ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի թվով ութ գյուղերի` Զորակերտի, Զարիշատի, Ծաղկուտի, Շաղիկի, Արդենիսի, Բերդաշենի, Ալվարի եւ Գառնալիճի բնակիչներն օրերս բողոքի ակցիա անցկացրին Բերդաշեն գյուղում: Բանն այն է, որ նույն մարզում գործող կաթի վերամշակման ընկերությունները գյուղացիներին տեղեկացրել են, որ մայիսի 1-ից սկսած մեկ լիտր կաթը մթերելու են 150 դրամով` նախկին 170 դրամի փոխարեն:

Դժգոհող գյուղացիների խոսքերով՝ իրենց եկամտի հիմնական աղբյուրը կաթն է, եւ իրենք կտուժեն, եթե մեկ լիտրը 150 դրամով մթերեն: Իսկ, ահա, կաթ վերամշակող ընկերություններն էլ իրենց հերթին պատճառաբանում են, որ ծախսերը շատ են, եւ նախկին գինը պահելու դեպքում իրենք իրացման հետ կապված խնդիրներ կունենան:
«Բանդիվան կաթ» ընկերության վաճառքի բաժնի տնօրեն Արման Հովակիմյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք առայժմ որոշել են կաթի մթերման գինը 10 դրամով նվազեցնել: «Մինչդեռ հանրապետության տարբեր տեղերում ընկերությունները բնակիչներից 130-140 դրամով են կաթ մթերում: Իսկ մենք 170-ից ընդամենը իջեցնում ենք 160 դրամ: Այդքան բարձր գին ոչ մի տեղ չեն առաջարկում: Այսօր տեղական շուկայում պանիրը 300-400 դրամով էժանացել է: Ամեն մեկ լիտր կաթի տասը դրամը պանրի մեջ 100 դրամ ինքնարժեք է բարձրացնում: ճիշտ է՝ բնակիչները բողոքում են, բայց չեն պատկերացնում, որ Հայաստանում ամենաթանկ կաթն իրենք են վաճառում: Օրինակ՝ Սյունիքի եւ Լոռու մարզերում մարդիկ մեկ լիտր կաթը 130 դրամով մթերում են: Միեւնույն է՝ մեր ընկերությունն այսօր Հայաստանում կաթի մթերման բարձր գին է առաջարկում բնակիչներին: Այսօր շուկան է թելադրում՝ որքանով ապրանքը ձեռք բերես եւ որքանով այն վաճառես»,- ներկայացրեց «Բանդիվան կաթ»-ի ներկայացուցիչը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ ընկերությունն առայժմ Հայաստանից պանիր չի արտահանում: «Մտադրություն ունենք արտահանելու, բայց մեր արտադրանքի գինը ռուսական շուկայի համար բարձր է: Բացի այս, որոշակի խնդիրներ կան՝ ինչպես դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման, այնպես էլ ռուբլու փոխարժեքի տատանումների հետ կապված: Այսօր ՀՀ-ում գործող բոլոր գործարանները ֆինանսապես լավ վիճակում չեն: Մենք էլ այս կերպ փորձում ենք գոնե վաճառք ունենալ»,- նշեց Հովակիմյանը: «Ժողովուրդ»-ը կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերության ներկայացուցչից տեղեկացավ նաեւ, որ վերջին ամիսներին պանրի ընդհանուր վաճառքի ծավալները նվազել են:
Իսկ, ահա, Ամասիա պանրի գործարանի ներկայացուցիչը, ով ներկայացավ Վարդան, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը հստակ որոշել է՝ կաթի մթերման գինը 20 դրամով են նվազեցնելու: «Ծախսերը շատ են, իսկ պանիրն էլ էժանանում է: Կաթը գնում ենք 170 դրամով, բայց պանիրը վաճառում 1700 կամ 1800 դրամով, որն էլ ընկերության ծախսերը չի փակում»,- դժգոհեց «Ամասիա» պանրի գործարանի ներկայացուցիչը:
Նշենք, որ այս ընկերությունն այս տարի արդեն հասցրել է մեկ անգամ պանիր արտահանել Ռուսաստանի Դաշնություն: «Նախորդ տարի մենք Վրաստան մի 2000 կգ պանիր արտահանեցինք, բայց չարդարացրեց: Այս տարի ՌԴ մեկ անգամ պանիր արտահանել ենք, ուղղակի այստեղ էլ գումարները ուշ են վերադարձնում եւ աշխատում են ռուբլիով, որը նույնպես խնդիրներ է առաջացնում մեզ համար»,- տեղեկացրեց նա:
Բերդաշենի գյուղապետ Համբարձոււմ Ախցխեցյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մարզպետը տեղյակ է խնդրին եւ բանակցություններ է վարել գյուղատնտեսության նախարարի տեղակալների հետ: Արդյունքում՝ երեկ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանն այցելել է Բերդաշեն եւ հանդիպել բնակիչների հետ: Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այս խնդիրը կլուծվի միայն բնակիչների եւ կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների փոխզիջման արդյունքում: «Բնակիչներն իրենք իրենց պահանջներն են դնում, իրենք պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն միայն վերամշակող ընկերությունների հետ: Շուկայական հարաբերություններ են, պետք է իրենք իրար հարմարվեն»,- փոխանցեց փոխմարզպետը:
Հ.Գ. Թեեւ պանիր արտադրող ընկերությունները պնդում են, որ տեղական շուկայում պանրի գինը 300-400 դրամով էժանացել է, սակայն դա նկատելի չէ խանութներում եւ սուպերմարկետներում, որտեղ գնային նման փոփոխությունները բացակայում են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՋԱԿՑԵՆ
Այս տարի Շիրակի մարզից 150 գյուղաբնակ ընտանիքներ կստանան աշխատավարձ իրենց սեփական հողի մշակման համար` ընդհանուր առմամբ 350 հազար դրամի չափով: Կառավարությունն այդ նպատակով հատկացրել է 60,5 միլիոն դրամ: Ծրագրի շահառուներն այն ընտանիքներն են, ովքեր աշխատաշուկայում համարվում են անմրցունակ, ունեն գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, ներառված են ընտանեկան նպաստի համակարգում: Եռամսյա տեւողության ծրագրի շրջանակներում, ինչպես տեղեկացնում են Գյումրու զբաղվածության կենտրոնից, շահառու ընտանիքները կկարողանան մշակել իրենց վարելահողերը, բերքը հավաքել, իսկ իրենց կատարած աշխատանքի դիմաց էլ ստանալ աշխատավարձ օրական մինչեւ չորս հազար դրամի հաշվարկային չափով: Ընդ որում, շահառու ընտանիքներից կարող են այս ծրագրի աշխատանքներին մասնակցել այն անձինք, ովքեր գտնվում են տասնվեցից մինչեւ վաթսուներեք տարեկան տարիքային սանդղակում: Զբաղվածության կենտրոնից նշում են, որ շահառուների ցուցակները տրամադրվում են գյուղապետարանների կողմից, ապա իրենք արդեն ճշգրտում են տվյալների իսկությունը եւ կազմում շահառուների վերջնական ցանկը: Կան նաեւ որոշ չափանիշներ, ինչպես օրինակ` ընտանիքում երկու եւ ավել անչափահասների առկայությունը, ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի առկայությունը եւ այլն, որոնք դիտվում են որպես առաջնահերթ արտոնություններ:
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության այս ծրագրի նպատակն առավել խոցելի եւ աղքատ գյուղաբնակների մոտ առկա սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է: Նշենք, որ ծրագիրը պլանավորած է միայն գյուղատնտեսական նշանակության վարելահողերի մշակման համար եւ այստեղ շահառուներ չեն կարող հանդիսանալ այն ընտանիքները, ովքեր փաստաթղթեր կներկայացնեն տնամերձ հողամասերի մշակման համար:
Ի դեպ, նախորդ տարի եւս ծրագիրը գործել է, սակայն, ինչպես պատասխանատուներն են հավաստիացնում՝ ուշացած, քանի որ ծրագիրը մեկնարկել է այն պահին, երբ արդեն բերքահավաքի ժամանակն էր: Թեեւ անցյալ տարի էլ 96 գյուղացիական տնտեսություն է աջակցություն ստացել, սակայն Կառավարության հատկացրած 105,5 միլիոն դրամի բյուջեն ամբողջովին չեն կարողացել իրացնել:
Այս տարի եռամսյա ժամկետի համար հաշվարկված ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները, քանի որ զուտ տեղի բնակլիմայական պայմանների հաշվառումով մարզում բույսերի տնկման, դրանց կուլտիվացիայի եւ հետագա մշակման ընթացքը մինչեւ բերքահավաք երկարատեւ է: Այս առնչությամբ Գյումրիի պատասխանատուներն իրենց առաջարկը ներկայացրել են Կառավարությանը եւ նշում են, որ ծրագիրը ոչ մի կերպ չի ազդի նպաստառու ընտանիքի սոցիալական կարգավիճակի փոփոխության վրա եւ բալային սանդղակում որեւէ տատանում չի լինի:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի

 

 

 

 
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՐՔԵՑ
Այսօր խորհրդարանում լրագրողները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին օրեր առաջ Գորիսում տեղի ունեցած դեպքի մասին: Նշենք, որ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, թե Սդղի գյոլ կոչվող հատվածում ծեծկռտուք է եղել: Ըստ որոշ տեղեկությունների, ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաեւ մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը: Լրագրողների հետ զրույցում, սակայն մարզպետը հերքեց ծեծկռտուքի մասին լուրերը, նշելով, որ իր տղայի մասնակցությամբ ոչ մի միջադեպ չի գրանցվել:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻ ՀԵՏ
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու Նաիրա Զոհրաբյանին՝ Հակոբի գերության ողջ ընթացքում որպես ԵԽԽՎ պատգամավոր՝ միջազգային տարբեր կառույցներում այդ հարցը մշտապես բարձրացնելու եւ Հակոբի վերադարձը կա՛մ երրորդ երկիր, կա՛մ Հայաստան ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ մամուլի կենտրոնից: Հակոբ Ինջիղուլյանն ու զինվորի ընտանիքը բարձր են գնահատել Հակոբի՝ հայրենիք վերադառնալու գործում Նաիրա Զոհրաբյանի կատարած աշխատանքը միջազգային կառույցներում: Տիկին Զոհրաբյանը հավաստիացրել է, որ դա իր պարտքն է ոչ միայն որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, այլեւ որպես ՀՀ քաղաքացի, որպեսզի գերության մեջ հայտնված հայ զինվորն անվնաս վերադառնա հայրենիք, ինչը, ցավոք, չհաջողվեց անել որոշ այլ գերիների դեպքում: Հակոբ Ինջիղուլյանը տեղեկացրեց նաեւ, որ սովորում է Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների նախապատրաստական բաժնում, ինչը ԲՀԿ նախագահը համարեց անչափ կարեւոր։




Լրահոս