ՍՏԻՊՎԱԾ ԳՈՐԾԻՆ «ԽԱՌՆՎԵԼ» Է ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի չմտածված քայլին` Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հետ հանդիպմանը, որի արդյունքում լրջորեն լարվել են հայ-վրացական հարաբերությունները: «Մի անխելքի` ջրհորը նետած քարը հանելուն լծված հարյուր խելոքներն» այս օրերին փորձում էին բոլոր հնարավոր միջոցներով մեղմել այս դիվանագիտական սկանդալի հետեւանքները, անգամ քննարկվում էր այդ նպատակով Թբիլիսի հայկական պատվիրակություն ուղարկելու հարցը: Երեկ էլ տեղեկացանք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը Վրաստանի ԱԳՆ է հրավիրվել, իսկ ՀՀ-ում Վրաստանի դեսպանն այցելել է ՀՀ ԱԳՆ: Բացի այդ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Երեկ Georgianews-ը տեղեկացրել է, որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը մայիսի 4-ին կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի՝ Ցխինվալի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցչի հետ հանդիպման պատճառով: Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն ծայրահեղ անհանգստություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցչի ու Ցխինվալի շրջանում գործող Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցչի, այսպես կոչված, «խորհրդարանի նախագահի» հետ հանդիպման փաստի կապակցությամբ»:
Գիգաձեն նշել է, որ սույն փաստը հակասում է Հայաստանի ու Վրաստանի միջեւ ավանդական բարեկամական համերաշխությանն ու վնասում է երկկողմ հարաբերություններին: Ըստ Georgianews-ի՝ հայ դիվանագետը ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ ու հայտարարել, որ «Երեւանը անհապաղ կտեղեկացվի Վրաստանի դիրքորոշման մասին»:
Այս հաղորդագրությունից հետո «Գրուզիա օնլայն» պորտալը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույց, որի ժամանակ Աբրահամյանը պատմել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի ու ինքնահռչակ Հարավային Օսիայի Հանրապետության ներկայացուցչի հանդիպման մասին:
Հ. Աբրահամյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Անատոլի Բիբիլովը ոչ աշխատանքային օրերին մասնավոր այցով եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ կայացել է նրա` անձնական բնույթի, ոչ պաշտոնական շփումը ՀՀ ԱԺ նախագահի հետ: «Հանդիպման ժամանակ չեն քննարկվել հարցեր, որոնք կապված են Վրաստանի օկուպացված տարածքների հետ: Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու դրա ինքնիշխանությանը եւ վերահաստատել է Հայաստանի ու Վրաստանի միջեւ բարիդրացիական հարաբերությունները»,- հայտնել է «Գրուզիա օնլայն» պորտալը:
Ի դեպ, նախօրեին Վրաստանի ԱԳՆ կոշտ հայտարարություն էր տարածել մայիսի 3-ին Արցախում կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ` ընդգծելով, որ չի ճանաչում դրանք:
Երեկ խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորներն էլ իրենց հերթին էին փորձում «բացատրել», թե ինչու է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել ընդունել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին, նրա հետ լուսանկարվել ու հայտնվել սկանդալային իրավիճակում: Նախօրեին ԱԺ հասարակայնության հետ կապերի լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հայտարարել էր, թե դա ընդամենը մասնավոր այց է եղել, իսկ երեկ էլ պարզվեց, որ Բիբիլովը որոշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին իր ցավակցությունը փոխանցել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս իրավիճակի պատճառով ողջ օրվա ընթացքում փորձել է ներքին կարգով վրացական իշխանություններին համոզել, որ Գ. Սահակյանի հանդիպումն իսկապես մասնավոր բնույթ է կրել, եւ դրա պատճառով որեւէ փոփոխություն չի կարող լինել հայ-վրացական փոխհարաբերություններում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով եւս այս օրերին ակտիվորեն քայլեր էր ձեռնարկում` հայ-վրացական այս սկանդալը հարթելու համար:
-Պարո՛ն Բաղդասարյան, Դուք պարզել եք, թե, ի վերջո, ինչո՞ւ է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպում ունեցել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովի հետ:
-Սխալ տեղեկություններ էին իրենք տարածել, որը որոշ ժամանակ հետո իրենք ուղեցին: Որեւէ պաշտոնական հանդիպում չի եղել, մարդը եկել է ու խնդրել է, որ գա ու ցավակցի Հայոց ցեղսպանության 100-րդ տարելիցի հետ կապված ու 2 րոպեով եկել, ցավակցել է, ներողություն է խնդրել, որ իրենք ապրիլի 24-ին ներկա չեն եղել, ու Արցախ է գնացել: Իրենք սկզբում սխալ ինֆորմացիա էին տարածել, հետո ուղղեցին իրենց՝ նշելով, որ հրավերը եղել է ԼՂՀ ԱԺ-ի կողմից:
-Իսկ ինչպե՞ս եք հարթելու հայ-վրացական հարաբերություններում առաջացած այս լարվածությունը, վրացական կողմն այս օրերին բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկավ:
-Չէ, չէ, հարթվել է, այդ խնդիրը կարգավորվել է, իրենք հասկացան, որ թյուրիմացություն է: Ի՞նչ է՝ մենք իրավունք չունե՞նք ցանկացած քաղաքացու, կլինի դա ԱԺ նախագահ, կամ այլ մեկը, որ ուզում է իր ցավակցությունները հայտնել, ընդունել: Մարդը ասում է՝ ուզում եմ ցավակցեմ ձեզ, ադրբեջանցին էլ եթե անգամ գա ու ասի, որ ուզում է ցավակցել… ֆորումի ժամանակ թուրքը եկավ, ելույթ ունեցավ, մարդուն հարգեցինք, ես էլ տարել եմ մարդուն, հաց եմ տվել: Մարդը իր ալբոմի համար նկարվել է, հետո գցել է, հետո 700 անգամ ներողություն են խնդրել… դա պաշտոնական չի եղել:

 

 

 

 

ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«Տրանս ակնթարթ» ընկերության սեփականատեր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անցած տարվա նոյեմբերի 10-ին Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած վթարից հետո դատական հայց է ներկայացրել «Կամազ» մակնիշի վարորդ Մանվել Վարդանյանի դեմ՝ նրանից պահանջելով 3 միլիոն 600 հազար դրամ գումար: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պահանջված գումարը իրենք բաժանելու են վթարից զոհվածների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ նշված օրը միմյանց էին բախվել «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող, Մանվել Վարդանյանի վարած «Կամազ» մակնիշի ու «Տրանս ակնթարթ» ընկերությանը պատկանող, Ռազմիկ Մկրտչյանի վարած «Գազել 32» մակնիշի ավտոմեքենաները: Արդյունքում «Գազելն» այրվել էր, 7 ուղեւորներ մահացել էին տեղում, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: «Գազել» մակնիշի ավտոմեքենան սպասարկում էր Երեւան-Գյումրի երթուղին, որը պատկանում է «Տրանս ակնթարթ» ընկերությանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է «Տրանս ակնթարթ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից պարզել, թե ինչու է նա որոշել դատական հայց ներկայացնել վարորդի դեմ. «Հայցը ներկայացրել է «Տրանս ակնթարթ» ընկերությունը, այն բավարարվելու պարագայում այդ գումարները փոխանցվելու են զոհվածների եւ վիրավորների հարազատներին: Դժբախտ պատահարի մեջ հայտնված վարորդի պաշտպանը իր պահվածքով դրդել է «Տրանս ակնթարթ» ընկերությանը, որպեսզի նրանք նման քայլի դիմեն: Պաշտպանը մշտապես իր հայտարարություններում ասում է, թե պատգամավորը խոչընդոտել է քննության ընթացքին, քանի որ ինքը գծատեր է, մենք պետք է տուժենք ու նմանատիպ խնդիրների առաջ կանգնենք, իսկ դրանք անհարկի շահարկումներ են»:
Պատգամավորը հայտարարեց, թե այդպիսով ընկերությունը փորձել է «բացահայտել, որ «Կամազի» վարորդի պաշտպանը իր հայտարարություններով ավելի շատ է վնասում իր պաշտպանյալին. «Ես ոչ թե արժանապատվության խնդիր եմ դրել, այլ կոնկրետ նախաքննությունն ընթանում է, ես բացարձակապես տեղեկատվություն չունեմ, մի օր չենք հետաքրքրվել, թե քննությունն ինչպես է ընթանում: Բայց հետո պարզվել է, որ պաշտպանը աջ-ձախ հայտարարում է, թե քանի որ գծատերը պատգամավոր է, բնականաբար պետք է քննության արդյունքները ի օգուտ «Գազելի» վարորդի լինեին»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ Մանվել Վարդանյանի պաշտպան Լիանա Բալյանի հետ, որը զարմացավ պատգամավորի հայտարարությունից՝ նշելով, որ ինքը իր փաստաբանական պարտքն է կատարել, եւ ներկայացված հայցը ոչ թե իր դեմ է, այլ վարորդի: Փաստաբանը նշեց նաեւ, որ ինքն այնքան լավ է իր գործը կատարում, որ առաջացրել է պատգամավորի զայրույթը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՔԻՉ ՀԱՐԿ Է ՀԱՎԱՔՎԵԼ
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը արտացոլում են Հայաստանի տնտեսությունում վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած զարգացումները: Խոշոր հարկատուների առաջին քսանի` գերխոշորների վճարած հարկերն անցած տարվա համեմատ ավելացել են, 2014-ին կազմել է 54 մլրդ 591 մլն 674 հազար դրամ, այս տարի` 56 մլրդ 787 մլն 425 հազար դրամ: Խոշոր հարկատուների առաջին հարյուրի վճարած հարկերը կազմել են 98 մլրդ 266 մլն 729 հազար դրամ, անցած տարի եղել է 97 մլրդ 395 մլն 983 հազար դրամ: Սակայն ուշագրավն այն է, որ բոլոր հազար խոշոր հարկատուների վճարված հարկերն այս տարի, անցած տարվա համեմատ, նվազել են: Այս տարի այդ թիվը կազմել է 152 մլրդ 320 մլն 309 հազար դրամ, մինչդեռ անցած տարի եղել է 154 մլրդ 327 մլն 783 հազար դրամ: Անկումը կազմել է 2 մլրդ 7 մլն 474 հազար դրամ: Վերը բերված թվերը վկայում են, որ գերխոշոր հարկատուները, որոնք հիմնականում նույն են եւ տարիների ընթացքում տեղերով փոխվում են, բայց կազմով հիմնականում նույն են մնում, այս ընթացքում Հայաստանի տնտեսությունում իրենց մասնաբաժինը շարունակել են ավելացնել: Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունն այս ընթացքում շարունակել է ավելի կենտրոնանալ:
 

ԲՐԻԼԻԱՆՏԻ ԱՐՇԱԿԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արշակ Մխիթարյանի (Բրիլիանտի Արշակ) դրամական միջոցները անցած՝ 2014 թվականի վերջին կազմել են 15 մլն դրամ եւ 3 մլն 600 հազար դոլար: Այս մասին տեղեկանում ենք նրա հայտարարագրից: Պատգամավորի աշխատավարձը կազմել է 4.5 մլն դրամ, բայց նրա ընդհանուր եկամուտը եղել է 185 մլն 266 հազար դրամ: Տեղեկացնենք, որ 19 մլն 170 հազար դրամը նա ստացել է գույքի վարձակալության դիմաց, իսկ 161 մլն 514 հազար դրամը` անշարժ գույքի օտարումից: Մխիթարյանին վերադարձված փոխառությունը` պարտքով տրված գումարը, կազմել է 835 մլն դրամ: Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորն անցած տարվա ընթացքում ձեռք է բերել երեք անշարժ գույք` բնակարան բազմաբնակարան շենքում, որից երկուսը նույն տարվա ընթացքում վաճառել է: Նա մեկ այլ բնակարան էլ է օտարել, որը նախկինում էր ձեռք բերել: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Արամի 88 հասցեի հարեւանությամբ կառուցված բարձրահարկ էլիտար շենքը պատկանում է հենց Արշակ Մխիթարյանին:

 

ԿԱԶԱՏՎԻ՞, ԹԵ՞ ՈՉ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մամուլի խոսնակը` Սաթենիկ Ասիլյանը, առաջիկայում կհեռանա աշխատանքից: Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց Սաթենիկ Ասիլյանին, ով ասաց. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:




Լրահոս