«Երկրապահի օրը նաև զոհված ազատամարտիկների ծնողների և այրիների տոնն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երկրապահի օրվա առթիվ.

«Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ, սիրելի երկրապահներ,
սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ:

Արցախյան ազատամարտի փառապանծ հաղթանակում իսկապես անուրանալի է երկրապահ կամավորականների ունեցած վաստակը, քանզի մինչև հայկական կանոնավոր բանակի կազմավորումը հենց մեր նվիրյալ ազատամարտիկներն էին, որ ստանձնեցին հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն ու, ի պատիվ իրենց, պատվով տարան այն ու հերթական անգամ փառքով պսակեցին հայ զորականի անունը:

Ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները շարունակեցին մնալ Հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ նպաստելով մեր փառապանծ հաղթանակներին: Ցավոք, այդ հաղթանակները տրվեցին նաև նրանցից շատերի կյանքերի գնով, հաղթանակներ, որոնցով դեռ շատ սերունդներ են հպարտանալու:
Նշելով Երկրապահի օրը՝ մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված ազատամարտիկների հիշատակին, միաժամանակ կրկին պարտավորություն ստանձնելով պահպանել մեր հերոս նահատակների կյանքի գնով ձեռքբերվածը:
Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և այրիներ,

Երկրապահի օրը նաև ձե՛ր տոնն է, ձեր անսպառ համբերության և անսասան կամքի գնահատման օրը: Խորին երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ: Դուք իրապես արժանի՛ եք գնահատանքի ու մեծարումի: Համոզվա՛ծ եղեք, որ շարունակելու եմ լինել ձեր կողքին և իմ ուժերի ու հնարավորությունների սահմանում մշտապես սատարելու եմ ձեզ»:




Լրահոս