ԽԱԲՎԱԾ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ Շենգավիթ վարչական շրջանի այն բնակիչները, որոնք մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ աշխատել են ՀՀԿ-ին ձայներ բերելու համար, խոստացած գումարները չեն ստացել: Շենգավիթի ղեկավար Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր համատիրությանը ՀՀԿ շտաբի կողմից 9-10 միլիոն դրամ էր հատկացրել ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին 900-1000 ձայն ապահովելու համար, սակայն համատիրության նախագահներն այդ գումարները «տակով» էին արել: Տեղեկացրել էինք, որ այդ «փախնողներից» յուրօրինակը եղել է Յոնջլախի Բաբոն:
Եւ ահա, այս գործի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել: Երեկ տեղեկացանք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարտին Սարգսյանը, երբ 2004թ. ընտրվել է Շենգավիթի թաղապետ, իր մոտ աշխատանքի է վերցրել Յոնջլախի Բաբոյին ու նշանակել ոչ բնակելի շենքերի հարցերով պատասխանատու: Նրա պաշտոնավարման ժամանակ համայնքից անհետացել են երկու տրանսֆորմատորներ, ինչ պատճառով էլ նախկին թաղապետը նրան աշխատանքից ազատել է:
Սակայն երբ թաղապետ է դարձել Մարտին Սարգսյանի եղբյարը՝ Արմեն Սարգսյանը, Յոնջլախի Բաբոյին հետ է բերել ու նշանակել համատիրության նախագահ: Ի դեպ, Սարգսյանը համատիրությունը բաժանել է երկու մասի՝ մի մասը տվել է Վարդանին, իսկ մյուս մասը՝ Բաբոյին: ԱԺ ընտրությունների ժամանակ նա Բաբոյին նշանակել է ՀՀԿ-ի ենթաշտաբի պետ՝ հուսալով, որ նա լավ «ձայներ» կբերի:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Յոնջլախի Բաբոն նախքան խորհրդարանական ընտրությունները Ա. Սարգսյանից գումար է խնդրել՝ Ֆրանսիա մեկնելու համար: Սակայն Սարգսյանն ասել է, որ ինքն այդքան գումար չունի: Իսկ ընտրություններից հետո, երբ Սարգսյանը Բաբոյին գումար է տվել ՀՀԿ-ին ձայներ բերողներին բաժանելու համար, Բաբոն վերցրել է գումարն ու մեկնել Ֆրանսիա:
Եւ այս ամենից հետո, որպեսզի խաբված Սարգսյան եղբայրները իշխանական համակարգում ազդեցիկ երեւան, սկսել են զբաղվել իրենց PR-ով. նրանք տեղեկություններ են տարածում, իբր թե իրենք հանդիպումներ են ունենում Շենգավիթի հեղինակություններ Ռուբեն Մասումյանի (Բենզին Ռուբո), Աբրահամ Մանուկյանի (Հայկոպի Աբո), Չարբախի Լյովիկի, Բլդի Աշոտի, Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) եւ այլոց հետ: Նմանատիպ լուրերով եղբայրները նպատակ ունեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի աչքերին «թոզ» փչել, թե իրենք հեղինակություններ են եւ նախագահական ընտրություններում եւս կարող են ամեն ինչ անել՝ Ս. Սարգսյանի հաղթանակն ապահովելու համար: Բայց, ցավոք, Յոնջլախի Բաբոյի խայտառակ դեպքից հետո Սարգսյան եղբայրներին այլեւս չեն վստահում ինչպես համայնքում, այնպես էլ իշխանական վերնախավում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս