Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «խոպանչիների մասին» անունը ստացած օրինագիծը: Կառավարությունը «Շահութահարկի մասին» օրենքի նոր փոփոխությամբ նախատեսում է, որ այն գործատուները, որոնք արտերկրում շինարարական աշխատանքներ կկատարեն, Հայաստանին շահութահարկ կվճարեն 5 տոկոս:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ կառավարությունը հիմնականում լավ բաներ անում է միայն օլիգարխների համար. « Ուրիշ տարբերակ հնարավոր չէ: Երբ ասում եք, որ կառավարությունը պետք է ծրագրին հավանություն տա, դրանով չարաշահումներ չեն լինի, թույլ տվեք դրան չհավատալ: Անգամ եթե մի րոպե պատկերացնենք, որ այս իշխանությունները կազմված են հրեշտակներից, կառավարությունը կարող է գնալ չարաշահումների: Իսկ դուք օլիգարխ տնտեսության սերտաճման օրինականացման օրինագիծ եք բերել», – նշեց նա:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց . «Երկրի վրա հրեշտակներ չկան, այս դահլիճում՝ ևս: Մենք բոլորս մեղավոր ենք: Բայց թող քար նետի մեր վրա նա, ով մեղք չի գործել»: