Ովքեր էին ազատ արձակվել Սերժ Սարգսյանի ներման շնորհիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 5 դատապարտյալի, մասամբ` 16-ի:

Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ ներում շնորհվել է նախորդ տարեվերջին: Սերժ Սարգսյանի հրամանագրով` պատժի կրումից ազատ է արձակվել 12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿ վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խնամին:

Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը դատապարտվել էր 2012 թվականի հունիսին դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով։ Նշենք նաև, որ 12 տարվա ազատազրկման դատապարտված ու արդեն ազատ արձակված Ս․ Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության նախագահին նամակ էր գրել` խնդրելով գործը վերցնել իր հսկողության տակ: Այսպիսով, նամակը «տեղ էր հասել»:

2012-ին կալանքից ազատ էր արձակվել ԳԱԶ-2410 մեքենայով նախագահականի դարպասները գրոհած Վաչագան Իսոյանը, նրա դեմ հարուցված գործը կարճվել էր` գործուն զղջման հիմքով:

Սերժ Սարգսյանի կողմից դատապարտյալներին ներում էր շնորհվել նաև 2009 թվականի դեկտեմբերին: Նա հրամանագիր էր ստորագրել Մարտի 1-ի գործով 2-4 տարով դատապարտված 9-ը անձանց` Եղիշե Գրիգորյանին, Կարեն Թարխանյանին, Ավետիք Ղռեջյանին, Կառլեն Մանուչարյանին, Արմեն Մովսիսյանին, Հարություն Մկրտչյանին, Նորիկ Հարությունյանին, Սարգիս Պարունակյանին, Ռաջու Պետրոսյանին:

Հանրապետության նախագահը ներման հրամանագիր ստորագրելու որոշումը կայացրել է` հաշվի առնելով ինչպես դատապարտվածների կողմից ՀՀ Նախագահին ուղղված ներման խնդրագրերն, այնպես էլ` նախկինում դատապարտված չլինելը, քրեական գործի և այլ`ընտանեկան ու առողջական հանգամանքները:

Սերժ Սարգսյանն առաջին անգամ ներման հրամանագիր էր ստորագրել հենց իր` նախագահ դառնալու տարում` 2008-ին: Նրա հրամանագրով ազատ էր արձակվել սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը: Թեպետ ավելի ուշ նախագահը պաշտոնապես հայտարարել էր, թե Արմեն Սարգսյանին ոչ թե ներում է շնորհվել, այլ կրճատվել է պատժաժամկետը: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով:




Լրահոս