«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ 169 միլիոն դրամ է վճարել ֆինանսների նախարարությանը, ինչի արդյունքում իրեն չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել: Նախկին պատգամավորը հայտնեց, որ չգիտի, թե ինչ կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմի ճակատագիրը, փոխարենը նոր ֆիլմի սցենար է պատրաստում, որտեղ Քրիստոսն է լինելու:
Ինչպես նկատում ենք՝ իշխանությունները ապրիլի 24-ին ընդառաջ կալանավորված անձանց մեկը մյուսի հետեւից ազատ են արձակում: Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ազատ արձակվեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, իսկ, ահա, երեկ էլ ազատ արձակվեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:
Այն, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կալանավորեցին քաղաքական գործունեության համար, գաղտնիք չէ: Իշխանությունները ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումներն անխոչընդոտ անցկացնելու համար ՀԽ անդամներին տարբեր հիմնավորումներով փակի տակ պահեցին: Իսկ, ահա, փետրվարի 2-ին պետությանը խոշոր վնաս պատճառելու, ապօրինի ձեռնարկատիրության եւ գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու հիմքով կալանավորված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ իշխանությունների անբարեհաճությունն, ըստ ամենայնի, պայմանավորված էր ռեժիսոր-գործարարի ոչ այնքան հաջողված ստեղծագործական պոռթկմամբ: Նկատենք, որ չնայած նախկին պատգամավորի եւ ֆինանսների նախարարության միջեւ ֆինանսական վեճը վաղուց կար, սակայն Հ. Հակոբյանին կալանավորեցին միայն այս փետրվարին` այն բանից հետո, երբ ներկայացվեց վերջինիս հեղինակած «Հիշողություն» ֆիլմը, որի փակ դիտումներից ստացված արձագանքները, մեղմ ասած, հուսադրող չէին: Եվ այս ֆիլմի` մեծ շուկա հանելը կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող ՀՀ իշխանությունների համար: Առավել հետաքրքիր էր, սակայն, Հակոբյանի` կալանավորումից առաջ արած մեկ այլ քայլ. նա հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է նաեւ հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին ֆիլմ նկարահանել: Ահա, հենց այս հայտարարությանը հետեւած ձերբակալությունը շատերը որակեցին որպես նորահայտ ռեժիսորի ստեղծագործական պաթոսը զսպելուն ուղղված կանխարգելիչ քայլ:
Եվ հիմա շատ հետաքրքրական է, թե նախկին ՀՀԿ-ական պատգամավորն իշխանությունների հետ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի արդյունքում ազատ է արձակվել: Այս հարցի եւ իր հետ կատարված վերջին իրադարձությունների շուրջ «Ժողովուրդը» զրուցել է Հակոբ Հակոբյանի` Ճոյտի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, հայտնի էր, որ Ձեր եւ ֆինանսների նախարարության միջեւ լուրջ խնդիրներ կային, սակայն Ձեր կալանավորումը տարօրինակ կերպով նախորդեց Հայոց ցեղասպանության մասին Ձեր նկարած ֆիլմի շնորհանդեսին: Արդյո՞ք դա պատահականություն էր, շատերը դա կապեցին հենց Ձեր հեղինակած ֆիլմի հետ: Ավելին՝ տեսակետ կա, որ Ձեր ձերբակալության որոշումը որոշակի կապ ուներ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու Ձեր մտադրության հետ: Ինչպիսի՞ն է այս ամենի շուրջ Ձեր մեկնաբանությունը:
-Այս երկու դեպքերը չեմ կապում իրար հետ, քանի որ ֆինանսների նախարարության կողմից ակտը իմ ՍՊԸ-ի դեմ գրվել էր դեռեւս 2014թ աշնանը, այսինքն՝ երբ ակտը գրվում էր, մեր ֆիլմի մասին դեռ անգամ խոսակցություն չկար: Պարզապես մեր հաշվապահը հարկային տեսչություն ներկայացրած փաստաթղթերի մասով սխալվել էր, եւ սխալ հաշվարկների արդյունքում առաջացել էին հարկեր: Մենք բողոքարկեցինք այդ ակտը դատարանում եւ հիմա վիճարկում ենք այդ հարցը: Նշեմ, որ եթե հարկային պարտավորությունը մեկ միլիոն դրամից ավել է, կարող են քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել:
-Բայց երբ Ձեզ կալանավորեցին, զարմանալի կերպով անհետացավ նաեւ Ձեր նկարահանած ֆիլմի տեսագրությունը:
-Ես ինքս եմ ասել, որ ֆիլմի ընթացքը ժամանակավորապես դադարեցրեք, քանի որ հազար ու մի գործ կար անելու` ռեկլամներ ու նման այլ բաներ, բայց քանի որ ինձ կալանավորեցին, ո՛չ հավես կար, ո՛չ տրամադրություն ու ո՛չ էլ այդ գործով զբաղվող, ես անձամբ էի ուզում այդ ամենով զբաղվել: Այդ ամենը հաշվի առնելով՝ ասացի, որ ֆիլմը շրջանառությունից ժամանակավորապես դուրս հանեն:
-Իսկ ինչպես որոշվեց Ձեզ ազատ արձակել:
-Որոշել էինք, որ այն գումարները, որոնք առաջադրվել էին իմ դեմ, վճարենք ու պարզ ճակատով ներկայանանք ժողովրդին: Մայիսի 4-ին վճարեցինք 169 միլիոն դրամ, եւ մեր նկատմամբ հետապնդումը դադարեցվեց: Այս մասին ես շատ եմ մտածել, շատ անալիզներ եմ արել, որ հասկանամ՝ ինչի հետեւանք էր այս ամենը, բայց հասկացա, որ այս դեպքերը կապ չունեն իրար հետ:
-Այդ դեպքում Ձեր ազատ արձակումից հետո ինչ է լինելու «Հիշողություն» ֆիլմի ճակատագիրը, պատրաստվում եք, ի վերջո, շնորհանդեսը իրականացնել:
-Ավելի լուրջ մի ֆիլմի մասին ենք մտածում, չափից ավելի լուրջ, նոր գաղափարի մասին է, որը ամբողջ աշխարհին կհետաքրքրի:
-Ինչի՞ մասին է:
-Չէի ցանկանա հիմա ասել: Կրոնական, հայ եկեղեցական ֆիլմ է լինելու, Քրիստոսն էլ կա ֆիլմի մեջ, հիմա այդ սցենարն ենք պատրաստել, օգտվել ենք Աստվածաշնչից, մասնագետների, պատմաբանների, աստվածաբանների հետ պետք է հանդիպենք եւ քննարկենք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել, քանի որ դա այնպիսի ֆիլմ է, որ ամբողջ աշխարհին կհետաքրքրի:
-Իսկ հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմը ո՞ւր մնաց, էլ չասենք «Հիշողություն» ֆիլմի մասին:
-Մենք հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմի սցենար չենք ունեցել, ուղղակի նկարահանումների ժամանակ մեր ռեժիսորները ուզում էին այնպիսի ֆիլմ նկարահանել, որ սենսացիա լինի, ու իրենք էին առաջարկում, որ նման ֆիլմ նկարահանենք, բայց անգամ սցենար չունեինք: Ավելին՝ նման հազար ու մի բան էին առաջարկել: Իսկ «Հիշողություն» ֆիլմը, տեսնենք, ընդամենը մի քանի ժամ եմ ազատության մեջ, տեսնեք՝ արդյո՞ք հասարակությունը սպասում է, թե ոչ:
-Իսկ կարո՞ղ է որպես ազատ արձակման պայման Ձեր առջեւ դրվել է նաեւ կոնկրետ այդ եւ հետագա ֆիլմերի գաղափարներից հրաժարվելը:
-Ո՛չ, ո՛չ, ամենայն ազնվությամբ, այդպիսի խոսակցություն չի եղել, եւ հետո այդ ֆիլմը հակահայկական քարոզչություն չի արել, եւ մենք չենք քննադատել որեւԷ կրոնի: Ինքը մի փոքր քաղաքականացված ֆիլմ էր` նախկին ներկա եւ ապագա քաղաքական ուղղվածության մասին, սա էր ամբողջը:
-Միգուցե հենց քաղաքականացված լինելն էր պատճառը, որ ճաղերի հետեւում հայտնվեցիք:
-Չէ, մենք ով ենք, որ մեր պետության, մեր պատմության դեմ որեւէ բան անենք, մենք առաջին հերթին մեզ թույլ չենք տա, դա նույնն է, որ գնաս, ծառայես թուրքին:
-Չնայած Դուք վստահեցնում եք, որ սա Ձեր դեմ իշխանությունների կողմից ուղղորդված գործողություն չէր, այնուամենայնիվ, իրադարձությունների շղթան այլ բան է հուշում: Ձեր կալանավորումից որոշ ժամանակ անց Ձեր որդուն առեւանգման մեջ մեղադրեցին, եւ ներկա պահին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի բաժնում քննություն է գնում:
-Չէ, որեւէ բան չկա, սկզբից էլ բան չի եղել: Ուղղակի ինձ ձերբակալելու օրը մարդիկ կային, որ կապ ունեին այդ ձեռնարկության հետ, եւ տղաս ասել էր` գնացեք, պախկվեք, թե չէ ում առեւանգեինք, ինչի համար առեւանգեինք, մենք այդ մարդիկ չենք:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՖԱՐՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ԲՈՒՐԱՍՏԱՆՈՒՄ»
Երեկ ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում էր 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Քննարկման ընթացքում ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Վանաձորի քաղաքապետի կողմից այս պահին վաճառվում են դրամաշնորհների միջոցով քաղաքին տրամադրված աղբահանության մեքենաները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ այս հայտարարությանն ի պատասխան՝ ասաց. «Արտաքին պարտք ասածն ի՞նչ է, ամեն տարի պետական բյուջեի սուղ միջոցներից, որ հազար ու մի դարդ ու ցավ ունենք, վարկ ենք սպասարկում, որովհետեւ արդյունքում ցմփոր քաղաքապետները, իրենց տեղը նստած, բռնաբարելով երկրի ապագան, ծախսերը փակելու փոխարեն էշություն են անում: Ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեմ ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար»: «Ժողովուրդ»-ը պատգամավորի կոշտ գնահատականի շուրջ զրուցեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:
-Պարո՛ն Դարբինյան, ինչո՞ւ եք վաճառում քաղաքի սեփականություն համարվող աղբի մեքենաները:
-Ամեն մարդ, եթե իր գործով զբաղվի ու իր խելքին հասածի մասին խոսի, լավ կլինի: Ով քաղաքային տնտեսությունից չի հասկանում, նրա վարվելաձեւերը չգիտի, ուզում է յուրաքանչյուր քաղաքապետի որոշում ի՞նքը քննարկի: Այդ տեխնիկան շատ-շատ վնասվել է, ութը տարի անընդմեջ շահագործվել է: Յուրաքանչյուր մեքենայի վրա 3 մլն դրամ գումար պետք է ծախսենք, որպեսզի այն դեռ երկու կամ երեք տարի ծառայի:
-Քանի՞ հատ են այդ մեքենաները:
-Երեքն են: USAID-ի տված մեքենաները չեն, այլ համատեղ ներդրմամբ գնված են, որոնք հանդիսանում են Վանաձորի քաղաքապետարանի սեփականությունը: Մինչեւ ավագանու թույլտվություն չունենանք, չենք կարող վաճառել: Հարցն առաջիկայում կքննարկվի ավագանու նիստին: Թե ինչու են համաշխարհային հարց դարձրել, չեմ հասկանում:
-ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում պատասխանատու լինել «ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար»:
-Ամեն մարդ իր մակարդակով է չափում յուրաքանչյուրի արածը: Դրանք միանգամից ամբիոնից մեծ-մեծ խոսում են, քաղաքային տնտեսություն չգիտեն, իսկ նրանք, ովքեր պատկերացնում են, գոնե կհասկանան, որ ութը տարի շահագործված մեքենաները, եթե քաղաքապետը վաճառում է, ապա այն պատճառով, որ չի ցանկանում դրա վրա անհարկի, նոր կապիտալ ներդրումներ անել:
-Այս պահի դրությամբ դրանք շահագործվո՞ւմ են:
-Այո՛: Հարց առաջ քաշողներին հարցրեք՝ եթե չեք պատկերացնում, գոնե մի՛ խոսեք դրա մասին: Բավական է, որ մարդիկ իրենց գործերով չզբաղվեն: Ակսել Բակունցը շատ լավ էր գրել, չէ՞, ալպիական մանուշակի մասին. ծաղկափոշու մեջ գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՎԱՂԸ ԶԻՆՎՈՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի միջնակարգ դպրոցը 1988 թվականին ունեցել է 370 աշակերտ: Մինչդեռ ներկայումս, ըստ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի, դպրոցն ունի ընդամենը 85 աշակերտ: Այս տարվա սեպտեմբերին՝ 2015-2016 ուսումնական տարում, դպրոցի առաջին դասարանը կունենա 3 կամ 2 աշակերտ: Երրորդ երեխայի` Վազաշենի դպրոց հաճախելը հարցական է: Նշենք, որ օրերս Վազաշենից արտագաղթել է եւս 3 ընտանիք: Տավուշի մարզի սահմանամերձ մյուս գյուղերից նույնպես արտագաղթը շարունակվում է: Սահմանամերձ Ոսկեպար գյուղի ութամյա դպրոցն անցած դարի 70-ական թվականների վերջին ուներ 330 աշակերտ: Իսկ այժմ գյուղի ութամյա դպրոցն ունի ընդամենը 70 աշակերտ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ