ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրգործն ընդդեմ Սուսաննա Մարտիրոսյանի եւ Նարինե Մովսիսյանի, որոնց մեղադրանք է առաջադրվել Հրանուշ Մուրադյանին Թուրքիայի «Իշիկե» հյուրանոցում մարմնավաճառության հարկադրելու եւ դրանից ստացած շուրջ 7500 ԱՄՆ դոլարը յուրացնելու համար: Նախորդ դատական նիստերին հարցաքննվել էին գործով մեղադրյալները, որոնք պնդել էին, որ իրենք մեղավոր չեն, եւ որ Հրանուշն իր կամքով է Նարինեի հետ մեկնել Թուրքիա:
Գործով մեղադրյալ, Երեւանի բնակիչ, բայց վաղուց Թուրքիա տեղափոխված 63-ամյա Սուսաննան այնտեղ զբաղվել է առեւտրով եւ հագուստներ վաճառել պայմանով, որ իրեն դիմած մարդիկ հետո աշխատեն ու փակեն այդ գումարը: Հրանուշն էլ բացառություն չի եղել: Իսկ 39-ամա Նարինեն դատարանին տված ցուցմունքում նշել է, որ ինքը մարմնավաճառության փորձ ունեցել է, քանի որ ե՛ւ հայրենիքում, ե՛ւ Թուրքիայում զբաղվել է  այդ գործով: Վերջին դատական նիստին նախագահող դատավոր Էդուարդ Մանուկյանը տուժող Հ. Մուրադյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, քանի որ մինչ այդ նա չէր ներկայացել դատարան, իսկ մայրը հայտարարել էր, որ Հրանուշը գտնվում է Ռուսաստանում:
Երեկ դատարան բերման ենթարկված, 1981թ. ծնված Հրանուշն իր ցուցմունքում նշեց, որ մոտ 2 տարի առաջ ինքը զանգահարել է իր ընկերոջը, ու, չգիտես ինչու, կապը հաստատվել է ոմն Աննայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Հրանուշը պարզել է, որ նա գտնվում է Թուրքիայում եւ զբաղվում է դայակությամբ: Նա նորից է կապ հաստատել Աննայի հետ ու ասել, որ ինքը եւս ցանկություն ունի դայակությամբ զբաղվել: Այնուհետեւ Աննան Հրանուշին ծանոթացրել է մեղադրյալ Նարինեի հետ, ում ուղեկցությամբ Հրանուշն ընդամենը 3-4 օրից պետք է գնար Թուրքիա ու Կոնյա քաղաքում զբաղվեր դայակությամբ: Թուրքիա հասնելու բոլոր ծախսերը հոգացել է Հրանուշն ու, ինչպես ինքն է ասում, միայն «Իշիկե» հյուրանոց հասնելուց հետո է իմացել, որ զբաղվելու է մարմնավաճառությամբ:
Հրանուշի պնդմամբ` ինքն ամեն օր որոշակի գումար է տվել Սուսաննային գնած շորերի դիմաց, մինչդեռ Սուսաննան պնդում է, որ երբ նա գնացել է հյուրանոց ու գումար ուզել, նրան ասել են, որ Հրանուշը խմած է, քնած է եւ այլն: Հրանուշի անձնագիրը միշտ իր մոտ է եղել, նաեւ որոշակի գումար է ունեցել, բայց թե ինչու այդ դեպքում ետ չի եկել Հայաստան, տուժողը պատճառաբանում է հետեւյալ կերպ. «Ես պետք է գումարը փակեի, նոր գայի»: Այնուամենայնիվ, Հրանուշն այդ չորս ամիսների ընթացքում մոտ 1000 ԱՄՆ դոլար, 2 մեծ տոպրակ հագուստ, համակարգիչ, ալեհավաք է ուղարկել Գյումրի, ու դրանք նրա ընտանիքին հասցրել է Նարինեն:
Նշենք, որ Հրանուշը, իմանալով տվյալ հյուրանոցում ոստիկանների կողմից անցկացվող ստուգումների մասին, անձնագիրը միտումնավոր թողել է հյուրանոցում ու թաքնվել Սուսաննայի բնակարանում: Անձնագիրը հայտնաբերելուց հետո նրան արտաքսել են Թուրքիայից, որից հետո արտաքսվել է նաեւ Նարինեն:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս