Օրերս համացանցում հայտնված ռեփեր ՀՐԱԳ ՍԻՄՈՆՅԱՆԻ տեսահոլովակը բուռն քննարկումների առարկա դարձավ: Քննարկում էին ոչ թե ռեփերին, այլ այն հանգամանքը, որ նա «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետեւորդ է, որի անդամներն օգնում ու հովանավորում են նրան: Ճիշտ են արդյոք այս խոսակցությունները, ինչին եւ ում է հավատում 19-ամյա ռեփերը՝ պարզեցինք հենց իրենից:
-Ես չեմ հավատում ինչ-որ շինություններին ու եկեղեցիներին, ես հավատում եմ Աստծուն ու Սուրբ երրորդությանը:
-«Կյանքի խոսք»-ի հետեւորդներն էլ են ասում, որ Սուրբ երրորդությանն են հավատում:
-Ես ունեմ ազատ կամք, կարող եմ մի օր Բուդդային հավատալ, մյուս օրը` ծառին, դա չէ հարցը, պետք չէ այդքան խորանալ: Ես կիրակի օրերը գնում եմ «Կյանքի խոսք», բայց դա չի նշանակում, որ ինձ ֆինանսավորում է Արթուր Սիմոնյանը, ես ընդհանրապես կապ չունեմ «Կյանքի խոսք»-ի ֆինանսների հետ: Ես այնտեղ գնացել եմ ու իմ ձեռքով սովածի եմ կերակրել: Ես այնտեղ չեմ տեսել զոմբիացում կամ այլ բաներ, ու ինձ ոչ ոք չի կարող դատել, թե ես ինչի եմ գնում, էնտեղ գնալով՝ իմ մեջ միայն բարություն է սերմանվում:
-Դուք պնդում եք, որ «Կյանքի խոսք»-ն աղա՞նդ չէ:
-Թող ոչ ոք ինձ չասի՝ դու աղանդավոր ես: Ու հետո, ոչ ոք էլ Հայաստանում չի բացատրում` աղանդն ինչ է: Աղանդավորները նրանք են, ովքեր առանձնացել են կրոնական կազմակերպությունից, բայց ես չեմ առանձնացել իմ կրոնական կազմակերպությունից ու գնացել ուրիշ տեղ: Էստեղ եկեղեցու հարցը չեմ դնում, այլ Աստծուն հավատալու հարցը: Էսօրվա դրությամբ «Կյանքի խոսք»-ը չի ասում՝ Առաքելական եկեղեցի մի՛ գնա: Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որ Առաքելական են գնում, ինքս էլ կարող եմ մտնել, մոմ վառել, դա իմ համար նորմալ է: Ես չեմ ասում, որ դեմ եմ Առաքելականին:
-Կարելի՞ է իմանալ՝ ինչն է, որ չեք գտել Հայ առաքելական եկեղեցում ու ստացել եք «Կյանքի խոսք»-ում:
-Ես «Աստվածաշնչից» դուրս ոչ մի դոգմաների ու գրքերի չեմ հավատում: Հավատում եմ այն ամենին, ինչ գրված է «Աստվածաշնչում», բայց ոչ էն «Աստվածաշնչին», որտեղ կան Լեւոն Տեր- Պետրոսյանի ամբախ-զամբախ բաները: Հայ առաքելական եկեղեցու «Աստվածաշնչով» եմ շարժվում: Ու նույն բանը քարոզում են «Կյանքի խոսք»-ում, ուղղակի այս եկեղեցին ամերիկյան գաստել ոճի եկեղեցի է, բենդով է փառաբանությունը: Ինձ դա է քաշում, որ շարականներն ու երգերը բենդով է, կիթառով, ավելի զարգացած ձեւով ու ամենակարեւորը՝ հասկանալի լեզվով: Ես չեմ կարող գնալ Առաքելականում էդ անհասկանալի լեզվով շարականը լսել, չեմ հասկանում: Մի անգամ էլ ինձ հրավիրել էին Առաքելական եկեղեցի քարոզի, ու քահանան ինչ խոսեց, ես չհասկացա: Պարզ լեզվով չէր խոսում:
-Ուզում եք ասել, մեր եկեղեցին թերանո՞ւմ է մարդկանց իրական հավատ ներշնչելու գործում:
-Ես չեմ ասում` թերանում է, չեմ ասում` ես դեմ եմ, ուղղակի դիսկոմֆորտ եմ զգում: Ուզում եմ, որ «Աստվածաշնչում» գրվածը ինձ պարզ բացատրվի: Կուզեի, որ մեր հոգեւոր առաջնորդը` Գարեգին կաթողիկոսը, մի օր նշանակեր, սաղ ժողովրդին հավաքեր, «Աստվածաշունչ»-ը դներ ու խոսար, բացատրեր՝ ինչ է գրված: Հարցը շինությունը չէ, այլ գաղափարը: Պարտադիր չէ, որ կաթողիկոսը գնա միայն Գրիգոր Լուսավորիչի պատերի մեջ, ու մարդիկ միայն էնտեղ լսեն նրան: Թող մի օր, օրինակ, հրապարակում բոլորին հավաքի ու ասի` կինը տղամարդու համար է, տղամարդը` կնոջ, մնացած տարբերակները սխալ են:
-Իսկ չե՞ք կարծում, որ հենց «Կյանքի խոսք»-ում է այլ կերպ մեկնաբանվում «Աստվածաշունչ»-ը:
-Ես գնում եմ ու չեմ կարծում, որ էնքան դեբիլ եմ, որ չկարդամ ու ասածը չլսեմ: Խոսքը ասում են, հետո ասում են` կարդացե՛ք, որ հետո չասեք, թե մենք խաբում ենք: Ա՛յ էդ օրին է հասել, որ հովիվը կարող է կանգնի ու բարձրաձայն ասի, որ մենք չենք խաբում մարդկանց:
–Դուք ընդամենը 19 տարեկան եք, Ձեր ծնողներն ինչպե՞ս են վերաբերվում Ձեր ընտրությանը:
-Իմ ծնողները դեմ չեն, որ ես հաճախում եմ: Մեր ընտանիքի գլուխը` իմ հայրը, «Կյանքի խոսք» չի հաճախում ու ինքն է իմ շոու բիզնեսի հովանավորը: Ես ունեմ իմ սեփական ստուդիան, իմ սեփական նկարահանման խումբը: Սուտ է, որ ինձ «Կյանքի խոսք»-ն է հովանավորում: Ես, կոպիտ ասած, իմ հոր փողերն եմ ծախսում:
-Ինքներդ որեւէ տեղ աշխատո՞ւմ եք:
-Ո՛չ, չեմ աշխատում: Իմ նպատակը գումար աշխատելը չէ, ես գումարի խնդիր չունեմ: Մենք ընտանեկան բիզնեսներ ունենք, որ գնում են ժառանգաբար:
-Եթե աշխատում եք ոչ գումար վաստակելու համար, այդ դեպքում ինչի՞ համար եք այդ ամենն անում:
-Ազգիս համար: Իմ ռեփը շատ երիտասարդների օգնել է:
-Ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր առաջ հեռուստաընկերությունները դռները չեն փակում, շատ սկսնակների դեպքում այդ խնդիրը կա:
-Փողին մուննաթ: Գումարը եղանակ է ստեղծում, բայց էնպես չէ, որ միլիոններ եմ ծախսում: Չնայած «Դար 21»-ով իմ տեսահոլովակը ձրի են ցուցադրել, քանի որ Հայաստանում առաջին ռեփերն եմ, ով ե՛ւ պարում, ե՛ւ երգում է: Իսկ մյուս հեռուստաընկերություններին իրենց իսկ պահանջով վճարել եմ, մեկին 100 000 դրամ, մյուսին` 150 000 դրամ: Մի բան կուզեի ավելացնել, թող իմ կյանքը ոչ մեկին չհետաքրքրի, ամեն մեկը թող իր կյանքով ապրի, Աստված էլ օրհնի այդ քննադատողներին:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ