Ինչո՞ւ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներն ապրիլի 25-ին ազատ չարձակվեցին. նրանք հանցագործության մասին հաղորդում կտա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար խոսվում է այն մասին, որ ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի և նրա խմբի անդամների դեմ հարուցված քրեական գործը կկարճվի: ՀԽ անդամների փաստաբան Հայկ Գրիգորյանն էլ լրատվամիջոցներին վստահեցրել էր, որ գործը պետք է կարճվի: Ավելին` փաստաբանի խոսքով, քանի որ հարցը քաղաքական է, արդեն խնդրի մեկ այլ կողմն է կարճումով, թե մեկ այլ ձևով կավարտվի այն: Բայց փաստաբանի համար ակնհայտ է, որ նման ձևով քրեական հետապնդումը չի կարող շարունակվել և ներկայացվել դատարան:

Armlur.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատեց, որ որպես կանոն` ընդունված է իրավիճակի փոփոխության ձևակերպմամբ քրեական հետապնդման դադարեցումը: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ նման ձևակերպմամբ են դադարեցվել 31-ի գործով անցնող շատ անձնաց նկատմամբ հայտարարված քրեական հետապնդումները և ազատվել են կալանքից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք (խմբ. «Վահան Հովհաննիսյան+30» գործը վերաբերում է 1995 թ.-ի օգոստոսի 1-ին Երևանի Լենինգրադյան-Շինարարների փողոցների հատման մասում երկու ոստիկանների սպանության դեպքին: Այս գործով բոլորն ազատվել են պատժի կրումից, և միայն Տիգրան Վարդգեսի Ավետիսյանն է դատապարտվել ցմահ ազատազրկման):

«Տվյալ դեպքում հնարավոր է` լինի հիմնավորում, որ մեղադրանքի հիմքում ընկած օբյեկտիվ տվյալները վերացել են: Քանի որ կատարվածը կոնկրետ կապված էր ապրիլի 24-ի հետ, իսկ այն արդեն անցել է, ուստի զանգվածային անկարգությունները և դրանցից բխող վտանգն էլ չկա, և քրեական հետապնդումը կարող է դադարեցվել»:

Հարցին, այդ դեպքում կարիք կա՞ր երկամսյա կալանք նշանակել, Armlur.am-ի զրուցակիցը պարզաբանեց, որ իհարկե, օրենքով նախատեսվում է նաև մեկամսյա կալանք, ուստի վարույթն իրականացնող մարմնի որոշումն անտրամաբանական է:

«Խնդիրն այն է, թե ինչու երկամսյա, մանավանդ, որ շատ գործերում մեկ ամիս է նշանակվել: Ստացվում է, որ բոլոր գործերն էլ նույն վիճակո՞ւմ են: Երկամսյա կալանքի որոշումը խնդրահարույց է այնպես, ինչպես դատախազի որոշումը խափանման միջոցը փոխելու մասին: Խնդիրն այն է, որ հիմնավոր չէ ո՛չ ընդհանրապես քրեական գործի հարուցումը, ո՛չ մեղադրանքի առաջադրումը, ո՛չ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու, ապա այն փոփոխելու որոշումը: Ի սկզբանե այս ամենն անհիմն է, եթե չասենք` ապօրինի»,- նշեց Արթուր Սաքունցը` միաժամանակ հավելելով, որ իրավիճակի փոփոխման, քրեական հանցագործության օբյեկտիվ հիմքերի բացակայության պատճառով քրեական հետապնդումը դադարեցնելով հանդերձ դեռ չի նշանակում, թե «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամբ ապօրինությունը վերացել է:

Իրավապաշտպանը վստահ է, որ ՀԽ կալանավորված, ապա ազատ արձակված 5 անդամները պետք է սկսեն իրենց խախտված իրավունքների վերականգման ուղղությամբ համապատասխան քայլերի դիմել:

«Նրանք պետք է վիճարկեն որոշումները, և քրեական հանցագործության վերաբերյալ հաղորդումներ ներկայացնեն բոլոր այն պաշտոնատար անձնաց նկատմամբ, որոնք ներգրավված են եղել իրենց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու գործում: Նկատի ունեմ թե՛ ԱԱԾ-ի աշխատակիցներին, թե Քննչական կոմիտեի աշխատակիցներին, թե՛ նրանց հրահանգողներին. բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Ա. Սաքունցը հարց ուղղեց, թե ինչու ՀԽ անդամներին չէին ազատել, ենթադրենք, ապրիլի 24-ի կեսգիշերին կամ 25-ի առավոտյան: Նրա խոսքով, անհասկանալի է` ինչու են հենց հաջորդ ամսվա սկզբում խափանման միջոցը փոխելու որոշում կայացրել: «Փորձեք տրամաբանություն գտնել ապօրինության մեջ, որտեղ իրավական որևէ սկզբունք չկա, անիմաստ և անարդյունք զբաղմունք է: ՀԽ անդամների իրավունքները խախտվել են նաև այն ժամանակ, երբ նրանց գրասենյակներում և բնակարաններում խուզարկոթյուններ են կատարվել: Խայտառակ հիմնավորումները, որ իբր թե պատրաստվում էին անկարգություններ կազմակերպել, իրավական հիմք չէին, որի հիման վրա կարող էին ենթադրել, թե ՀԽ-ն զանգվածային անկարգություններ էր նախապատրաստվում անցկացնել: Կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ ՀԽ-ն դիմել է Ազատության հրապարակում անցկացնելու հարցով, բայց նրանց մերժել են և տրամադրել Էրեբունու հարակից տարածքը: ՀԽ-ն համաձայնել էր, իսկ եթե նրանք  զանգվածային  անկարգություն կատարող լինեին, հրապարակային կասեին, թե` չէ, ես Ազատության հրապարակում եմ անցկացնելու»,- եզրափակեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:




Լրահոս