ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՂՈՊՏՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեփական հորը բնակարանից զրկած 75-ամյա միայնակ թոշակառու Դերենիկ Սամսոնյանի երեք երեխաներն այսօր ամեն ինչ անում են՝ հորը փողոցում թողնելու համար: «Ցրտերն ընկել են, հիմա էլ փողոցում չեմ կարողանում մնալ: Ժամանակին բնակարանս վերցրել են ու փողերը կերել: Հիմա պահանջում եմ կա՛մ իմ փողերը՝ սովետական ռուբլին վերադարձնել, ես էս երկրից հեռանամ,  կա՛մ էլ ինձ մի տեղ տան բնակվելու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում լացակումած պատմեց անելանելի վիճակում հայտնված ծեր մարդը:
Երեկ Դերենիկ Սամսոնյանը կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էր անում` ձեռքում պահած «Պետության կողմից կողոպտված» գրությամբ ցուցապաստառ: Նրա պատմելով՝ արդեն մի քանի տարի է` ինքը փողոցում է բնակվում, եւ այդ ամենի մեղավորն իր երեք երեխաներն են, որոնք զրկել են իրեն սեփական բնակարանից. «Կինս անբարոյական էր, ու այդ պատճառով բաժանվեցի, հիմա մնացել եմ միայնակ: Մեծ տղաս կաշառեց  դատավորներին ու այնպես արեց, որ ինձ տանից դուրս շպրտեցին, եւ այսօր ապրում եմ ծայրահեղ ծանր պայմաններում»:
Ըստ Դերենիկի՝ իր մեծ տղան ապրում է Կիեւում ու վախեցրել է քույրերին, որ ոչնչով չօգնեն իրենց հորը: «Մասիվի սկզբի Դավիթ Մալյան փողոցի իմ իսկ սեփական տան նկուղում եմ հիմա ապրում, ինչը հավասար է փողոցում ապրելուն: Էլեկտրական լույսն ի՞նչ է, արդեն քանի տարի է` չեմ տեսել, ու ստացածս թոշակն էլ 30 000 դրամ է: Այդ չնչին գումարով մի կերպ եմ գոյությունս պահպանում»,-նշեց Դերենիկը: Նրա պարզաբանմամբ` իրեն առաջարկել են, որ ապաստան գտնի ծերանոցում, սակայն Դերենիկը կտրուկ հրաժարվել է. «Չհասկացա, իրենք ամեն մեկը քանի հատ ասաբնյակներ ունեն, ինչի՞ պետք է ես գնամ ու ապրեմ ծերանոցում, ինչի՞ է կյանքն այսքան անարդար»:
«Այսպես շարունակվել չի կարող: Ես պետք է գնամ արտասահման, ներկայացնեմ սրանց արարքը ժողովրդի հանդեպ: Ներկայացնեմ՝ ինչ է կատարվում այստեղ՝ խաբեբայություն, կաշառակերություն: 60 տոկոսը փախած է սրանց երեսից: Ժողովրդին մուրացկան են դարձրել: Կռվել եմ Ղարաբաղում, առողջությունս եմ զոհաբերել, որ այսօրվա օրով մնամ առանց տո՞ւն: Իմ խոսքերն անիմաստ խոսքեր չեն, այդ ամենն ապացուցում եմ փաստաթղթերով: Ինձ խաբեցին, ասացին, որ անվճար կարող եմ վիրահատել աչքերս, սակայն ոչ մի անվճար վիրահատություն էլ չարեցին, ավելին, աչքերս փչացրին, եւ սա էր իմ տանջանքի ու զոհաբերության գինը: Եթե այդպես էր, ապա շատ թանկ վճարեցի այդ ամենի համար: Իմ այս վիճակի մեղավորները կաշառված դատավորներն են, վերադարձրե՛ք ինձ իմ բնակարանը»,-ներկայացնելով իր պահանջը՝ եզրափակեց մեր զրուցակիցը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս