Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրեց նախագիծ, որով ֆինանսների նախարարությանը ձեռք կբերի Շենգավիթի շրջանի Մանանդյան փողոցում երկու ֆիզիկական անձանց պատկանող` 1500 մետր հողակտորը: Նախարարությունն այն ձեռք էր բերելու այնտեղ սպորտային համալիր, մասնավորապես` շախմատի ակադեմիա հիմնադրելու նպատակով:
«Արմե´ն, այս շինարարությունը 74 միլիոնով կավարտե՞նք, թե սա հողամասի գումարն է»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը: Արմեն Ալավերդյանն էլ նշեց, որ դա հողամասի գումարն է:
«Բա ինչի՞ է էդքան թանկ, Շենգավիթում մեկ քառակուսի մետրի գինը այդքան թա՞նկ է: Կարո՞ղ է վրան գույք կա, դրա համար է այդքան թանկ: Ուղղակի կառավարությունը պետական կամ համայնքային հող օտարելիս շատ էժան գներով է օտարում, բայց գնելիս շատ թանկ է գնում, ուզում եմ հասկանալ` ի՞նչն է պատճառը»,- հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան Արմեն Ալավերդյանը նշեց. «Հավանաբար, փորձագիտական եզրակացությամբ է որոշվել այդ գինը»:
Ապա վարչապետը նշեց. «Մենք սխալ էինք հաշվարկել, մեկ քառակուսի մետրի համար 103 դոլար է ստացվում, նորմալ գին է»: