ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ Է
«82-ամյա ավստրալուհին ինքնուրույն վնասազերծել է դիմակավորված տղամարդուն, որը, ատրճանակով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքով զինված, փորձել է բանկ թալանել»,-գրում է BBC-ն: Թոշակառուն զգուշորեն մոտեցել է ավազակին, պոկել նրա դիմակը եւ ձեռքից խլել թալանված փողերը: Ավազակը փախել է եւ նույն օրը ձերբակալվել ոստիկանության կողմից: Տարեց կինը խոստովանել է, որ չափազանց շատ է սիրում կրիմինալ սերիալներ դիտել:
ԴԻՆՈԶԱՎՐԵՐԻ ՎԱՃԱՌՔ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ձերբակալել են մի երիտասարդի, որը զբաղվում էր դինոզավրերի մնացորդների վաճառքով: Ոստիկանությունը նրա նկատմամբ սկսել է հետաքննությունն այն բանից հետո, երբ 2012-ի մայիսին Նյու Յորքում տեղի է ունեցել աճուրդ, որտեղ 1 մլն 52 հազ. 500 դոլարով վաճառվել է մոնղոլական տարբոզավրի կմախքը: Վաճառքը փորձել են կանգնեցնել Մոնղոլիայի իշխանությունները, որոնք հայտնել են, որ կմախքը իրենց է պատկանում, եւ պահանջել են ետ վերադարձնել այն: ԱՄՆ-ի իշխանությունները գնորդին խնդրել են կմախքը Մոնղոլիային վերադարձնել: Գործը դատարան է հասել, եւ շուտով ԱՄՆ-ի իշխանությունները բռնագրավել են կմախքը: Երիտասարդին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:
ՉԱՉԱՅԻ ՇԱՏՐՎԱՆ
Վրաստանի Բաթում քաղաքում բացվել է վրացական խաղողի օղու՝ չաչայի շատրվան, որտեղից ջրի փոխարեն հոսելու է չաչա: Այսուհետ չաչա կարող են ըմպել բոլոր ցանկացողները: Այդ անսովոր շատրվանի բացմանը ներկա են եղել Բաթումի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն եւ Աջարիայի կառավարության նախագահ Լեւան Վարշալոմիձեն: Շատրվանի բացման մասնակիցներին չաչա է հյուրասիրվել հատուկ սարքավորման միջոցով: Ալկոհոլը շատրվանից հոսելու է շաբաթական մեկ անգամ՝ 15 րոպեով: Շատրվանի բարձրությունը 25 մետր է, կառուցումը ֆինանսավորել է Բաթումի քաղաքապետարանը՝ տրամադրելով 810 000 լարի:
ՓՈՐՁԵԼ Է ԿՏՐԵԼ
ԱՄՆ-ում 9-ամյա տղան, ցանկանալով դառնալ աղջիկ, մկրատով փորձել է կտրել սեռական օրգանը: Պատահաբար մտնելով ննջասենյակ՝ նրա մայրը հասցրել է կանխել որդու այդ քայլը: Հոգեբանների հետ խորհրդակցելուց հետո ծնողները որոշել են ընդառաջել երեխային եւ փոխել նրա սեռը: Այժմ երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ ու ենթարկվում հորմոնալ միջամտության: