Շատ բան ունենք Շուշիի համար անելու. Գոհար Մարտիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից  հայտնում են, որ նոյեմբերին լույս կտեսնի Արցախյան գոյամարտին իրենց կյանքը զոհած հերոսների մասին պատմող «Ապրելու բանաձև» մատենաշարի 9-րդ հատորը։ Այն հրատարակվում է ՀՀ նախագաի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ Կանանց հանրապետական խորհրդի ստացած դրամաշնորհի միջոցով։

Մատենաշարի հեղինակը Գոհար Մարտիկայնն է, ով ձեռնամուխ է եղել և արդեն տարիներ շարունակ կյանքի է կոչում հայրենանվեր ու շնորհակալ մի գործ. մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները` յուրաքանչյուրի հետ վերապրելով սեփական վիշտը։ Նրա որդին՝ սերժանտ Աշոտ Չախոյանը, Արցախյան պատերազմում հատուկ նշանակության գնդի առաջին զոհն էր:

Գոհար Մարտիկյանի հետ զրուցում ենք «Ապրելու բանաձև» մատենաշարի մասին։

-Տիկին Մարտիկյան, ինչո՞վ է առանձնանում մատենաշարի հատորներից յուրաքանչյուրը։

-Հատորներից յուրաքանչյուրում անդրադառնում եմ որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Հերթական հատորում զետեղվելու են Սիսիանի և Վանաձորի տղաների մասին պատմությունները։ Ես ուզում եմ ընդգծել մի շատ կարևոր հանգամանք. բոլոր տեսակի զրույցներում, բոլոր կռված տղաների հետ խոսելիս մշտապես շեշտել են, որ Սիսիանի տղաներն ուրիշ կռվողներ էին։ Այդ պատճառով մի առանձնահատուկ վերաբերմունք ունեմ այս հատորի նկատմամբ։ Առաջինից իններորդ հատորների մասին խոսելիս յուրաքանչյուրի մասին ասում եմ՝ առանձնակի խոնարհում, հարգանք ու նվիրում ունեմ տվյալ հատորի հանդեպ։ Ստացվում է, որ 9-րդի հանդեպ էլ ունեմ այդ նվիրումը։ Այնպես որ՝ պետք է անդրադառնամ Սիսիանի բոլոր տղաներին, և դա պետք է լինի մի նոր հուշարձան, որովհետև «Սիսական» զորամիավորման և այնտեղ կռվող տղաների մասին իսկապես լեգենդներ են պատմում բոլոր ականատեսները։ Ինչ վերաբերում է պատերազմում կռված վանաձորցիներին, ապա պետք է ասեմ, որ հիացած եմ նրանց համախմբվածությամբ։ Վանաձորում զրուցելով կռված և զոհված տղաների մասին՝ չնկատեցի, որ ասեին, թե այս հերոսը հանրապետական էր, մյուսը՝ դաշնակցական, անկախական, ԱԻՄ-ական կամ ՀՀՇ-ական։ Այսօր Վանաձորում ապրող կռված տղաներն այնքան միասնական են, այնքան սերտ, կուռ, միմյանց օգնող, որ համոզված եմ՝ մարտի դաշտում էլ են այդպիսին եղել։ Եվ սա իմ աշխատանքի ամենակարևոր մեխն է, որ ցույց է տալիս, թե ինչ կարող է անել միասնականությունը։

-Տիկին Մարտիկյան, Ձեր հատորներում տեղ են գտել նաև Շուշիի գրավման ժամանակ մեծ ներդրում ունեցած զինվորների պատմությունները։

-Անշուշտ, «Ապրելու բանաձևի» 7-րդ հատորում առանձին «Շուշի» հատված ունեմ, որտեղ ներկայացված են Շուշիում վերաբնակեցված զոհվածների հարազատների պատմություններն իրենց հերոսների մասին։ Շատ կարևոր էր ներկայացնել նաև վերաբնակեցվածների և Շուշին այսօր շենացնողների պատմությունները։

-Շուշիի ազատագրումից 23 տարի անց այսօր մենք կարողանո՞ւմ ենք գնահատել այն, ինչ ձեռք ենք բերել։

-Ինձ թվում է՝ ոչ լիարժեք։ Եվ դա, ըստ երևույթին, գալիս է մեր նյութական հնարավորություններից։ Շատերը Շուշին կուզեին տեսնել այնպիսին, ինչպիսին եղել է գոնե 100 տարի առաջ՝ մինչ այն աղետը, որ ադրբեջանցիները բերեցին Շուշիի գլխին՝ 1920թ. ավերը, հայերի կոտորածը, հայաթափումը։ Դու պետք է ոտք դնես Շուշի, կանգնես քարաժայռերի վրա ու տեսնես՝ ինչպես ես կարողանում հսկել իրավիճակը։ Ու շատ զարմանալի է, որ այն ժամանակ մենք չենք եղել միասնական, որպեսզի մեզ չհեռացնեին մեր բերդաքաղաքից։ Շատ բան ունենք անելու Շուշիի համար։ Ամենահետաքրքիրն այն էր, որ երբ ես քայլում էի Շուշիի՝ 200 տարի առաջվա կրագոյացումներից մարմարանման սալիկների վրայով, ապշում էի, թե ինչպես է մարդը, բնության տված հրաշալիքներն օգտագործելով, իր տունը շենացրել։ Եթե սրա վրա կենտրոնանանք, օգտվենք բնության հրաշալիքներից ու շենացնենք մեր տունը, երևի այնքան կանգ չենք առնի նյութականի վրա։

-Տիկին Մարտիկյան, Ձեր մենագրություններում անդրադառնում եք միայն զոհվա՞ծ, թե՞ նաև Արցախյան պատերազմի մասնակից ապրող հերոսներին։

-Երբեմն ապրող հերոսներին նույնպես անդրադառնում եմ։ Չեմ կարող, օրինակ, չխոսել Գուրգեն Դալիբալթայանի մասին, ով Շուշիի ազատագրման գործում մեծ ներդրում ունի։ Իմ առաջիկա հատորում նկարագրելու եմ, թե ինչպես է նա կարողացել բոլոր ուղղությունների հրամանատարներին ուղղորդել հարձակման և նախանշել, թե ով որտեղ ինչպես պետք է իրեն դրսևորի։ Մի արկղի մեջ ավազ լցրած՝ գծագրել է ամբողջ քարտեզը և ցույց տվել, թե որ կողմից ինչպես է պետք հարձակվել, որ հրամանին՝ ինչպես ենթարկվել։ Ո՞նց չանդրադառնայի ես այդ մարդուն՝ գեներալ-գնդապետ Դալիբալթայանին։




Լրահոս