ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՀԱՄԱՐ ԽԱՉՓԱՐԸ ԳՐԵԹԵ ՇՎԵՅՑԱՐԻԱ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի տարածաշրջանի Խաչփար համայնքում գյուղացիները զբաղված են աշնանացան ցորենի մշակությամբ: Համայնքապետի տեղեկացմամբ՝ նախատեսվում է մշակել շուրջ 50 հա հողատարածք: Դիզվառելիքը, ցորենի սերմացուն եւ ազոտական պարարտանյութը տրամադրել է կառավարությունը: «3 տոննա սերմացու եմ բերել, կգ-ը՝ 160 դրամով: Գարնանն էլ ենք ցորեն մշակել, չէի ասի, թե լավ բերք ենք ստացել, բայց քանի որ  նախկինում ագրոտեխնիկական խնդիրներ կային, այդ պատճառով այս անգամ մշակում ենք փորձարարական նպատակով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասում է Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը:
Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խաչփար գյուղը գտնվում է Երեւանի հարեւանությամբ՝ Արտաշատ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք: Նախկինում ունեցել է Զահմեթ, Խաջաբարախ անվանումները: Խաչփար է վերանվանվել 1991 թվականին: Համայնքը վերաբնակեցված է Ադրբեջանից տեղահանված հայերով: Զարմանալի է, սակայն, ըստ գյուղապետի, վերջին տասնամյակում հիմնական բնակչության թիվն ավելացել է՝ 1600 բնակչից հասնելով շուրջ 2000-ի:
«Երիտասարդությունը Խաչփարից չի հեռանում, քանի որ համայնքը գտնվում է Երեւանին  մոտ, նրանք կարողանում են լուծել իրենց աշխատանքի հարցը: Մնում են, ընտանիք են կազմում, երեխաներ ունենում, ու էսպես գյուղը բարգավաճում է,-պարզաբանում է Մարտիրոսյանը,-ամեն տարի 15-16 շինթույլտվություն եմ մակագրում: Մարդիկ տուն են կառուցում, ա՛յ, համեցե՛ք ու համոզվե՛ք, որ այս պահին էլ համայնքում 5-6 կիսավարտ բնակարաններ կան»:
Գյուղապետը վստահեցնում է, որ մարզպետի հետ սերտ համագործակցության շնորհիվ   լուծել է համայնքի բոլոր հիմնախնդիրները: Նա նույնիսկ դժվարանում էր ամբողջ զրույցի ընթացքում որեւէ լուրջ խնդիր մտաբերել եւ դրա շուրջ խոսել: Զարմանալով նրա լավատեսության վրա, այնուհանդերձ, «Ժողովուրդ»-ին հաջողվեց տեղեկանալ, որ  Խաչփարում առկա է մշակույթի տան եւ դպրոցի դահլիճի հիմնանորոգման խնդիր:
«Ակումբի հարցը գերխնդիր է: Դեռ չենք հասցրել լուծել նաեւ դպրոցի դահլիճի հարցը: Բայց ո՛չ դժգոհելու, ո՛չ էլ տրտնջալու բնավորություն չունեմ: Վստահ եմ, որ դրան էլ հերթ կհասնի»,-ասում է Մարտիրոսյանը եւ հավելում, որ տարեցտարի համայնքում ավելանում է դպրոցականների թիվը: Ըստ նրա՝ Խաչփարի միջնակարգ դպրոցում սովորում է 290 աշակերտ, որից 24-ն առաջին դասարանցիներ են: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 3-ով:
«Գյուղում ամեն տարի գրանցվում է 20-25 ամուսնություն, ուստի աճում է նաեւ ծնելիությունը: Յուրաքանչյուր տարի էլ 4-5 առաջին դասարանցի ավել ենք ունենում: Մի խոսքով, մեր համայնքում ամեն ինչ հրաշալի է: Չեմ ասում, թե Շվեյցարիա է, բայց բարեկեցիկ ենք ապրում»,-վստահեցնում է Մարտիրոսյանը:
Համայնքում համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 178 հա, որի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող:
«Այս պահին էլ զբաղված ենք աշնանացան ցորենի մշակությամբ: Կառավարությունն է տրամադրել պարարտանյութը  6 հազարով, դիզվառելիքը՝ 20 լ-ը 7 հազարով եւ սերմացուն՝ կգ-ը 160 դրամով: Սա մեծ օգնություն է»,-նշում է համայնքապետը եւ հավելում, որ գարնանացան ցորենի մշակությունից լավ բերք չի ստացվել: Դա բացատրում է ագրոտեխնիկական բարդություններով, բնակլիմայական պայմաններով եւ տեղեկացնում, որ այս անգամ աշնանացան ցորենը մշակվում է փորձարարական նպատակներով: Թե ինչ կստացվի, պարզ կլինի գարնանը:
Խաչփարում, ըստ Մարտիրոսյանի, բնակիչները զբաղվում են նաեւ անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:  
Մի խոսքով, զրուցելով գյուղապետի հետ՝ տպավորություն է ստեղծվում, որ Խաչփարը Հայաստանում չի գտնվում, ու մարդիկ այստեղ ապրում են առանց հոգսերի, ծափ ու ծիծաղով: Ամեն դեպքում լավ է, որ կան նաեւ այսպիսի գյուղեր եւ այդքան լավատես գյուղապետեր:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս