«Ոչ մի հույս չունեմ, բայց մի խնդրանք ունեմ, օգնե՛ք ինձ աշխատանք գտնեմ, դա իմ միակ հույսն է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց 25-ամյա Արթուր Մկրտչյանը, որը ծնողներին կորցնելուց հետո հայտնվել է անելանելի վիճակում:
Արթուրին հանդիպեցինք Տիգրան Մեծի պողոտայում փոքրիկ սրբապատկերներ վաճառելիս: Նրա պատմելով` մայրը մահացել է 3 տարի առաջ, իսկ ինքն էլ ի ծնե հաշմանդամ է ու ստիպված իրեն հարմար միակ աշխատանքը համարում է փողոցում սրբապատկերներ վաճառելը:
«Հայրս մահացել է շատ վաղուց, իսկ մայրիկիս մահը շատ ծանր էր ինձ համար: Հիմա հայտնվել եմ վատ վիճակում: Ուր գնում եմ աշխատելու` խաբում են, փող չեն տալիս, տեսնում են, որ նորմալ մարդու տեսք չունեմ, այդպես են վարվում ինձ հետ»,-դժգոհեց նա: Արթուր ունի 3 եղբայր եւ 2 քույր, սակայն բոլորն ամուսնացել գնացել են, եւ Նոր Արեշում գտնվող իրենց բնակարանում այսօր նա ապրում է իր միակ չամուսնացած քրոջ հետ:
«Քույրս` Աննան, դիզայներություն է սովորում: Ուրախ կլինեմ, որ նա էլ ամուսնանա գնա, բայց վախենում եմ, որ եթե նա էլ գնա, լրիվ միայնակ մնամ»,-սրտնեղած նշեց Արթուրը` հավելելով, որ իր քույրերն ու եղբայրներն ամուսնանալուց հետո իրեն ոչ մի բանով չեն օգնում:
Արթուրը 3-րդ կարգի հաշմանդամ է ու ստանում է ամսական 16 000 դրամ: «Էդ փողն ի՞նչ է, որ այսօր կարողանամ դրանով ապրել: Ձեզ ի՞նչ է թվում, որ այդ փողն ինձ բավարարեր, ես դուրս կգայի՞ փողոց ու կխնդրեի՞ նկարներ գնել, որ մի քանիսն էլ մուննաթ գային վրաս: Սրա-նրա մուննաթը քաշելով` օրական 5000-6000 դրամ փող եմ կարողանում հավաքել: Երիտասարդները բանի տեղ չեն դնում, բայց խղճով երիտասարդներ էլ կան` առնում են նկարները, նաեւ եղել են դեպքեր, որ գումարը տվել են, բայց նկարը չեն վերցրել»,-ասաց Արթուրը` հընթացս տեղեկացնելով, որ իր վաճառած սրբապատկերները 50-100 դրամ արժեն:
Նրան արդեն երկար ժամանակ է՝ զրկել են նպաստից, իսկ թե ինչն է պատճառը, չցանկացավ մանրամասնել. «Որ ասեմ, ի՞նչ է փոխվելու, ոչ մի բան էլ չի փոխվի, ոչ ոք հաշմանդամներին ուշադրություն չի դարձնում, գոնե մեր նմաններին կարողանան աշխատանքով ապահովել, բայց դա էլ չեն անում»: Նրա պարզաբանմամբ` ոստիկանները որոշ ժամանակ առաջ միջամտել են ու թույլ չեն տվել փողոցում նկար վաճառել: «Սկզբում, որ նոր էի սկսել ծախել, բռնում տանում էին քաղմաս, բայց հիմա նայում են փաստաթղթերիս ու տեսնում են` չափահաս մարդ եմ, բան չեն ասում»,-պատմեց նա ու դժգոհեց, թե մեզ հետ զրուցելով՝ իր հաճախորդներին բաց է թողնում:
Արթուրի միակ երազանքը նորմալ աշխատանք ունենալն է: «Ինձ օգնե՛ք էլի, ես չեմ ուզում այս գործն անել, բայց տարբերակ չունեմ, ի՞նչ անեմ,-սրտնեղած ասաց նա` հույսով սպասելով այն օրվան, երբ ինքն էլ մի լավ աշխատանք կունենա,-թեկուզ բանվոր, պահակ, ամեն գործի պատրաստ եմ, միայն թե լինի»:
ԳՈՐԾ Է ՈՒԶՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ