ՀՀ Կառավարությունը մեկը մյուսի ետեւից ապացուցում է, որ գործում է պահի ազդեցությամբ, ինչ-որ բան «կպցնելու» մոլուցքով` առանց հետագա հետեւանքների մասին մտածելու: Նման հերթական փաստի վկայությունը երեկ մեկնարկած արտահերթ նիստի շրջանակներում ԱԺ ուղարկված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերն են: Ուստի ամենեւին էլ պատահական չէր, որ նշված նախագծերը ԱԺ-ում քննարկելիս կրքերը բավական թեժացան, եւ իշխանական պատգամավորներն այդ օրինագծերին դեմ արտահայտվող ընդդիմադիր գործիչներին նույնիսկ փորձում էին անձնական վիրավորանքներ հասցնել:
Նշված օրինագծերով առաջարկվում է, որ այն հարկային գործակալները, որոնք ՀՀ ռեզիդենտների հետ կնքել են աշխատանքային պայմանագիր, եւ դրա հիման վրա աշխատողն աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, վճարեն եկամտային հարկ` աշխատավարձի 13 տոկոսի չափով: Հիշեցնենք, որ Հայաստանում գործունեություն ծավալող ընկերություններն իրենց կողմից վճարվող աշխատավարձից պահում են նվազագույնը 24,4 տոկոս հարկ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի ներկայացմամբ իրենց նպատակն է, որ այն հայկական ընկերությունները, որոնք արտերկրում գործունեություն են ծավալում, հնարավորություն ունենան իրենց հարկերը Հայաստանում վճարել` առանց տուժվելու: Նա եւ մյուսները, ովքեր օրինագծի օգտին էին արտահայտվում, չէին թաքցնում, որ արտերկիր ասելով՝ իրենք կոնկրետ Ռուսաստանը նկատի ունեն, որտեղ եկամտային հարկը 13 տոկոս է: Ուստի, եթե ՌԴ-ում գործող հայկական ընկերությունը ցանկանա իր աշխատողների եկամտային հարկը Հայաստանում վճարել, ապա գործող օրենսդրությամբ այնտեղ 13 տոկոս վճարի, իսկ այստեղ էլ՝ 11,4 եւ ավել տոկոս: Առաջարկվող փոփոխություններից հետո, ըստ Այվազյանի, ցանկացողները կարող են Հայաստանում 13 տոկոս վճարել, իսկ ՌԴ-ում հարկ վճարելուց ազատվել, քանի որ մեր երկու երկրները վաղուց կնքել են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր:
Առաջին հայացքից թվում է, թե լավ օրինագիծ է, քանի որ հայկական ընկերություններին հնարավորություն է տրվում ցանկության դեպքում Հայաստանում իրենց հարկերը վճարել: Նույնիսկ կարող է թվալ, թե նման նախագծին չի կարելի դեմ արտահայտվել: Իրականում, սակայն, նման օրինագծերն իրենց մեջ ռիսկի մեծ պոտենցիալ են պարունակում եւ կարող են լուրջ վնասներ պատճառել արտերկրում ու հատկապես Ռուսաստանում գործունեություն ծավալող հայկական ընկերություններին: Բանն այն է, որ ինչպես ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում նկատեց, եթե Հայաստանի իշխանությունները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, ապա պետք է իրենց ազնիվ պահեն եւ չփորձեն, ասենք, ռուսներին խաբել:
Իհարկե, Հրանտ Բագրատյանն ուղղակի չասաց, թե ինչ հետեւանք կարող է ունենալ այս օրինագիծը, եւ ինչու է ինքը դեմ ՀՀ Կառավարության այս «շուստրիությանը», բայց միեւնույն ժամանակ նա չէր թաքցնում իր զայրույթը այս փաստաթղթի հետ կապված: Բանն այն է, որ ամենապարզամիտն էլ կհասկանա, որ եթե Ռուսաստանը տեսնի, որ իր մոտ գործունեություն ծավալող ընկերությունների վճարած հարկերը պակասում են, ապա իր հերթին միջոցներ կձեռնարկի՝ այդ գործընթացը դադարեցնելու համար: Սակայն այս դեպքում ռուսներն ուղղակի պարտադրված կլինեն այնպես անել, որ, ասենք, հայկական ընկերությունների մտքի ծայրով չանցնի, որ իրենք կարող են ՌԴ-ում գումար վաստակել, իսկ հարկերը Հայաստանում վճարել: Այսինքն՝ այս օրինագծի ընդունվելուց եւ կիրառվելուց հետո, եթե այն սկսի արդյունք տալ, հետեւելու է Ռուսաստանի պատասխան քայլը, որի արդյունքում այդ երկրում գործունեություն ծավալող մեր ընկերություններն ու քաղաքացիներն ավելի ծանր հարկային պայմաններում կհայտնվեն:
Իհարկե, ՀՀ Կառավարությունը չէր կարող նման քայլ կատարել առանց ռուսների հետ համաձայնեցնելու: Սա այն դեպքերից է, որ կարելի է այսպես բնորոշել՝ չեն մերժի, բայց արդյո՞ք կտան: Ի դեպ, Հրանտ Բագրատյանն իր խոսքում ակնարկեց հարցը ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ համաձայնեցնելու մասին՝ միաժամանակ նկատելով, որ եթե նա չի արգելել ու ասել է, որ կարող եք անել, ապա դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը կողմ է, որ իր հարկերը հոսեն դեպի Հայաստան, եւ հաստատ միջոցներ կձեռնարկի՝ դա թույլ չտալու համար:
Մի խոսքով, ՀՀ Կառավարությունը գոնե մտածի, թե ինչ կարելի է անել, որպեսզի մարդիկ Հայաստանից չհեռանան եւ այստեղ իրենց գործունեությունը ծավալեն, ստեղծեն եւ հարկեր վճարեն, ամեն կերպ փորձում են դրսում ապրողներից ինչ-որ մազ պոկել` չհասկանալով իրենց այդ քայլի հետեւանքները: Ի վերջո, մարդիկ կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից՝ վերջնականապես իրենց կապը խզելով ՀՀ-ի հետ: Ու այս ֆոնին դեռ մենք Ցեղասպանության 100-րդ տարելից ենք նշում եւ դատապարտում տեղահանությունները:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՐԿՐՈՒՄ ՉԷ
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին մի առ ժամանակ Հայաստանում չի լինելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա մեկնել է Բուլղարիա` այնտեղ գտնվող իր հանքային ջրերի գործարանի գործերը կարգավորելու համար: Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2009-ին Գագիկ Ծառուկյանը գնել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից քիչ հեռու գտնվող հանքային ջրերի գործարանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, որը ասաց. «Բնականաբար ես տեղյակ չեմ, թե որտեղ է գտնվում պարոն Ծառուկյանը, բայց մասնավոր այցով է մեկնել արտերկիր»:
Մեր այն հարցին, թե Ծառուկյանն ինչպես է վերաբերվում իր նախկին կուսակցի` Գոհարիկ Ենոքյանի կալանավորմանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ նրա՝ երկրում չլինելու պատճառով չի կարող ճշտել նրա տեսակետը եւ փոխանցել:
ԷԼԻ «ՆՈՅ»-Ը
«Ժողովուրդ»-ը ապրիլի 30-ին տեղեկացրել էր, որ ԱԺ դահլիճում` պատգամավորների սեղանին, այսուհետ լինելու է «Նոյ» ապրանքանիշի ջուր: Նշել էինք, որ մինչ այս խորհրդարանում բաժանվել եւ վաճառվել է միայն «Ջերմուկ»: «Նոյը», ինչպես հայտնի է, արտադրվում է ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունում: Իսկ «Ջերմուկը» խորհրդարանին մատակարարվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության կողմից: Իհարկե, մեծ հաշվով՝ հանրության տեսանկյունից, միեւնույն է, թե խորհրդարանը երկու օլիգարխներից որի ջուրը կսպառի: Բայց տեղի ունեցածը հետաքրքիր է՝ դրա թիկունքում հնարավոր ներիշխանական խմորումների տեսանկյունից: Ի դեպ, նախորդ լուրի հետ կապված ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը «Ժողովուրդ»-ին ասել է, որ խորհրդարանը ոչ թե միայն «Նոյ» եւ «Բջնի» է գնելու, այլ նաեւ այդ ապրանքանիշի հանքային ջուրը, իսկ նախկինում միայն «Ջերմուկ» է եղել: Սակայն երեկ ԱԺ միջանցքներում արձանագրել ենք, որ ջրի սարքերը, որոնք մինչ վերջերս «Բյուրեղ» ընկերությանն էին, նույնպես փոխվել են «Նոյ»-ի: Ի դեպ, ըստ Արսեն Բաբայանի՝ իրենք ընդամենը թարմացրել են ջրի սարքավորումները: Այսինքն՝ սարքավորումները թարմացրել են, եւ այդ ընթացքում «Բյուրեղը», ալե-հոպ, դարձել է «Նոյ»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ՀՀ Վերաքննիչ դատարանը երեկ անփոփոխ է թողել դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը: Տուժող կողմը` ի դեմս Արթուր Հակոբյանի եւ Նաիրա Հայրապետյանի, հայտարարել է, որ չի պատրաստվում հաշտվել եւ բողոքարկելու է այդ որոշումը: Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ՝ զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով:
ԿՐԱԿՈՑՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
ԵԱՀԿ առաքելությունը երեկ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ
Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Այցի ընթացքում Վեհափառն իր օրհնությունը կբերի նաեւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի թեմական-պատգամավորական տարեկան ժողովին: Կաթողիկոսին ուղեկցում են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ինչպես նաեւ՝ բարերար Գաբրիել Չեմբերջյանը:
ԽՆԴԻՐԸ ՆՈՐ ՉԷ
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով կաթի մթերման գնի նվազման խնդրին, նշել է, որ ամեն տարի հայ գյուղացին կանգնում է այս խնդրի առջեւ։ «Ամեն տարի ամռանը մեր երկրում կաթի գնի թանկացում է նկատվում, ինչը բացարձակապես անհիմն է։ Մեզ մոտ ձմեռը կաթի արտադրական ծավալները նվազում են, երբ թելադրողի դերում դառնում է գյուղացին, իսկ ամռանը, երբ գին որոշողը տնտեսվարող սուբյեկտն է, գները բարձրացնում են։ Եթե փոշի կաթը վաճառվում է 250 դրամ, իսկ անարատը՝ 650-700 դրամ, ապա հասկանալի է, որ գյուղացին տնտեսվարողին 180 կամ 200 դրամով կաթ չի վաճառի, որն էլ շուկայում գյուղացուց մի քանի անգամ ավել գնով է վաճառելու»,- նշել է Պիպոյանը։
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ
«Ես շատ լրագրողներ գիտեմ, ովքեր ոչ մի լրատվամիջոցում չեն աշխատում, բայց թղթակցում են տաբեր ԶԼՄ-ների: Եթե նրանցից մեկը լուսաբանում է որեւէ ակցիա, իրավո՞ւնք ունեք՝ խոչընդոտեք»,- Աժ-ում ՄԻՊ-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի` ոստիկանության իրավաբանության վարչության պետ Մերուժան Հակոբյանին ուղղված այս հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց. «Հաճախակի լրագրողները դառնում են ակցիայի մասնակից ու շեղվում են իրենց բուն գործունեությունից, դրա համար ոստիկանությունը նախատեսում է, որ հավատարմագրվեն ակցիաներից առաջ կամ հատուկ բեյջեր կրեն, բաճկոններ հագնեն»: