Պաշտոնյաները հրաժարվել են ներկա գտնվել գործարարների համագումարին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Գործարարները, մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները, այսօր՝ մայիսի 8-ին, «Էրեբունի պլազայում» հրավիրել են իրենց առաջին համագումարը: Մեզ տեղեկություններ են հասել, որ համագումարին մասնակցելու նպատակով նրանք հրավիրել են պաշտոնյաների, սակայն նրանցից ոչ ոք, կարծես թե, մտադիր չէ գնալ միջոցառմանը եւ իր ներկայությամբ պատվել այն՝ պատճառաբանելով Հաղթանակի տոնը: Թեեւ այսօր ընդամենը տոնի նախօրեն է: Հիշեցնենք, որ նրանք այն գործարարներն են, ովքեր ակտիվորեն բողոքի ակցիաներ էին անում շրջանառության հարկի հետ կապված եւ կարողացան հասնել նրան, որ կառավարությունում իրենց ընդունի անձամբ վարչապետը:

Ավելին՝ ՓՄՁ ներկայացուցիչների բարձրացրած աղմուկի շնորհիվ կառավարության պաշտոնյաները ստիպված էին լինում աշխատավայրում մնալ աշխատանքային ժամերից հետո եւ բուռն քննարկումների, բանավեճերի մեջ էին հայտնվում: Համագումարին պաշտոնյաների ներկա չգտնվելու պատճառները կարող են տարբեր լինել, թերեւս վախենում են նոր ձեւավորվող կորիզից, որն ապագայում կարող է իրենց համար խնդիրներ ստեղծել, ստիպել նստել բանակցությունների: Բայց չկա չարիք առանց բարիքի, ոչ ոք չի կարողանա ասել, որ այս նախաձեռնությունն «իշխանության պրոյեկտն» է»:

Ավելի մարամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս