ԴՈՒ ԻՄ ՎԵՐՋԻՆԸ՝ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ, ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն օժտված է իսկական հայ տղամարդուն, տարոնանժդեհականին հատուկ բոլոր առանձնահատկություններով: Բանն այն է, որ հայ տղամարդիկ մշտապես թուլություն են ունեցել շիկահեր, երկար ոտքերով ռուս կանանց հանդեպ: Եւ ահա, Տարոն Մարգարյանը՝ որպես իսկական հայ տղամարդ, վերջին օրերին պարբերաբար ի ցույց է դնում իր նախասիրությունները:
Երեւանի քաղաքապետարանի, բնականաբար նաեւ անձամբ քաղաքապետ Մարգարյանի նախաձեռնությամբ կիրակի օրը Հանրապետության հրապարակում կազմակերպված «Էրեբունի-Երեւան 2794» տոնական համերգի ժամանակ ելույթ էին ունենում ռուս էստրադայի գեղեցկուհիները՝ Վերա Բրեժնեւան ու «Սերեբրո» խմբի երգչուհիները: Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կանանց հետ «զմայլվում էին» կարճ տաբատներով բեմ դուրս եկած ռուս գեղեցկուհիների երգ ու պարով: Ընդ որում, զմայլվում էին Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ներկայությամբ՝ նրա հետ միասին:
Երեկ էլ Տարոն Մարգարյանը ջերմ հանդիպում է ունեցել բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ (տե՛ս լուսանկարում): Թե ինչու է Երեւանի քաղաքապետն ընդունել բալետի պարուհուն, մայրաքաղաքին առնչվող ինչ օրախնդիր հարցեր է քննարկել նրա հետ, անհասկանալի է:
Իսկ մինչ այդ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Վոլոչկովայի հետ հանդիպումը ակտիվ քննարկումների տեղիք էր տվել. «Այսքան փայլող երբեք չէի տեսել քաղաքապետի աչքերը, ինձ թվում է՝ քաղաքապետի մոտ այս ամիս ընդունելությունների շարք է ռուս աղջիկների… մի խոսքով Տարոն Մարգարյանը հիմա կասի՝ օրհնվի էն սհաթը «որ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց» ու իրեն նման հնարավորություններ ընձեռեց»,-գրել է օգտատերերից մեկը: Մի քաղաքացի էլ նկատել է. «Երեւում ա շատ տաք եւ կրքոտ հանդիպում է եղել: Ասում են՝ մայրաքաղաքում այդ օրը 4-5 աստիճանով ջերմաստիճանը բարձրացել է»: «Հետո՞: Հետո երկուսն էլ գիտակցեցին, որ քրիստոնեությունը սխալ կրոնա, մարդ մի անգամա ապրում: Առավոտյան Վալաչկովան իր բլոկնոտում պտիչկա դրեց, Տարոնն էլ իր օրագրում գրեց, փաստորեն էսքան ժամանակ անիմաստ ապրել եմ: Եւ այդպես շարունակ»,-գրել է մեկ ուրիշը: Նաեւ առաջարկ է հնչել՝ Վոլոչկովայի արձանն էլ դնել Երեւանի փողոցներից մեկում:
Հիշեցնենք, որ նախկինում Անաստասիա Վոլոչկովայի հանդեպ հետաքրքրություն էր ցուցաբերել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը, ում հրավերներով էլ նա պարբերաբար այցելում էր Երեւան: Բայց Վոլոչկովան արդեն ոչ թե Արզաքանցյանի, այլ Տարոն Մարգարյանի հյուրն է:
Հ.Գ. Դատելով Երեւանի Կոմայգու շուրջ ամեն գիշեր տեղի ունեցողից՝ ուրախալի է, որ Տարոն Մարգարյանը Վոլոչկովային այդպիսի հայացքով է նայում:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս