ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Խորենացու փողոցում
Երեւանի Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի առջեւի ծառերն ամբողջությամբ կտրված են: Երեւանի քաղաքապետարանն, իհարկե, իրազեկ է, եւ ըստ նրանց՝ ծառահատումն արդարացված է: Թե ինչպես է ստացվել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ ոսկու շուկայի Վաղարշի ցանկությունները մեկտեղվել են, թերեւս դժվար չէ պատկերացնել՝ հաշվի առնելով Վաղարշի մատուցած ծառայությունները իշխանություններին: Ինչպես տեղեկացանք ոսկու շուկայի մի քանի աշխատակիցներից՝ այդ նույն ծառերի արմատներին շուկայի տնօրինության հրահանգով տարիներ շարունակ նավթ, ծծմբաթթու եւ բույսի համար այլ վտանգավոր նյութեր են լցվել, որպեսզի չորանային:
ՀԱՐՑ. Ես տարիներ շարունակ բնակվում եմ Ռուսաստանի Դաշնությունում: Խնդրում եմ ասեք՝ այս դեպքում իմ՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելու փաստը հանգեցնո՞ւմ է ՀՀ քաղաքացիության դադարեցմանը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ քաղաքացիության փոփոխման հիմք հանդիսանո՞ւմ է, թե՞ ոչ:
Գայանե Հովսեփյան (37 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հովսեփյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում: Ամուսիններից մեկի քաղաքացիությունը փոխելը ինքնին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին տարիներին մտահոգիչ դինամիկա է նկատվում, երբ արտերկրում բնակվող մեր քաղաքացիները, հատկապես ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնածները, ավելի ու ավելի հաճախ են դիմում` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար` հույս ունենալով փոխարենը ստանալ ՌԴ քաղաքացիություն: 2014թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է 205.590, որոնցից 10.017-ը ստացել են ՌԴ քաղաքացիություն:
ՀԱՐՑ. Ես ունեմ արագ սննդի սպասարկման կետ առանց նստատեղերի: Միաժամանակ զբաղվում եմ մսավաճառությամբ: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ հարկով է հարկվելու սննդի սպասարկման այդ կետը:
Արտակ Հովհաննիսյան (42 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք՝ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հավելվածի համաձայն՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը: Նույն օրենքի 8-րդ հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման եւ սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը՝ արտահայտված քառակուսի մետրով: 14.09.2012 թվականի ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ N25 պաշտոնական պարզաբանման 17-րդ կետի համաձայն՝ այն հարկ վճարողները, որոնք իրականացնում են խոհարարական արտադրանքի պատրաստում եւ չեն կազմակերպում դրանց սպառումը (չունեն համապատասխան սպասարկման սրահ), արտոնագրային վճար վճարող չեն հանդիսանում, եւ գործունեության մասով հարկերը հաշվարկում են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում, եթե մեզ դիմած քաղաքացին իրականացնում է խոհարարական արտադրանքի պատրաստում, սակայն չի զբաղվում վերջինիս սպառմամբ, ապա ազատվում է արտոնագրային վճարի «բեռ»-ից: Ի հավելում վերոնշյալ հարցադրման՝ ավելացնենք, որ արտոնագրային վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով: