ՏՀԱՃ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՏԵՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ՌԻՓՓԻՆ մուտք գործեց հայկական շոու բիզնես բավական համարձակ կերպարով ու իր գրավիչ հանդերձանքով գրավեց շատերի ուշադրությունը, շարժեց նաեւ ոմանց նախանձը: Երգից բացի, Ռիփփին նկարահանվում էր «Կարգին սերիալ»-ում` մարմնավորելով Մոնիկայի կերպարը: Ի դեպ, Ռիփփին դերասանական կրթություն ունի. ավարտել է թատերական ինստիտուտի դերասանական բաժինը:
-Համարձակ կերպարով սկսեցիք Ձեր ուղին, այդ ամենը կանխավ մտածվա՞ծ էր:
-Ոչինչ մտածված չէր, ուղղակի ես արեցի այն, ինչ սիրում եմ, ինչ բեմական է ու գեղեցիկ: Իմ արածը չեմ էլ համարել համարձակ: Մինչ կողքից ինչ-որ բաներ լսելը, ինձ համար դա նորմալ բեմական կերպար էր: Սակայն մի քիչ այլ կերպ ընդունվեց, ինչը հասկանալի է, քանի որ Հայաստանում ենք:
-Ուզում եք ասել, որ հայ հասարակությունը ստանդարտ արտիստների՞ է սովոր:
-Ուղղակի էստեղ մարդկանց աչքն ու ականջը սովոր չէ այս տեսակ բեմականացման: Բայց վերջերս նկատել եմ, որ արդեն կան երգչուհիներ, որոնք բեմական են հագնվում, ու դա միայն գովելի է:
-Ձեր առաջին տեսահոլովակում էլ երեւում էին Ձեր մարմնի որոշ բաց հատվածներ, ինչը կրկին խոսակցությունների առիթ տվեց: Հասարակության նման ընդունելությունը չվախեցրե՞ց:
-Ես շատ գնահատում եմ հայկական մաքուր ժողովրդական երգն ու երաժշտությունը, բայց իմ ոճը R&B-ն է, սեւական երաժշտությունը: Դրա համար էլ արեցի այն, ինչի մեջ ինձ լավ եմ զգում: Չեմ վախեցել, ուղղակի տհաճ խոսակցություններ եղան, բայց ո՛չ ես, ո՛չ ինձ մոտ գտնվող մարդիկ դրանք լուրջ չընդունեցինք:
-Ինչպիսի՞ խոսակցություններ էին, չփորձեցի՞ք պատասխան պահանջել:
-Շատ տհաճ խոսակցություններ եղան: Այդ տեսակ խոսակցություններ տարածում են այն մարդիկ, որոնք պարապ են, գործ չունեն, ինքնահաստատվելու կարիք ունեն: Իսկ նրանցից պատասխան պահանջելը լրիվ անիմաստ է:
-Հիշում եմ, կայքերից մեկում վերջերս հայտնվել էր Ձեր հարցազրույցը, որտեղ բավական ազատ ու ինտիմ թեմաների շուրջ էիք խոսում, հետո էլ ասացիք, որ նման հարցազրույց չեք տվել, դա հորինված էր:
-Նա, ով գրել էր այդ հոդվածը, պիտի պատասխան տա, ուղղակի ինքը փախել է: Նա ոչ միայն  իմ, այլեւ իմ շատ կոլեգաների մասին անհիմն ու վատ բաներ է գրում: Ինքը պատժվելու էր, ուղղակի փախավ պատասխանատվությունից: Ես մտածում եմ, որ այն լրագրողները, որոնք իրենց լուրջ են համարում, մի բան տպագրելուց առաջ փաստերը ճշտում են: Դա առաջին անգամն էր, որ իմ անունից ինչ-որ հարցազրույց էր տպագրվել, ու ես անտեղյակ էի: Ես նույնիսկ չեմ ճանաչում այդ մարդուն:
-Չփորձեցի՞ք խմբագրության հետ կապ հաստատել:
-Շատ ծիծաղելի բան է ստացվում, փաստորեն, խմբագրություն էլ չկա: Նրանք առհասարակ որեւէ մեկի հետ չեն հանդիպում, հեռախոսներ չեն վերցնում, հնարավոր չէ նրանց հետ կապվել:
-Ի՞նչ եք կարծում, հատուկ Ձեր դեմ ուղղված քա՞յլ էր, թե՞ պարզապես չար կատակ:
-Չգիտեմ, շատ չեմ էլ մտածել դրա մասին, որ նստեմ վերլուծեմ: Չեմ ճանաչում այդ մարդկանց, ուղղակի զարմանում եմ, որ այդքան չար են: Խորհուրդ եմ տալիս հանեն իրենց միջից այդ բացասական էներգիան ու մի քիչ հանգիստ ապրեն, վայելեն կյանքը, հաճախ ուրախանան:
-Ի դեպ, Ձեր ծնողներն ինչպե՞ս են ընդունում Ձեր գործունեությունը:
-Շատ լավ, չնայած դա այն չէ, ինչ ինձանից սպասում էին: Ես ընտրեցի այս ուղին, ու իմ որոշումը հարգեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ: Իմ ծնողներն են ինձ հարգում, իմ նշանածը, իրեն դուր է գալիս էն, ինչ ես եմ անում, շատ հարցերում ինքն ինձ օգնում է:
-Ձեր կերպարին նայելով` իհարկե չես ասի, որ Դուք հայ ավանդական աղջկա մարմնացում եք:
-Ես ինձ երբեւէ չեմ քննարկում, չեմ էլ կարող ասել՝ ինչպիսին եմ, բայց շատ հարցերում ես նույնիսկ շատ ավելի պահպանողական եմ, քան այլ այսպես կոչված ավանդական աղջիկներ: Բայց կան նաեւ հարցեր, որոնց ազատ եմ նայում, պատեր ու սահմաններ չեմ դնում: Ես ժամանակակից աղջիկ եմ, ու կապ չունի՝ տաբատս ինչքան կարճ է: Շատ կանայք կան, որ կարող են փակ հագնվել, բայց սեքսուալ լինել, իսկ կան այնպիսիները, որ բարեմասնությունները ցուցադրում են, բայց սեքսուալ չեն: Դա կնոջ ներքին հոգեվիճակից է:
-Ձեր նշանածը չի՞ խանդում, որ Դուք այդչափ գայթակղիչ տեսք ունեք:
-Որքանով ես գիտեմ՝ չէ, որովհետեւ ես շատ-շատ եմ սիրում իրեն, ու ամբողջ ուշադրությունս իր վրա է: Մեր հարաբերությունները մեզ համար շատ թանկ են, փորձում ենք պահպանել ու մեր մասին շատ բան չխոսել:
-Երկար էիք թաքցնում, որ զույգ ունեք, մինչեւ Ձեզ «չբռնացրին» հավաքույթներից մեկի ժամանակ:
-Ճիշտ եք, հիմա էլ անձնականիս մասին շատ չեմ խոսի: Բոլոր այն զույգերը, որ իրար սիրում են, ու կապ չունի՝ կամուսնանան նրանք, թե ոչ, երեխա կունենան, թե ոչ, եթե սիրում են իրար, ուրեմն այդ հարաբերություններն արդեն լուրջ են:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս