Այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստից հետո Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք կապված էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և իր որդու արարքների և դրանց շուրջ ստեղծված անպատժելիության մթնոլորտի հետ: Մասնավորապես` հարցին, ինչու՞ ՄԻՊ-ը չի արձագանքել վերջին դեպքին կապված Սուրիկ Խաչատրյանի որդու հետ, Անդրեասյանը պատասխանեց.
«Հիմնականում, եթե գործը զանգվածային բնույթ չի կրում, ես իմ սեփական նախաձեռնությամբ, ըստ օրենքի, միջամտելու հնարավորություն չունեմ: Միայն հազվադեպ դեպքերում է, որ Պաշտպանն իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը: Այն մարդկանց անունները, որոնք դուք նշում եք, եթե կապացուցվի, որ ներգրավված են, ես կմիանամ այդ վրդովմունքին, իսկ այս պահին, անկեղծ ասած, իրարամերժ տեղեկություններ են շրջում: Մենք չունենք մեր աղբյուրները, որ կարողանանք հիմնավորապես ասել, թե ինչպիսի իրադարձություններ են եղել»,- ասաց Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով` եթե ուզում ենք, որ լինի արդար գործընթաց, տուժողները ևս պետք է մասնակից լինեն այդ գործընթացքում և պաշտպանեն իրենց իրավունքները:
Կարեն Անդրեասյանը, սակայն, հրաժարվեց որպես օմբուդսմեն որևէ մեկնաբանություն անել դեպքի հետ կապված` պատճառաբանելով, որ ինքը պատշաճ տեղեկատվություն չունի այդ մասին: «Եթե Ձեզ կհետաքրքրի, թե ինչ կասի Օմբուդսմենը, ճանապարհն այն չէ, որ դուք հիմա մեղադրական հարցեր եք տալիս և ստիպում, որ ներքին զանգեր անեմ: Ճանապարհը մեկն է` ես իմ ինստիտուտի ծառայություններն եմ առաջարկում բոլոր այն մարդկանց, ովքեր տուժել են»,- ասաց նա:
Հարցին` իր ինստիտուտը հավասա՞ր է Սուրիկ Խաչատրյանի ստեղծած ինստիտուտին, Պաշտպանը պատասխանեց. «Ձեր հարցը գեղեցիկ է, բայց դրա պատասխանը դուք չեք ակնկալում»: Անդրեասյանը ամեն կերպ խուսափեց կոնկրետ գնահատակններ տալ Սյունիքի մարզպետի և նրա որդու պարբերաբար կրկնվող արարքներին: «Երբ ես այլևս Օմբուդսմեն չեմ լինի և իմ ուսերին չեմ կրի այս ծանր բեռը, այդ ժամանակ էլ իմ գեղեցիկ խոսքերը կլսեք այս կամ այն դեպքի մասին, իսկ այժմ ես պարզապես դրա իրավունքը չունեմ»,- ասաց նա: ՄԻՊ-ի գնահատականով` Սյունիքի մարզից Օմբուդսմենի գրասենյակ դիմողների թիվը քիչ է:
Armlur.am-ի հարցին` միգուցե վստահությունն է պակասում Օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ, Անդրեասյանն ասաց` վերջին շրջանում արձանագրած թվերը խոսում են այն մասին, որ Օմբուդսմենի ինստիտուտը վստահություւն ունի հասարակության շրջանում. «Իհարկե, մենք կուզեինք, որ այդ վստահության տոկոսը լիներ 93»: Նա նաև չբացառեց, որ Սյունիքի մարզում մարդկանց մոտ վախ կա Օմբուդսմենին դիմելու կամ առհասարակ իրենց իրավունքների պաշտպանության և խնդիրների բարձրաձայնման հետ կապված: