Ավետիսյանների հարազատները, եթե հարկ լինի, կդիմեն նաև Եվրադատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է չորս ամիս, սակայն, ինչպես և նախկինում, այսօր ևս, ոչ միայն հասարակությունը, այլ նաև Ավետիսյանների հարազատներն ու իրավահաջորդներն իրենք շատ քիչ տեղեկություններ ունեն գործի քննության ընթացքից: Արդեն վաղն էլ երբեմնի ուրախ ու ջերմ ընտանեկան հարկ ներկայացնող տունը, ամենայն հավանականությամբ, կհանձնվի Ավետիսյանների հարազատներին ու իրավահաջորդներին և վերջ: Ավետիսյանների իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը գտնում է, որ գործի նախաքննությունը տեղում դոփում է ու շարժ ու առաջընթաց չկա: Այժմ էլ որոշել են, որպեսզի Ավետիսյանների տան դռանն ու պատուհաններին ճաղավանդակներ քաշեն, իսկ հարևանն էլ շտապում է պարիսպ կառուցել:

Տիկին Պետրոսյանի խոսքով ճաղավանդակները դրվում են, քանի որ հսկողությունը հանվելու է: Համենայն դեպս տիկնոջն ու մյուսներին այդպես են հավաստիացրել փաստաբանները` նշելով, որ այս պահին նույնիսկ ոստիկանությունը հսկողություն իրականացնում է առանց օրինական հիմքերի, քանի որ դեպքի վայրի տարածքի անհրաժեշտ հսկողության համար սահմանված ժամկետը լրացել է: Տիկինը նաև չի հավատում փաստաբանների խոսքին. գտնում է, որ նախկինում այլ էր փաստաբանների վերաբերմունքը գործին, հիմա այլ, նախկինում ավելի շահագրգռված էին, հիմա մի տեսակ մակերերսայնություն կա:

Հիմա իրենք` Ավետիսյանների հարազատներն ու իրավահաջորդները իրենց զգում են միայնակ ու լքված: Կառուցվող պարսպի հետ կապված տիկին Պետրոսյանը գտնում է, որ ուղղակի հիմա նրանց մոտ խղճի խայթն է արթնացել, քանի որ անհնարին էր, որ պատկից հարևանը չլսի քսանյոթ-քսանութ կրակոցը: «Իհարկե լսել են, սակայն համարժեք կերպով չեն արձագանքել ու հիմա տանջվում են խղճի խայթից», ասում է տիկին Պետրոսյանը ու հավելում, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Իրենց ոչ ոք ոչինչ չի ասում, իսկ երբ ուզել են ռուսական կողմից տեղեկատվություն ստանալ, հայ իրավապահները թույլ չեն տվել` պատճառաբանելով, որ դա օրինական չէ: Փաստաբաններին էլ երբ շատ են զանգում հետաքրքրվում, վերջիններս են նեղվում:

Սպանված ընտանիքի իրավահաջորդներն ու հարազատները արդեն մի քանի ամիս սպասում են գենետիկ փորձաքննության արդյունքներին, թեև այդ հարցում էլ մեծ հույսեր չունեն: Տիկին Պետրոսյանի համար այս ամբողջը շատ տարօրինակ է թվում: Հակված է կարծելու, որ ինչ-որ արգելող հանգամանք կա կամ էլ վախ, որ մինչ այժմ` արդեն չորս ամիս, գործը նման դանդաղ ընթացքով գրեթե տեղից չի շարժվել:
Սակայն որքան էլ, որ ձգձգեն, Ավետիսյանների իրավահաջորդներն ու հարազատները, ըստ տիկին Պետրոսյանի, տրամադրված են վճռական և եթե հարկ լինի, կդիմեն նաև Եվրադատարան, քանի որ յոթ հոգու սպանությունը ճանճ սատկացնել չէ, որ մոռացության մատնվի:

Իսկ տեսադաշտում Ավետիսյանների տունն է չարագուշակ լռության մեջ գերեզմանային խաղաղությամբ, ուր դեռ Ամանոր է` հունվարի տասներկուսի արյունոտ ու սահմռկեցուցիչ լուսաբացը, երբ մի ամբողջ ընտանիքի հանդեպ իրականացվեց մինի-ցեղասպանություն և կյանքը կանգ առավ մի ողջ ընտանիքի համար:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս