Դատավորների գործն էլ գործ չէ. նրանք կարծես թե հայտնվել են երկու քարի արանքում: Մի կողմից պետք է կատարեն Սերժ Սարգսյանի հրապարակային ցուցումը` անկախ եւ միաժամանակ հաշվետու լինեն հանրությանը, իսկ մյուս կողմից պետք է հասկանան, որ բացարձակ անկախություն լինել չի կարող:
Ի՞նչ են հիմա զգում դատավորները, երբ արդարադատության խորհուրդը (ԱԽ) սկսել է կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցներ կիրառել, դրան զուգահեռ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) այստեղ են հասնում ՀՀ-ի դեմ կայացված վճիռները: Քանի որ պետական մեքենայի եւ դատավորների ձեռամբ կատարված սխալի պատճառով պետությունը բյուջեից վճարել, վճարում եւ շարունակելու է վճարել հսկայական գումարներ, իշխանությունն արդեն ճանապարհներ է փնտրում այդ գումարները ռեգրեսիվ հայցերով` սխալ թույլ տված պաշտոնյաներից հետ բերելու մասին: Սա կարող է զսպաշապիկ լինել կամայականություններ կատարող աթոռավորների համար, բայց եթե ԱԽ-ն պատիժները կիրառի միասնական չափանիշներով, օբյեկտիվորեն եւ դրանք կանխատեսելի լինեն պոտենցիալ պատժվողների համար:
Ուստի նախ գնահատենք ԱԽ աշխատանքի ՕԳԳ-ն եւ մի քանի օրինակներ հիշենք նրա «պատժի ցուցակից». ԱԽ-ն այս տարվա սեպտեմբերի 7-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանին հայտարարել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Այս տարվա հուլիսի 24-ի նիստում ԱԽ-ն պատժել է եւս երկու դատավորի. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանին հայտարարել է նախազգուշացում: Իսկ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին հայտարարել է խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Դրանից մոտ մեկ ամիս առաջ էլ ԱԽ-ն պատժել է նույն դատարանի եւս երկու դատավորների` դատարանի նախագահ Վլադիմիր Գրիգորյանին, ում հայտարարել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, ինչպես նաեւ դատավոր Վարդան Գրիգորյանին, ում եւս հայտարարվել է նախազգուշացում:
Այս պատիժներն արդյոք կարող են «ուղղել» դատավորներին եւ ինչ ազդեցություն կարող են ունենալ ընդհանրապես արդարադատության համակարգի առողջացման վրա: Ազդեցությունը հավանաբար կլինի զրո կամ «սառը ցնցուղ»` հետեւյալ պատճառաբանություններով. մի կողմ թողնելով ԱԽ-ի որոշումների օրինական կամ անօրինական լինելու հանգամանքը` անդրադառնանք դրանց հնարավոր սուբյեկտիվությանը: Նախ արձանագրենք մի բան. պատժված դատավորների մեջ չկան այն դատավորները (օրինակ` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների, վերաքննիչ, վճռաբեկ դատարանների), որոնց անունները շրջանառվել եւ շրջանառվում են հանրային գերակա շահի, մարտի 1-ի դեպքերի հետ կապված բազմաթիվ աղմկահարույց գործերով, եւ որոնց կայացրած դատական ակտերով ԵԴ-ն ճանաչել է ներպետական դատարանների կողմից կատարված սխալները: Մինչդեռ հենց այդտեղից պետք է սկսվեր պատիժների եւ աշխատավարձերի բռնագանձման իրականացումը, որպեսզի այդ դատավորները հասկանային` քաղաքացուն հոգեպես, ֆիզիկապես եւ նյութապես ծանր վիճակի մեջ դնելուց հետո կարող են իրենք հայտնվել նույն վիճակում:
Բայց ԱԽ անդամները նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորներ են եւ որոշ դեպքերում մասնակցել են մարդու իրավունքների խախտմանը. արդյոք իրենք իրենց կպատժեն… Սա` սուբյեկտիվության մի պատճառ: Երկրորդ պատճառը գուցե թաքնված է համակարգային «խանդի» մեջ. նկատենք, որ պատժված դատավորների մեջ շատ են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավորները դատարանի նախագահ Վլադիմիր Գրիգորյանի հետ միասին: Վերջինս մի քանի տարի առաջ էր դատախազությունից եկել դատական համակարգ: Իսկ այստեղ թեեւ հաշվի են նստում դատախազների հետ եւ շատ դեպքերում հենց դատախազների բերած մեղադրանքը գրեթե նույնությամբ արտացոլում իրենց դատական ակտերում, բայց շատերը կարող են հավաստել, որ դատավորները սովորաբար չեն սիրում դատախազներին առնվազն մեկ պարզ պատճառով. դատավճիռներ կայացնելիս դատավորը շատ դեպքերում իր վրա է վերցնում նաեւ նախաքննական մարմնի «մեղքը», իսկ հիմա նաեւ պիտի պատասխան տան: Չի բացառվում, որ այս դեպքում ԱԽ-ն որոշել է ուղղակի դատավորների «մուռը» Վ. Գրիգորյանից հանել` օգտվելով Սերժ Սարգսյանի «նախընտրական ջղայնությունից»:
Կամ գուցե ԱԽ-ն որոշել է ծայրամասային դատարանից սկսել` իշխանությանը հնազանդ ծառայող, թեեւ պետբյուջեին վնաս «հասցրած» դատավորներին «հուշտ չանելու» համար, քանի որ շուտով սկսվելու է նախագական ընտրությունների նախընտրական շրջանը, եւ այդ դատավորներին լուրջ «փորձություններ» են սպասվում: Իսկ ովքեր այդ «փորձություններին» չդիմանան, կա՛մ հրաժեշտ կտան իրենց պաշտոնին, կա՛մ կպատժվեն համապատասխան խստությամբ` կախված իշխանության հանդեպ թույլ տված հանդգնությունից: Ստացվեց, որ դատավորն իսկապես չի կարող բացարձակ անկախություն ունենալ (լավ իմաստով): Քանի դեռ արդարադատության համակարգի առողջացումը կանխարգելող նման սուբյեկտիվ գործոններ կան, ԱԽ-ն, «անմեղ» դատավորներին պատժելով, ցույց կտա հանրությանը, թե կատարում է Ս. Սարգսյանի հրահանգը: Սակայն դա կլինի գրեթե անարդյունավետ, որովհետեւ շարքային հարկատուի գումարներից հավաքագրված պետբյուջեն շարունակելու է դատարկվել չպատժված դատավորների եւ դատախազների կամայականություններից, որոնք ծառայել են տվյալ պահի իշխանությանը եւ դատավորների գրպանին:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ` ԱԽ-Ի ԵՎ ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ