ՀԱՐՑ. Անչափահաս երեխային՝ որպես վկա, հարցաքննելու իրավունք կա՞: Եթե այո, ապա ՀՀ ո՞ր օրենքով է այն կանոնակարգվում, իսկ եթե չկա նման իրավունք, ապա ի՞նչ պատիժ է կրում հարցաքննություն իրականացնողը:
Արփիկ Հարությունյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անչափահաս վկան, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել՝ պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ: Մինչեւ տասնչորս տարեկան, իսկ քննիչի հայեցողությամբ՝ նաեւ մինչեւ 16 տարեկան վկայի հարցաքննությունը կատարվում է նրա օրինական ներկայացուցչի (ծնողի) ներկայությամբ: Հարցաքննությունը սկսվելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու եւ հարցեր տալու նրա իրավունքները, ինչպես նաեւ՝ պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունել տրված հարցերը, սակայն դրանք պետք է մտցվեն արձանագրության մեջ:
Տասնվեց տարին չլրացած անձին բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, չնայած օրենքով նախատեսված չէ պատասխանատվություն՝ ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու եւ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լինում են դեպքեր, երբ քննիչները չեն հետեւում օրենքի տառին եւ 16 տարին չլրացած երեխաներին հարցաքննում են առանց ծնողների, փաստաբանների կամ մանկավարժների ներկայության: