Երգիչ Արամոն, ով վերջին շրջանում վերադարձել է իր նախնական մասնագիտությանը` դերասանությանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ իր կինը` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրում, եւ այդ նոր նախագծում մասնակցություն է ունենալու նաեւ ինքը: Արամոն անդրադարձել է նաեւ այսօրվա երգարվեստին, շոու-բիզնեսին եւ նշել, որ զերծ է մնում «գլամուրային կյանք»-ից:
-Արամո՛, երկար ժամանակ Ձեր առաջին մասնագիտությունը «քնեցրել էիք»: Հիմա, երբ վերադարձել եք դերասանությանը, Ձեզ ի՞նչ նոր նախագծի շրջանակում ակնկալենք տեսնել:
-Այո՛, տեւական ժամանակ էր` այն «քնած էր», ամեն դեպքում, թատրոնը շատ եմ սիրում եւ պետք է Ձեզ համար մի փոքր բացեմ փակագծերը. կինս` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրում, որը, հավանաբար, ինչպես «Սեւ, դառը շոկոլադ»-ի դեպքում եղավ, կբեմադրի Սուրեն Շահվերդյանը: Պիեսը համամարդկային արժեքներ կրող հայի կերպարի մասին է, այն մտածելու տեղիք կտա հանդիսատեսին: Ուզում եմ անպայման նշել, որ մենք շատ լավ հանդիսատես ունենք, եւ որ վերջինս կարոտ է ինտելեկտուալ ներկայացման:
-Ի դեպ, հիշում ենք Վարդան Պետրոսյանի հետ Ձեր ներկայացումը… Որքանով տեղյակ ենք՝ միմյանց հետ մտերիմ եք եղել. հետեւո՞ւմ եք նրա դատական գործի ընթացքին:
-Իհարկե, հետեւում եմ: Շատ կցանկանայի, որ համաներում լիներ, եւ նրան ազատ արձակեին: Ի վերջո, շատ ավելի ծանր հանցագործություններ արած մարդկանց են համաներում շնորհում: Բնականաբար, շատ ցավալի բան է կատարվել, բայց պետք է հիշել, որ Վարդանը ստեղծագործող տղա է, շատ նուրբ հոգի ունի, պետք է գոնե հոգեբանորեն չճնշել նրան, միեւնույն է, նա արդեն պատժված է:
-Անդրադառնալով դերասանի Ձեր գործունեությանը` պետք է նկատենք, որ, ի տարբերություն ներկայացումների, գեղարվեստական ֆիլմերում վերջերս հանդես եք գալիս հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կերպարներով: Այդ դերերո՞ւմ էլ եք Ձեզ հարմարավետ զգում:
-Դերասանն իրեն ամեն կերպարում էլ պետք է փորձի, լինի դա հանցագործ, թե թմրամոլ, բժիշկ թե հոգեբան: Ամեն դեպքում, ինքս հաճախ ռեժիսորների հետ զրույցում նշում եմ, որ սիրով կխաղայի լիրիկական, դրամատիկ կերպարներ…
-Ճիշտ է` դերասանական ոլորտում Ձեր գործունեությունն ակտիվացրել եք, բայց փոխարենը երգարվեստի ասպարեզում, կարծես, այն պասիվացրել եք: Եվ հետո, որքանով նկատել ենք, այսպես ասած, «գլամուրային» միջոցառումներին էլ չեք ներկայանում:
-Այսօրվա «երգիչ-երգչուհիկներ»-ը դեռ բարուրի մեջ էին, երբ մեր եւ մեզնից առաջվա սերունդը ներկայացնում էր որակյալ երաժշտություն եւ բարձաճաշակ երգարվեստ: Ցանկալի կլիներ` մեր սերնդի շարունակողներն էլ լինեին, բայց այդ շարունակողներին տեսնում եմ երկու-երեք հոգու մեջ, որոնք տալիս են որակյալ արտադրանք: Իսկ երբ այգու մեջ բլոճներ են մտնում, սկսում են բույսերը ոչնչացնել: Բայց դրա համար էլ կա հակաթույն, որը մեր սերնդի ներկայացուցիչների ստեղծագործության արդյուքն է: Այսօրվա «շոու-բիզնեսիկները» եթե քթի ծակ ունենան, «անջիգյար յար»-ի, «կյանքս-ջանս»-ի պես ախմախ բաներ քիչ կերգեն, մի քիչ իրենց կարոտել կտան: Իսկ ինչ վերաբերում է «գլամուրային միջոցառումներ»-ին, ապա` այո, ես շատ հեռու եմ դրանցից, այդ միջավայրում չեմ գտնում այն մթնոլորտը, որն իմն է: Իսկ իմ ստեղծագործական դադարը նորմալ եմ համարում: Բայց մի բան էլ ասեմ` Էմմա Պետրոսյանը վերջերս փայլուն համերգ ունեցավ Կամերային նվագախմբի հետ, մենախոսության երեկո էր, սակայն ոչ մի լրատվամիջոց չլուսաբանեց այն: Մեկ այլ համերգ էլ լինելու է հունիսին, ես էլ եմ ներկա լինելու: Իսկ հեռուստաընկերությունները լուսաբանում են իրենց ճղճիմ շոու-բիզնեսցի «երգիչ-երգչուհիկներին», որոնց հետ ես չեմ կարող նույն հարթության վրա լինել. մեր «ձիաուժերը» տարբեր են: Ի դեպ, ինքս արդեն 30 տարի է` բեմում եմ եւ ցանկություն ունեմ այդ առիթով համերգ ունենալ…
-Ձեր եւ Էմմա Պետրոսյանի որդին, ով եւս երաժիշտ է, այժմ Գերմանիայում է: Ինքներդ նրա ապագան որտե՞ղ եք տեսնում:
-Որտեղ ինքը որոշի: Նա շատ է սիրում Հայաստանը, Երեւանը: Այնուամենայնիվ, ես կցանկանամ, որ նա ուսումը շարունակի Գերմանիայում, այնտեղի միջավայրին ինտեգրվի, դրսում կապեր ձեռք բերի, իսկ Հայաստանից նրան ոչ ոք չի կտրում: Կարծում եմ` դասական երաժշտության ոլորտի մարդու համար ավելի ճիշտ է այնտեղ մնալը, ուսումը շարունակելը, ստեղծագործելը, նաեւ իր հայրենիքին պիտանի լինելը:
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԱՍՈՆԱԿԱՆ ՇՐՋԱՊԱՏ ԸՆԿՆԵԼՈՒ ՄԵՋ
Վերջերս համացանցում բուռն քննարկումներ եղան ժողովրդական երգերի կատարող Մավր Մկրտչյանի անվան շուրջ: Բանն այն է, որ «Ֆեյսբուք» սոցցանցի հայկական տիրույթից մի օգտատեր իր էջում տեղադրել էր երգչի` «Դլե յաման» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը եւ նրան մեղադրել «մասոնների կռուգներ» մտնելու մեջ` ակնարկելով, որ նա տեսահոլովակում օգտագործել է մասոնական նշանը:
Այդ տեսակետը տեղ գտավ նաեւ որոշ կայքերում. «…Ու երբ տղու կողքին տեսա արդեն կոնկրետ մի երկու հոգու, ասացի` ափսոս էս տղան, մի կերպ պետք է ասել, որ հեռու մնա դրանցից: Բայց ուշացանք…»,- գրել էր օգտատերը` կարծիք հայտնելով, որ Մավր Մկրտչյանը սխալ շրջապատ է ընկել: Այս գրառումը մի շարք մեկնաբանությունների առիթ տվեց, ոմանք անգամ երգչի հասցեին «սատանայական խաղերի մեջ մտնելու» մեղադրանքներ հնչեցրին:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Մավր Մկրտչյանի հետ, ով նշեց, որ իրականում տեսահոլովակում ոչ մի մասոնական սիմվոլ եւ կերպար չկա. «Նախ՝ ինչպես հասկանում եմ՝ մեր ժողովրդի որոշ մասը սիրում է ամեն բան վերագրել մասոնությանը, ինչի ապացույցը հենց այս դեպքն է: Իրականում տեսահոլովակի բոլոր կերպարներն ընտրված են համամարդկային արժեքներին համապատասխան, պատմական եւ ազգային սիմվոլներից, իսկ արդեն նշված «մասոնականության նշանը» նույն հավերժության սիմվոլն է, որն օգտագործվել է անգամ մեր եկեղեցիների վրա: Չեմ կարծում, որ մեր եկեղեցին մասոնական նշաններ է օգտագործել»,- մեկնաբանեց երգիչը` հավելելով, որ սա նաեւ ռեժիսորի` Սերժ Գաբյանի բացատրությունն է:
Ինչ վերաբերում է «մասոնների շրջապատ ընկնելուն», Մավր Մկրտչյանը նշեց. «Չնայած որ հանձինս մասոնների ոչ մի վատ բան չեմ տեսնում, անգամ եթե նրանք լինեին իմ շրջապատում, բայց շատ կուզենայի նյութը գրողի բացատրությունն իմանալ, թե արդյոք ովքեր են այդ մարդիկ, հավատացեք` ինձ էլ է շատ հետաքրքիր»:
Մավր Մկրտչյանը մեր զրույցի ավարտին նման պատասխանատու հայտարարություններ անողներին խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել նյութը եւ նոր միայն արտահայտվել:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՅՈՒՀԻՆԵՐՆ ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼՆ ԵՆ
Ծանոթությունների MissTravel կայքի կողմից կատարված հետազոտության արդյունքներով` աշխարհում ամենասեքսուալ կանայք են ճանաչվել հայուհիները (իսկ սեքսուալ տղամարդիկ` իռլանդացիները): Կայքը հարցում է կատարել շուրջ 100 հազար ամերիկացիների շրջանում: «Չենք կարող չնշել, որ այս հարցման արդյունքների վրա ազդեցություն է ունեցել Քարդաշյանների այցը իրենց հայրենի երկիր` Հայաստան, որտեղ տեղի են ունեցել նկարահանումներ «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի համար»,- գրել է Huffington Post -ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի MissTravel կայքի հարցման արդյունքների համաձայն՝ ամենասեքսուալ կանայք էին ճանաչվել բրազիլացիները, իսկ ամենասեքսուալ տղամարդիկ` ավստրալացիները:
ՔԱՐԴԱՇՅԱՆ ԵՎ ՇԵՐ
«Մետրոպոլիտեն» թանգարանում վերջերս տեղի է ունեցել նորաձեւության ասպարեզի ամենակարեւոր միջոցառումներից մեկը` «Met Gala 2015»-ը: Հյուրերի թվում եղել են Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, Ջորջ եւ Ամալ Քլունիները, Բեյոնսեն եւ Ջեյ Զին, Մադոննան, Ռիհանան եւ այլք: Կոստյումի ինստիտուտի հանդեսին գնահատվել է մասնակիցների հագուկապը: Վերջիններս ցուցադրել են դիզայներների լավագույն ստեղծագործությունները: Միջոցառման խորագիրը եղել է հետեւյալը. «Չինաստանի շշուկը. Արեւելքի հեքիաթները արվեստում, ֆիլմերում եւ նորաձեւության մեջ»:
Մեր հայրենակից, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է, որ իր շորն ընտրելիս ոգեշնչվել է Շերի այն զգեստից, որով վերջինս ժամանակին ներկայացել է առաջին «Met Gala»-ին: Քիմ Քարդաշյանը գրել է, որ շատ ուրախ է եղել միջոցառման ժամանակ հանդիպելով Շերին, որի հետ խոսել են Հայաստան կատարած իրենց հիանալի ուղեւորությունների մասին:
ԺՅՈՒՐԻՆ ՀԱՅՏՆԻ Է
«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիների կազմը: Նշենք, որ վերջին տարիներին մտցված փոփոխության համաձայն` ժյուրիի ձայները կազմելու են քվեարկության վերջնական արդյունքների 50 տոկոսը: Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են` Արամ MP3-ը, Նունե Եսայանը, Գրիգոր Նազարյանը, Արեւիկ Ուդումյանը, Արեն Բայադյանը, Լեյլա Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: