Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ շփման գծում իրավիճակը հանգիստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում բացվել է նոր թանգարան: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը վստահություն է հայտնել, որ Արցախյան ազատամարտի պատմությանն ու հաղթանակի բերկրանքն արտացոլող նոր թանգարանը ևս մեկ հարթակ կհանդիսանա երիտասարդ սերնդի համար հիշելու և վերարժևորելու Արցախյան ազատամարտի մասնակիցների, այդ թվում՝ ռազմական բժիշկների սխրանքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր ելույթում, շնորհավորելով ներկաներին մայսիյան եռատոնի կապակցությամբ և ևս մեկ անգամ արժևորելով բուժծառայողների դերը թե Արցախյան պատերազմի տարիներին, թե խաղաղ պայմաններում, նկատել է, որ ռազմական բժիշկները մեծ դեր են խաղացել հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում ու այսօր էլ ակնհայտ է զինված ուժերի համար բժշկական կադրեր պատրաստող ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի դերն ու նշանակությունը:

Ռազմաբժշկական նոր թանգարանի բացման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի, Շուշիի ազատագրման, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման տարեդարձերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը երկարատև համագործակցության համար գերատեսչական մեդալներով, ինչպես նաև արժեքավոր նվերներով է պարգևատրել  ԵՊԲՀ մի շարք աշխատակիցների և կուրսանտների:

Ռազմաբժշկական թանգարանի բացմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ շփման գծում իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից սադրանքների փորձեր չկան, որը պայմանավորված է Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ հակառակորդը հասկանում է, որ պետք չէ գնալ նմանատիպ քայլերի, հակառակ պարագայում հայկական զինված ուժերը պատրաստ են պաշտպանելու հայրենիքի սահմանները:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed




Լրահոս