«ՁՎԻՑ ԴՈՒՐՍ ՉԵԿԱԾ` ՌՈՄԵՈ ԵՆ ԽԱՂՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին հարցնում ենք, թե ինչու է վերջին շրջանում հազվադեպ հանդես գալիս թատրոնի բեմում, նա պատասխանում է, որ մենք իր վերքին ենք դիպչում, եւ հավելում, որ պատճառը ոչ մի կապ չունի իր տարիքի հետ: Գուժ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ մինչ օրս վախենում է մտածել շեքսպիրյան Օթելլոյի, Լիրի կերպարները կերտելու մասին, այնինչ, նրա խոսքով, որոշ դերասաններ ձվից դուրս չեկած` գլխավոր դերեր են ուզում: Գուժ Մանուկյանը արվեստին վերաբերող հարցերից զատ՝ անդրադարձել է նաեւ իր քաղաքական կողմնորոշմանը` պատասխանելով հանրությանը հուզող այն հարցին, թե, ի վերջո, ինքը դուրս եկել է ԲՀԿ կուսակցության շարքերից, թե ոչ:

-Պարո՛ն Մանուկյան, լինելով Երեւանի Դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, հաճախ չեք երեւում այնտեղ, Ձեզ կարելի է ամիսը մեկ անգամ տեսնել բեմում, ինչո՞ւ:
-Խնդիրը դժվար է բացատրել, եւ չեմ կարծում, թե այն տարիքիս է առնչվում, որովհետեւ քանի ապրում ես, միշտ էլ պատրաստ ես ստեղծագործել: Ձեր կողմից այդ հարցը հնչեցնելը նույնն է, ինչ մատով վերք քչփորելը: Հիմա, փաստորեն, թատրոնում ես զբաղված եմ երեք ներկայացման մեջ: Իսկ առաջիկայում թե ինչ կլինի, դա արդեն մեզանից կախված չէ:
-Այնպիսի տպավորություն է, որ այսօր թատրոնների խաղացանկը հարմարեցվում է երիտասարդների պահանջներին եւ ցանկություններին: Արդյո՞ք սրա արդյունքում չեն տուժում թատրոնի տարեց դերասանները:
-Լավ եք նկատել. դա իրոք այդպես է: Ռեժիսորները գտնում են, որ տվալ երիտասարդները համապատասխանում են իրենց մտածելակերպին եւ զբաղեցնում են նրանց, իսկ մենք` տարեցներս, դուրս ենք մնում ընտրությունից, որովհետեւ տվյալ պիեսի մեջ չկան տարիքով կերպարներ: Լավ կլիներ, որ տարեցները զբաղված լինեն ներկայացումների մեջ. դա կլիներ նաեւ ուսուցողական մի բան: Ջահելները կնայեին կողքինին, ով տարիների փորձ ունի, կկարողանային ինչ-որ բան քաղել, «գողանալ»: Թե չէ հիմա ձվից նորս դուրս չեկածը հանկարծ կարող է գլխավոր դեր ուզել, Ռոմեո խաղալ: Իսկ, օրինակ, ես մինչեւ այսօր վախենում եմ մտածել շեքսպիրյան Օթելլոյի, Լիրի կերպարները կերտելու մասին, ոչ թե որովհետեւ չեմ կարող, այլ պատասխանատվություն եմ զգում:
-Դուք մի առիթով նկատել եք, որ այսօր երիտասարդ դերասանները հենց մի փոքր ճանաչում են ստանում, անմիջապես գոռոզանում են, այնինչ՝ ինքներդ այս տարիքում էլ դեռ սովորում եք…
-Այո՛, գոռոզանալու միտումը հատկապես վերաբերում է սերիալների դերասաններին, որոնք հենց մի երկու դեր խաղում են, թվում է, թե կողքինների հետ նկարահանման հրապարակում կարող են ուրիշ կերպ խոսել: Կամ, կարող է պատահել, որ ես նստեմ ու մի երիտասարդի նկարահանման հրապարակում ժամերով սպասեմ: Չի՛ կարելի: Պարզապես դիտողություն անող չկա, բայց ես անում եմ:
-Նշել եք, որ վերջին շրջանում հազվադեպ եք այցելում թատրոններ, արդյո՞ք պատճառներից մեկն էլ այն չէ, որ այսօր գերիշխող են, այսպես ասած, «կոմերցիոն ներկայացումները»:
-Այո՛, հաճախ չէ, որ գնում եմ թատրոններ, որովհետեւ գրեթե բոլորին գիտեմ: Գիտեմ նաեւ մրցանակ ստացող դերասաններին, որոնց ճանաչելով` վստահ չեմ, որ նրանք արժանիներից են: Այո՛, այսօր կոմերցիայի ետեւից են ընկել, գիտեք` ներկայացումների լրջությունն է կորել: Շատ ներկայացումներ ծիծաղեցնելու միտում ունեն, այնինչ՝ դրա համար գոյություն ունի կրկես, իսկ կրկեսի ժանրը թատրոն մտցնելը ճիշտ չէ: Ապրել է պետք, հասկանում եմ, բայց գնալ թեթեւ ժանրային բեմադրությունների, ճիշտ չէ:
-Պարո՛ն Մանուկյան, վերջում կցանկանայինք անդրադառնալ Ձեր քաղաքական կողմնորոշմանը: Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հրաժարվում է ԲՀԿ նախագահի պաշտոնից, Դուք, լինելով քաղաքական խորհրդի անդամ, երկընտրանքի մեջ էիք` դուրս գալ կուսակցության շարքերից, թե ոչ: Ի վերջո, ի՞նչ որոշեցիք:
-Ես հիշում եմ մեր վերջին համագումարը, որին ես եւս հրավիրված էի: Երբ պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ հրաժարվում է կուսակցության նախագահի պաշտոնից, ոմանք հետեւեցին նրա օրինակին: Այդ ժամանակ կողքինիս ասացի` բա մենք ինչո՞ւ ենք մնում. ինձ էլ է Ծառուկյանը բերել այս կուսակցություն, իմ մնալն էլ նպատակահարմար չէ: Այնպես որ, համագումարից հետո հրավեր չեմ ստացել, ես գոհ եմ, ինքս ինձ համարում եմ կուսակցությունից դուրս:

 

 

 

 

ՄԵՐԺՎԱԾ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Ժողովուրդ»-ն օրեր առաջ գրել էր, որ Հայաստանի նկարիչների միությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում չէին ընդգրկվել մի խումբ նկարիչների գործեր: Նրանցից շատերը մի ամբողջ տարի աշխատել էին իրենց կտավների վրա, սակայն նրանց գործերը, իրենց իսկ ձեւակերպմամբ, արհամարհվել էին:

Նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ստեղծված հանձնաժողովն իրականում ոչինչ չի որոշում, եւ ամեն բան նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ձեռքում է: «Ես համոզված եմ, որ մշակույթի նախարարությունը, որոշ բարերարներ գնելու են որոշ կտավներ, ուստի Կարեն Աղամյանն ընտրել է այն նկարիչների կտավները, ովքեր գործարքի մեջ կմտնեն իր հետ»,-ասել էր նա:
Իսկ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ նկարչի խոսքը կեղծիք է` հավելելով, որ նկարիչներից շատերի գործերը թեմային չեն առնչվել, ոմանց նկարների գեղարվեստական արժեքն էլ ցածր է եղել:
Այսօր, արդեն, մեր հոդվածին արձագանքելով` Խաչիկ Հարությունյանին միացել է նաեւ նկարիչների միության մեկ այլ անդամ` Արմինե Ավետիսյանը, ով հանդես է եկել կոնկրետ առաջարկությամբ. «Բարձրացված թեման իմ ցավոտ տեղերից է, ուստի չեմ կարող լռել: Ես եւ էլի մի շարք նկարիչներ մշակույթի նախարարությանն առաջարկում ենք, որ նկարիչների միության կողմից մերժված աշխատանքները առանձին ցուցադրվեն, օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնի սրահում: Այդ դեպքում այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալու նախ` նկարիչների միության ցուցահանդեսին, ապա` մերժվածներիս գործերին եւ կհամեմատի այդ աշխատանքները, կտեսնի` մերժվածերն ովքեր են, ցուցադրվողներն` ովքեր: Թող տեսնեն, թե ինչ տեսակ գործեր են մերժվել: Իմ առաջարկը հնչեցնում եմ մի շարք նկարիչների անունից»,-«Ժողովուրդ»-ին ասաց Ա. Ավետիսյանը:
Նրա խոսքով` դեռեւս իմպրեսիոնիստների ժամանակաշրջանում մերժված նկարիչները հնարավորություն ունեին զուգահեռաբար ցուցադրելու իրենց աշխատանքները, ուստի իրենց պահանջն արդար է եւ ըմբռնելի:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԲԱԼԵՏԻ ԼԵԳԵՆԴԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄՔԸ
Բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայան, որը մայիսի 2-ին վախճանվել է Գերմանիայում, կարգադրել է դիակիզել իր մարմինը եւ աճյունն իր ամուսնու` կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի աճյունի հետ միասին ցրել Ռուսաստանի վրա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը հրապարակել է քաղվածք Պլիսեցկայայի կտակից, որը ներկայացնում է պարուհու վերջին կամքը. «Մեր մարմինները մահվանից հետո այրել, եւ երբ կգա կյանքից հեռանալու տխրալի ժամը, մեզնից նա, ով ապրել է ավելի երկար կամ մեր միաժամանակյա մահվան դեպքում, մեր երկու աճյունները միացնել իրար եւ ցրել Ռուսաստանի վրա»,- ասված է կտակում: Ուրինի խոսքով` պարուհու հետ հրաժեշտը կկայանա Գերմանիայում` հարազատների եւ մերձավորների նեղ շրջանակում:
Հիշեցնենք, որ Պլիսեցկայան մահացել է Մյունխենում, 89 տարեկան հասակում, սրտի նոպայից:

 

ԵՐԵԽԱՅԻ Է ՍՊԱՍՈՒՄ
2014-ի ամռանն ամուսնացած երգչուհի Սերինե Պողոսյանը սպասում է իր առաջնեկին: ESem.am-ի հետ զրույցում հայտնի ժողովրդական երգիչ Թովմաս Պողոսյանի դուստրը խոստովանել է, որ հղի է եւ որոշ մանրամասներ փոխանցել: Նրա խոսքով` իր առաջնեկը լույս աշխարհ կգա հուլիսին: Իսկ աղջիկ է ունենալու թե տղա, ապագա մայրիկը չի ցանկացել բարձրաձայնել: «Գիտենք սեռը, բայց թող անակնկալ մնա»,- ասել է նա:
Սերինեի խոսքով` ինքը կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է ապրել, երբ իմացել է փոքրիկի մասին: 23-ամյա երգչուհին նշել է նաեւ, որ հղիության ընթացքում իրեն շատ լավ է զգում, հաճախում է հղիների համար նախատեսված յոգայի պարապմունքների:

 

ՌԻՇԱՐԻ ՀՈՒՇԵՐԸ
Ֆրանսիացի հայտնի դերասան Պիեր Ռիշարը հրատարակել է իր հիշողությունների մասին պատմող գիրք: 300 էջանոց հուշերը դերասանը գրել է լրագրող եւ կինոփաստագրող Ջերեմի Էմբերի օգնությամբ: Գրքում 80-ամյա դերասանը պատմել է իր մասնակցությամբ ֆիլմերի նկարահանումների մասին` նշելով, որ որոշ դեպքերում նկարահանումների գործընթացն ավելի երգիծական է եղել, քան բուն ֆիլմը: «Այսօր արդեն ամեն բան փոխվել է: Ինձ առաջարկում են ոչ թե կատակերգական, այլ դրամատիկ դերեր, որտեղ գոնե վերջում ես անպայման մեռնում եմ»,- նշել է Ռիշարը:




Լրահոս