Երկրի կառավարումը փոխարինել են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց` հերթական արտահերթ նիստերը ցույց տվեցին, որ իշխանություններն ամեն ինչ անում են, ոչ թե երկրի պրոբլեմները լուծելու, այլ դրանք անտեսելու համար:

«Երկրում խորագույն ճգնաժամ  է, որի մասին հոգնել ենք խոսել: Արդեն թոշակների վճարման հետ խնդիր կա, բյուջեն չի հավաքվում, դադարեցվել է պոլիկլինիկաների ֆինանսավորումը և այլն: Սակայն, ամենամեծ խնդիրն այն է, որ իշխանությունները ժխտում են, որ ճգնաժամ է: Մեր իշխանություններն անմեղսունակ են, ուրիշ գնահատական չեմ կարող տալ: Խնդիրները չտեսնել և վստահ կերպով երկիրը տանել կործանման, միայն անմեղսունակ իշխանությունները կարող են»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` հարկեր հավաքելու գործում իշխանությունների ֆանտազիան անսպառ է: «Դրա ապացույցը «Եկամտահարկի և շահութահարկի» մասին օրենքների ընդունումն է: Երկրի մասին բացարձակ չեն մտածում: Իրենց բոլոր քայլերը ուղղված են դրամահավաք ապահովելու նպատակին: Ակնհայտ է, որ 2 մլրդ դրամի դեֆիցիտը, տրանսֆերտների պակասը երկիրը տանելու է դեպի կոլապս: Երկրի կառավարումը փոխարինել են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով: Այս ամենը բարդանում է, որովհետև մինչև ԲՀԿ-ի փետրվարյան ջարդը, մենք հնարավորություն ունեինք 44 ձայն հավաքելով` կարևոր հարցերի քննարկումը բերել ԱԺ, այսօր այդ հնարավորությունը չունենք»,- ընդգծեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:




Լրահոս