Թանկացումների պատճառով մարդիկ անցել են տնային հացաթխման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջիկայում պատրաստվում է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայցով: Եվ աչքի առաջ ունենալով նախկինում հանձնաժողովի կողմից կայացված որոշումները, որոնք մշտապես բավարարել են դիմող կազմակերպության հայցերը, հավանական է համարվում, որ այս անգամ եւս նույնը կլինի, եւ բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը 6-7 դրամով կբարձրանա:

Էլեկտրաէնեգիայի սակագնի հերթական թանկացման հետեւանքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է «Սեւանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, ՀԷՑ-ն առաջիկայում կդիմի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլէներգիայի սակագնի վերանայման պահանջով: Խոսակցություններ կան, որ այն մոտ 7 դրամով կթանկանա: Սա ինչպե՞ս կանդրադառնա հացի արտադրության ծավալների վրա:

-Հացաթխումը կազմակերպվում է ե՛ւ էլեկտրականությամբ, ե՛ւ գազով: Ով գազով է աշխատում, բնականաբար, նրա վրա չի անդրադառնա: Բայց կան վառարաններ, որոնք միայն էլեկտրականությամբ են հացաթխումը կազմակերպում: Կոնկրետ մեր մասով չի անդրադառնա, որովհետեւ մենք գազով ենք աշխատում: Թեեւ գազի սակագինը այս տարվա հունվարի 1-ից բարձր է հաշվարկվում: 10 հազար խմ սպառող բաժանորդների համար գազի գինը մոտավորապես 1խմ-ն 20 դրամով բարձրացել է, այսինքն՝ 113 դրամից դարձել է 132.6 դրամ: Բայց ամեն դեպքում մենք հացի գինը չենք թանկացրել:

-Գուցե՞ դա կապված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետ:

-Այո՛, դոլարով է հաշվարկվում: Օրինակ՝ ես ապրիլ ամսվա համար գազի վարձը նախկին 113 դրամի փոխարեն վճարել եմ 132.6 դրամով: Դա մեծ թանկացում է, բայց ժողովրդի վատ վիճակից ելնելով, շահութաբերության տոկոսն իջեցնելով՝ սպասում ենք, որ տեսնենք, թե հետո ինչ կլինի: Սեւան քաղաքի հացի գործարանն էլ է իմ սեփականությունը, եւ այնտեղ հացի արտադրության ծավալները 60 տոկոսով նվազել են, իսկ մարդիկ անցել են տնային հացաթխման: Նույն պատկերը նկատում եմ նաեւ Երեւան քաղաքում, որտեղ նույնպես մարդիկ անցել են տնային հացաթխման: Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում: Երեւանում ութ տարվա գործունեություն ունեմ, այս ընթացքում 7-8 ամիս է, ինչ վաճառքը թույլ է: Իհարկե, լավաշի վաճառքի աճ կա: Մարդիկ հիմա ավելի շատ լավաշին են ձգտում, որովհետեւ այն ավելի հագեցնող է ու մատչելի:

-Պարո՛ն Ավետիսյան, որքա՞ն ժամանակ է, որ հացի արտադրությամբ եք զբաղվում: Նման երեւույթի երբեւէ ականտես եղել եք:

-Այսօր (երեկ, Ս.Հ.) լրացավ 33 տարին, որ աշխատում եմ Սեւանի հացի գործարանում: Նման պատկեր նկատել եմ մութ ու խավար տարիներին, երբ ժողովուրդը այնքան նեղ վիճակում էր: Բայց այն ժամանակ մարդիկ իրենց տներում գոնե որոշ իրեր ունեին եւ վաճառում էին: Այն ժամանակ լուծման ինչ-որ տարբերակ էին գտնում, բայց հիմա նման բան չկա: Մոտ օրերս գնացել էի Լճաշեն գյուղ. պետք է մասնակցեի թաղման արարողությանը. գյուղի գերեզմանոցը բարձունքի վրա է, եւ այնտեղից որ նայեցի, գյուղը կարծես թե լացեր: Մինչդեռ Լճաշենը 5-6 հազար բնակիչ ունեցող գյուղ էր, իսկ այսօր դատարկվել է, մնացել են միայն ծերերը:

-Առաջիկայում հացի գնի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

-Ո՛չ, մեր արտադրության հացը չի թանկանա: Կոնկրետ մեր ընկերության մասով հացի գինը կթանկանա այն ժամանակ, երբ ալյուրի գինն էլ բարձրանա: Էներգակիրների թանկացմամբ պայմանավորված` ես երբեք հացի գինը չեմ թանկացրել:

-Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանում գյուղեր, քաղաքներ կան, որոնց բնակիչների մի մասը թարմ հաց չեն գնում, սպասում են, մեկ օր անցնում է, եւ ավելի էժան գնով են ձեռք բերում արդեն ոչ թարմ հացը: Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում նկատե՞լ եք նման երեւույթ:

-Կա նման երեւույթ եւ, ցավոք, շատացել է, որովհետեւ հաջորդ օրը 50 տոկոս զեղչով՝ կես գնով է հացը վաճառվում: Նշեմ, որ կոմունիստական հասարակարգի շրջանում էլ եմ աշխատել, բայց այն ժամանակ նման բան չկար: Այսօր շատ են հաց արտադրողները, եւ բոլորի մոտ էլ, հավատացնում եմ ձեզ, եթե ոչ շատ, ապա 10-12 տոկոս հաց է վերադարձվում: Մեր հացի արտադրամասն ունի մասնագիտացված խանութ, որտեղ եւ վաճառվում է հետադարձ հացը: Երեւանում նման խնդիր կա, մարդիկ կան, ովքեր ամբողջ օրը հաց չեն գնում, սպասում են խանութների վերադարձը գա, որ գնեն: Դժբախտաբար, հետադարձ հաց գնող մարդկանց քանակն ավելանում է: Թեեւ մարդիկ էլ կան, ովքեր պատճառաբանում են, թե իրենց առողջության համար են հին հաց գնում, բայց նման մարդիկ քիչ տոկոս են կազմում: Հիմնականում սոցիալապես անապահով խավն է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս