմ Խլղաթյանին՝ խնդրելով վերականգնել աշխատանքս: Հույս ունեի մինչ Հ. Հարությունյանի պաշտոնական պատասխանը հարթել իրավիճակը: Սակայն հիմնարկի պետը մերժեց ինձ: Սահմանված օրենքով մինչ պաշտոնապես գործից ազատվելը ես պարտավոր էի ներկայանալ ծառայության, սակայն Խլղաթյանն արգելեց՝ պատճառաբանելով, որ ես չունեմ ծառայողական վկայական: Այսպիսով՝ խախտվեց աշխատողի իմ իրավունքը, ինչի համար էլ դիմում եմ Ձեզ:
Ավելորդ չեմ համարում ասել, որ 2001թ. մինչ այս դեպքը աշխատել եմ «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Ոչ մի գրավոր եւ բանավոր նկատողություն չեմ ստացել: Աշխատել եմ մաքուր խղճով՝ բարձր պահելով ուսադիրներիս պատիվը եւ իմ արժանապատվությունը: Անբասիր ծառայության համար արժանացել եմ մեդալի: Հավատացե՛ք, իմ կարգավիճակում գտնվող անձը երբեք ինքնակամ ազատման զեկուցագիր չէր գրի, քանի որ այս աշխատանքը կենսական նշանակություն ունի ոչ միայն իմ, այլեւ իմ ողջ ընտանիքի համար: Տան միակ աշխատողն եմ, ապրում եմ վարձով: Իմ խնամքին են կենսաթոշակառու հիվանդ մայրս եւ երկու անչափահաս երեխաներս: Թե ինչպես կարող եմ հոգալ իմ ընտանիքի հարցերը, դեռեւս չեմ պատկերացնում, բայց գիտեմ մի բան, որ երեխաներիս նկատմամբ ֆինանսական եւ բարոյական պարտականություններ ունեմ: Դեռեւս ծառայողական քննությունն ավարտված չէ, սակայն Խլղաթյանի կարգադրությամբ ինձ աշխատավարձ չեն տալիս, հիմնավորում են վիճելի ժամանակահատվածում իմ` ծառայության չներկայանալու հանգամանքով:
Հարգարժա՛ն Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան եւ Կարեն Անդրեասյան, խնդրում եմ գնահատական տալ «Վարդաշեն» ՔՀԿ-ի պետ Համլետ Խլղաթյանի գործողություններին եւ նշանակել Ձեզ մոտ ընդունելության օր»:
մասնագետ, ավագ լեյտենանտ Սարգիս Այվազյան