Տեւական ժամանակ է` ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում ակտիվորեն ընթանում են շենքի վերանորոգման աշխատանքները: Թե ինչ անհրաժեշտություն կար առանց այդ էլ բավական բարեկարգ շենքը վերանորոգելու, հասկանալի չէ: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատմամբ` շենքը գեղեցիկ էր, բայց անհարմարավետ:
Հիշեցնենք, որ Երեւանի Մելիք Ադամյան փողոցում գտնվող Հայաստանի hանրապետական կուսակցության շենքի տանիքը երկու անգամ այրվել էր: Ըստ ՀՀԿ-ականների` երկրորդ հրդեհի առաջացման պատճառը բանվորների անփութությունն է եղել: Արդյունքում՝ վնասվել էր շենքի գույքն ու տեխնիկան: Հենց երկրորդ հրդեհից հետո էլ շենքում սկսվեցին վերանորոգման աշխատանքները:
Կուսակցության փոխնախագահը վստահեցնում է, որ վերանորոգման ծախսերի ընդհանուր գումարը տարեվերջին կներկայացվի: «Ամեն տարվա վերջին մենք հաշվետվություն ենք ներկայացնում: Սպասե՛ք հաշվետվությանը: Բոլոր կուսակցություններն էլ նման հաշվետվություն ներկայացնում են: Ինչպես նրանք, այնպես էլ մենք: Ինչո՞ւ է ձեզ այդքան հետաքրքրում: Մտածում եք, թե տարբեր ոչ պետական կամ ոչ կուսակցական աղբյուրների ծախսերով են արվում դրանք, թե պրովոկացիոն հիմքեր եք փնտրում: Լրիվ օրինական է, ամեն ինչով: Ոչ մի անօրինական վճարում չկա: Իսկ շենքի ծախսերը` այս տարվա վերջին: Դուք էլ կնայեք ու կտեսնեք դրանք»,-պարզաբանեց ՀՀԿ փոխնախագահը:
Հիմնական շինաշխատանքները սկսվել են շենքի հարակից տարածքից: Ըստ Սահակյանի՝ այդ տարածքի զգալի մասը տրվել է մի բարեգործական ընկերության, որտեղ նրանք շինարարություն են անում: «Փոխհատուցման ձեւով նաեւ օգնում են մեզ շենքը կառուցելու համար: Այդ միջոցներով նաեւ շենքին մի քանի` 3-4 սենյակներ են ավելացնում»,-բացատրեց նա: Գ. Սահակյանից տեղեկացանք նաեւ, որ կուսակցության կենտրոնական գրասենյակի ներքին հարդարման համար հատուկ մասնագիտական խումբ է աշխատում:
Թե ինչ անհրաժեշտություն կար շենքը վերանորոգելու, չէ՞ որ այն բավական բարեկեցիկ էր, անհայտ է: Սակայն, Սահակյանի համոզմամբ, շենքը գեղեցիկ է, բայց անհարմարավետ: «Շենքի դուրսը բարեկեցիկ էր, բայց ներսում ընդամենը 12 սենյակներ էին, իսկ կուսակցությունը մեծ է: Շենքը շատ գեղեցիկ է, բայց անհարմարավետ: Կարծում եմ, որ ՀՀԿ-ի շենքը բոլոր մնացած կուսակցությունների շենքերից ավելի պատշաճ ու պարզ շենք է: Մենք շքեղության չենք գնում, այլ հարմարավետության, շատ սուղ հարմարություններ էին»,-անկեղծացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
ՇԵՆՔԸ ԳԵՂԵՑԻԿ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀԱՐՄԱՐԱՎԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ