«6/8 ՉԵՄ ԵՐԳԵԼ ՈՒ ՉԵՄ ԵՐԳԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ մոտ մեկ տարի պատրաստվում էր իր նոր տեսահոլովակի նկարահանումներին, որի բյուջեն կազմել է 30-50 հազար ԱՄՆ դոլար: Տեսահոլովակի եւ մնացած նորությունների մասին` հարցազրույցում:
-Նոր տեսահոլովակս նկաահանել ենք «Հիմա» երգի հիման վրա՝ հեղինակ Ռիչարդ Մադլենյան, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան (որը նաեւ երգչուհու պրոդյուսերն է-Ե. Ռ.): Տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները տեւել են մեկ տարի, քանի որ մասշտաբային գործ է, պատրաստվել էր պետք` սկսած բիժուտերիայից, վերջացրած հագուստներով ու այլ դետալներով:  
-Ֆիլմ նկարահանելու համար են մեկ տարի պատրաստվում:
-Ճիշտ նկատեցիք, մենք «Ջումանջի» ֆիլմի հիման վրա ենք նկարահանել տեսահոլովակը, այն իսկապես ֆիլմի նման է, Հայաստանում դեռ նման բան չի եղել` առաջինն է իր տեսակի մեջ: Արժեր մեկ տարի պատրաստվել:
-Որքա՞ն է կազմել տեսահոլովակի բյուջեն:
-30-50 հազար ԱՄՆ դոլար:
-Որտեղի՞ց այդքան գումար:
-Թե՛ ես, թե՛ պրոդյուսերս աշխատել ենք այդ ուղղությամբ, ու մեկ տարին քիչ չէր ինչ-որ գումար ունենալու համար:
-Չե՞ք կարծում, որ ավելի լավ կլիներ այդ գումարով նկարահանել, օրինակ, 3 տեսահոլովակ կամ էլ 1 ձայնասկավառակ թողարկել:
-Նման բաների մասին չեմ մտածել, կարեւորը՝ մարդկանց ճաշակով գործ ներկայացնեմ: Ավելի լավ է մի քանի ամիս հետո ունենալ այլ, նոր տեսահոլովակ, քան հաճախ նկարահանել ու նման լինի ուրիշ տեսահոլովակների:
-Երբ մի քանի ամիս առաջ զրուցում էինք, ասացիք, որ չունեք պրոդյուսեր, հարմար մեկին չեք գտնում:
-Ամեն ինչ ինքն իրեն ստացվեց: Ռիչարդ Մադլենյանի հետ գնացինք ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի մոտ, ծանոթացանք, որոշեցինք համագործակցել: Մի քանի ամիս հետո  առաջարկեց լինել իմ պրոդյուսերը, ես էլ սիրով համաձայնեցի իր հետ աշխատել: Արդեն մեկ տարի է՝ համագործակցում ենք թե՛ համերգային ծրագրերով, թե՛ մնացյալ հարցերով: Հիմա ինձ շատ ավելի հեշտ  է աշխատել: Երբ պրոդյուսեր ունես, ավելի ամուր ես, ու շատ հարցեր կան, որոնց ես ուղղակի չեմ խառնվում, ամբողջն ինքն է անում, ինձ մնում է միայն լավ երգել ու ներկայանալ:
-Պրոդյուսերիդ կողմից կա՞ն դրված հատուկ արգելքներ՝ սա կարելի է, այս մեկը` ոչ:
-Ես կասեի` ընդհակառակը: Նույնիսկ մեկ-մեկ ես եմ ամաչում դրսում ինչ-որ բան անել, ինքն է ասում՝ դու ամաչելու բան չունես, քեզ պահի այնպես, ինչպես ուզում ես: Ոչ մի արգելք չկա, ինքը գիտի՝ ես ուր եմ գնում: Հետո էլ շատ ճաշակով մարդ է, իմ երգերի ընտրության հարցում էլ է օգնում, թույլ չի տա, որ անճաշակ երգեր կատարեմ:
-Ձեզ երբեք չենք տեսել 6/8 երգելիս:
-«Սուպեր սթար»-ի ժամանակներից մինչ այսօր 6 տարի է անցել, ես ասել եմ, որ 6/8 չեմ երգել ու չեմ երգի, ինձանից թող չսպասեն:
-Իսկ խնջույքներին հրավիրված երգչուհու կարգավիճակով մասնակցո՞ւմ եք:
-Միայն եթե շատ մտերիմ մարդ է, եւ ուզում եմ երգ նվիրել, իսկ այլ տեսակ առիթներին չեմ երգում:
-Որտե՞ղ եք աշխատում:
-«Նարեկ» ռեստորանային համալիրում եւ «Ջոյս» ակումբում: Ես պատրաստ եմ աշխատել ու շատ աշխատել նպատակներիս հասնելու համար: Ի դեպ, ավելի շատ հոգնածություն եմ զգում, երբ ոչինչ չեմ ունենում անելու: Փորձում եմ բարձր նպատակներ ունենալ ու քայլել դրանց ուղղությամբ:
-Ձեր կոլեգաներից մեկը մեզ հետ հարցազրույցի ընթացքում նշեց, որ Հայաստանում երգարվեստի ոլորտում առանձնապես առաջ գնալու տեղ չկա. մաքսիմում մասնակցես «Եվրատեսիլ»-ին:
-Ես այդքան էլ համաձայն չեմ, չնայած «Եվրատեսիլ»-ին մասնակցելը լավ բան է, երկիր ես ներկայացնում, պետք է ըստ արժանվույն անես: Համաձայն եմ, որ միայն Հայաստանով չարժի սահմանափակվել, մեծ ցանկություն ունեմ, որ ինձ ճանաչեն նաեւ այլ երկրներում:
-Կարծիք կա, որ բավարար ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում շատ դռներ կբացվեն քո առաջ:
-Ոչ միայն ֆինանս, այլեւ լավ ճաշակ: Ես հավատում եմ, որ տաղանդավոր մարդը երբեք չի կորի, ուր էլ լինի, նրան միշտ հիշելու են ու առաջ տանեն: Պատահում է, չէ՞, մեկ էլ տեսնում ես՝ R&B երգողը սկսում է ժողովրդական երգել, որովհետեւ դա ավելի շատ են լսում: Ինքս էլ կարողանում եմ տարբեր ժանրերի երգեր կատարել, բայց չեմ ուզում շեղվել ու ոճս փոխել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս