Այս տարի առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունն իրականացնում է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ ոչ առևտրային կազմակերպություններում:
ՀՀ արդարադատության նախարարի 2014թ. նոյեմբերի 24-ի հրամանով հաստատված ստուգումների պլանային ծրագրի համաձայն՝ 2015 թվականին նախատեսվում է իրականացնել ստուգումներ 15 հիմնադրամում, 10 հասարակական կազմակերպությունում և 10 կուսակցությունում:
Այս տարվա փետրվարից Տեսչության աշխատակիցներն արդեն ստուգումներ են իրականացրել «Պատմոս-Արարատ» բարեգործական, «Ներդրումների պաշտպանության» և «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամներում:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ, որոնց հիմքով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն, կազմվել են համապատասխան ակտեր, ինչի հիման վրա նշանակվել են վարչական տույժեր՝ «նախազգուշացումներ» և սահմանվել են ժամկետներ հայտնաբերված խախտումները շտկելու համար:
Հատկանշական է, որ ստուգման ենթարկված բոլոր սուբյեկտները ակտերի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացրել և պատրաստակամություն են հայտնել սահմանված ժամկետում շտկել հայտնաբերված խախտումները:
Հիմնադրամներից մեկի ստուգման արդյունքում հայտնաբերվել են նաև ՀՀ իրավական ակտերի պահանջների խախտման հատկանիշներ, որոնց քննության իրականացումը դուրս է Տեսչության իրավասության շրջանակից: Այս կապակցությամբ, չնայած հիմնադրամի կողմից ներկայացված առարկություններին, համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչություն:
Տեսչության կողմից կազմված ակտերի հիման վրա Վարչական տույժի ենթարկված հիմնադրամներից «Պատմոս–Արարատ» բարեգործական հիմնադրամն արդեն իսկ կատարել է վարչական տույժ նշանակելու մասին որոշման պահանջը, իսկ «Ներդրումների պաշտպանության» և «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամները դեռ չեն կատարել վարչական մարմնի պահանջը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից 2015 թվականին ստուգման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը հրապարակվել էր ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն