ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ Նախագահի ներկայությամբ, ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, Հայաստանը և Միացյալ Նահանգները, ըստ փաստաթղթի, հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։
Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է՝ բացահայտելու երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։