Եթերային զվարճալի պատմություններ` Ժակից ու Լուլուից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ը Ռադիոյի միջազգային օրն է: Հենց այս օրը 1895-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու աշխարհում առաջին ռադիոսարքավորումը` իրականացնելով առաջին ռադիոկապը:

Հայաստանում Երեւանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926-ին: Նույն թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երեւանի ձայնը:

«Ժողովուրդ»-ը Ռադիոյի օրվա առիթով զրուցել է ռադիոհաղորդավարներ Ժակի (Հակոբ Պապիկյան) եւ Լուլուի (Լուսինե Բադալյան) հետ, որոնք նաեւ անբաժան ընկերներ են: Ժակի համոզմամբ` աշխարհը որքան էլ տեխնիկական զարգացում ապրի, միեւնույն է, ռադիոն կշարունակի իր ուրույն դերն ունենալ մարդկանց կյանքում. «Պետք է նկատել, որ ռադիոն որոշակիորեն տրանսֆորմացվում է, օրինակ` մեր օրերում ռադիոեթերին կարելի է հետեւել սմարթֆոնների միջոցով, հաղորդումները հասանելի են ինտերնետ կայքերում, ինչը ավելի դյուրին է դարձրել ունկնդրի գործը»,-նկատեց նա:

Լուսինե Բադալյանն էլ, անդրադառնալով հայկական եթերին, մեզ հետ զրույցում նշեց, որ հայ ունկնդիրն այսօր ամենից շատ որակյալ երաժշտության կարիք ունի: Հաղորդավարուհին անդրադարձավ նաեւ եթերի լեզվին. «Երբ ստեղծվեցին FM ռադիոկայանները, դրանք խնդիր ունեին նաեւ գրական լեզվին չդավաճանելով` մատուցել թեթեւ ու պարզ լեզվով տեքստ: Եվ եթե որոշ ռադիոալիքներ չդավաճանեցին իրենց սկզբունքներին, ապա մյուսներն անտեսեցին գրական լեզուն: Ինքս բազմիցս ռադիոեթերով լսել եմ այնպիսի ոչ գրագետ խոսք, որն ականջ է ծակել»,-ասաց նա:
Երկու հաղորդավարներն էլ մեզ հետ զրույցում պատմեցին իրենց կարիերայի ընթացքում եթերում գրանցված զվարճալի պատմություններից: Ժակը, օրինակ, հիշեց, թե ինչպես է մի անգամ ուղիղ եթերի ընթացքում հաղորդավարուհիներից մեկի աթոռը կոտրվել, եւ նա հայտնվել է հատակին` բռնվելով միկրոֆոնից եւ իր հետ տանելով տեխնիկան եւ սարքավորումները, իսկ ամենաուշագրավն այն է, որ հաղորդավարուհին շարունակել է խոսել նույնիսկ այդ վիճակում: Լուլուն էլ խոստովանեց, որ զվարճալի դեպքերն առավել հաճախ գրանցվում են Ժակի հետ. «Հիշում եմ` մի անգամ եթերի ընթացքում Ժակի ծոցը կրիա էին գցել, թե ինչ կատարվեց հետո, անհնար է փոխանցել… Իսկ առհասարակ, եթե Ժակը եթերում է, եւ Եգոր Գլումովը տարածքում է, ոչ մի լավ բան չի կարելի սպասել, որքան էլ Ժակը պատրաստ լինի ցանկացած անակնկալի, միեւնույն է` Գլումովը միշտ մի անսպասելի բան անում է»,- ծիծաղելով պատմեց հաղորդավարուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս