«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության թուլացումն ու հասարակության անտարբերությունն ուղղակիորեն ազդում են իշխանության որակի ու պահվածքի վրա: Եվ դա նկատելի է ամենուրեք: Իշխանավորների ինքնավստահությունն ու ցինիզմն օրեցօր աճում են, նրանք ավելի ու ավելի անամոթ, իրենց գործողություններում ավելի համարձակ են դառնում: Թվում է՝ ուրիշ ի՞նչ պետք է անեն հայտնի մարզպետն ու իր կրիմինալ որդին, որ զրկվեն իշխանական կերակրատաշտից, հայտնվեն ճաղերի ետեւում, պատասխան տան իրենց հանցագործությունների համար:
Բայց՝ ոչ, նրանց «հաղթարշավը» շարունակվում է, հերթական զոհերն էլ հիվանդանոցում են: Թվում է՝ ինչքա՜ն պետք է անամոթ լինի իշխանությունը, որ յուրաքանչյուր ազատվող աթոռին փորձի նստեցնել սեփական զավակներին կամ իր հետ արյունակցական եւ այլ սերտ կապեր ունեցող անձանց: Օրենքը, անշուշտ, չի արգելում վարչապետի որդուն՝ մասնակցելու որեւէ համայնքի, այդ թվում՝ Արտաշատի քաղաքապետի թափուր պաշտոնի համար կազմակերպվելիք ընտրություններին, բայց տարրական պարկեշտությունը պահանջում է, որ Աբրահամյանները բավարարվեն վարչապետական աթոռով եւ իրենց ընտանեկան բիզնես-գործունեությամբ:
Սակայն այս չափանիշները Հայաստանի համար չեն: Մեզանում իշխանությունն անամոթ է, ագահ, առանց արգելակների ու խղճի խայթի: Ընդ որում, այս «սերնդափոխությունը» համակել է բոլոր համակարգերին: Անգամ մշակույթի ոլորտում, որտեղ ավանդաբար մտավորական բարքեր են տիրել, սկսել են բարեկամ-մտերիմներին պաշտոնների նշանակել. երեկ տեղեկացանք, որ Պատմության թանգարանի տնօրենն էլ իր պաշտոնը եղբորորդուն է փոխանցել: Ցավալի է 2015 թվականին արձանագրել, որ մենք չկարողացանք դեմոկրատական, մրցակցային, ազատ երկիր կառուցել, այլ կամաց գլորվեցինք դեպի ֆեոդալական ասիականության գիրկը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: