ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԴՄ-ՆԵՐՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՆ
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երեկ հայտնել է, որ 2013թ. հունվարի 1-ից  նոր, տեխնիկապես ավելի հագեցած ՀԴՄ-ներ կտեղադրեն միայն խոշոր գործարարները, որոնք վճարում են ամսական ԱԱՀ։ Իսկ միջին եւ փոքր ընկերությունները նոր ՀԴՄ-ներին անցում կկատարեն 2014թ.-ի եւ 2015թ.-ի հունվարի մեկից։ Նոր ՀԴՄ-ները պետք է ունենան չջրվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G ու GPRS կապուղիներով ինտերնետին միանալու եւ տվյալներ փոխանցելու եւ այլ հնարավորություններ։ Դրանք կարժենան 180 հազար դրամ:

ՇԱՏ ԽՈՇՈՐ
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է,  թե խոշոր բիզնես ունի: Հարցին, թե այդ դեպքում գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում որտեղից է գոյացել 3 մլն դոլարը, Գ. Խաչատրյանը խորհուրդ է տվել ուսումնասիրել իր բոլոր նախորդ հայտարարագրերը: Նա հաստատել է, որ առանձնատուն ունի, սակայն նշել է, որ այն կառուցել է օրինական ճանապարհով ստացած եկամուտներից: Նշենք, որ այդ առանձնատան խոշոր չափերից դատելով (լուսանկարները հրապարակվել են «Ժողովուրդ»-ում), դժվար է հավատալ պարոն Խաչատրյանի պնդումներին, թե նա խոշոր անձնական բիզնես չունի: Այդպիսի առանձնատուն ունենալու համար ոչ թե խոշոր, այլ շատ խոշոր բիզնես պետք է ունենալ:

ԴՌՆՓԱԿ
Հայաստանում հավատարմագրված մի շարք պետությունների դեսպաններ երեկ երեկոյան հանդիպել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Հանդիպման առիթը Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի 135-ամյակն է եղել։ Սակայն, ինչպես «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, այդ հանդիպումը շարունակվել է նաեւ փակ դռների հետեւում՝ առանց կողմնակի անձանց եւ տեսախցիկների։ Նա ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է լուրը, թե դռնփակ հանդիպման ընթացքում քննարկվել է Օսկանյանի հարցը:

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ «Շքեղության հարկի մասին» օրենքը մեծ վնաս է հասցրել պետական բյուջեին: Սակայն տեղեկացանք, որ դա նախագիծ է եղել եւ շփոթության մեջ գցել բոլորին: Անգամ ԱԺ-ի ու կառավարության ներկայացուցիչները տեղյակ չէին, որ այդ օրենքը չի ընդունվել, եւ միայն երկար փնտրտուքներից հետո կարողացանք պարզել, որ իրականում նման օրենք չկա: Նախագծի հեղինակ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ նախագիծը չի ընդունվել: Թյուրիմացության համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:

ԿԴՅՈՒՐԱՑՎԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼԸ
Բրյուսելում ԵՄ ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցն ու Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին երեկ նախաստորագրել են ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Նախատեսվում է, որ դրանք կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին եւ վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր, մասնավորապես պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների եւ այլոց համար: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:




Լրահոս