Բարեկեցիկ ապագայի մասին մտահոգությունը ստիպում է մտածել այսպես կոչված «պասիվ» եկամտի աղբյուրների հայթհայթման մասին: «Պասիվ» եկամուտը չի պահանջում ջանքեր և ժամանակ, ու դրանով իսկ դառնում առավել հետաքրքիր: Արդի աշխարհում լրացուցիչ եկամտի տարբերակ է արժեթղթերում ներդրումը, ինչը պայմանավորված է մի շարք առավելություններով: Ինչպես արդեն նշել էինք, մեր քաղաքացիների շրջանում անցկացված հարցախույզի արդյունքում հարցվածներից յուրաքանչյուր երրորդը ցանկություն հայտնեց գնել որևէ հայաստանյան ընկերության բաժնետոմս: Բաժնետոմսերի առքնուվաճառքը կարող է լուրջ եկամուտ ապահովել ի տարբերություն գումարի խնայման այլ տարբերակների: Արտերկրի մասնագետների պնդմամբ, նման ներդրման տարեկան եկամտաբերությունը հասնում է մինչև 100%` փակելով նաև գնաճի ռիսկերը:
Արդեն անդրադարձել էինք արտերկրում բաց բաժնետիրական ընկերությունների քանակի շեշտակի ավելացմանը և IPO-ի (initial public offering) իրականացմանը: Գործընթացը ենթադրում է ընկերության բաժնետոմսերի թողարկում և վաճառք ինչպես մասնագիտացված ներդրողներին, այնպես էլ` լայն հասարակությանը: IPO իրականացրած կազմակերպությունը դառնում է ավելի թափանցիկ և հանրային, ինչը նպաստում է բիզնեսի հետագա զարգացմանը և միջազգային շուկաներ դուրս գալուն: Դա պայմանավորված է նրանով, որ մինչև բաժնետոմսերի տեղաբաշխումը կազմակերպության գործունեությունը մանրամասնորեն ուսումնասիրվում է, գնահատական տրվում բիզնեսին, այնուհետև սկսվում են նախապատրաստական աշխատանքները, այդ թվում` ազդագրի թողարկումը, որը պարունակում է ընկերության գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ սպառիչ և հավաստի տեղեկատվություն: Այսինքն հաջող IPO անելու համար ընկերությունը պետք է ունենա կայուն ֆինանսական վիճակ, զարգացման հեռանկարներ, վայելի հասարակության և ներդրողների վստահությունը: Գործընթացը եզրափակվում է բաժնետոմսերի ազատ վաճառքը: Այսինքն ընկերությունները դառնում են ժողովուրդին ավելի մոտ և վերահսկվում են շատ թվով բաժնետերերի կողմից, այլ ոչ թե կառավարվում մեկ կամ երկու-երեք անձի կողմից, ինչը և տեսնում ենք հիմա Հայաստանում: Այսինքն բաժնետոմս գնողը տանում կազմակերպության կառավարման գործընթացում մասնակցելու և այն վերահսկելու իրավունք` իր բաժնետոմսի քանակին համապատասխան չափով:
Ներդրման այս տարբերակի արդյունավետությունը հատկապես զգալի է բարձր լիկվիդայնություն ունեցող բաժնետոմսերի պարագայում, երբ դրանք թողարկված են հայտնի և վստահություն վայելող կազմակերպությունների կողմից: Ի դեպ, նման թողարկումները կարող են լինել սահմանափակ և կարճ ժամանակում սպառվել, այնպես որ, եթե որոշել եք լրացուցիչ եկամուտ ստեղծել անհրաժեշտ է փնտրել հետաքրքիր առաջարկներ և արագ կողմնորոշվել շուկայում:
Անի Ստեփանյան