«Հայրենասիրությունը տոնը նշելով և ուրախանալով չէ միայն». Հ. Մանուկյանը արյան դոնոր է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ Մայիսյան Մեծ հաղթանակների առթիվ այսօր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են մի շարք միջոցառումների: Նախարարը և համակարգի հինգ տասնյակից ավելի աշխատակից Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում արյան դոնոր են դարձել:

Արյուն հանձնելուց հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է. «Այս գաղափարն առաջին անգամ չէ, որ Արդարադատության
նախարարության համակարգում կյանքի է կոչվում: Մենք համակարգով որոշեցինք, որ այն կամավորները, ովքեր պատրաստ են արյուն հանձնել, այս տոնական օրը՝ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրության օրը, ոչ միայն արձանագրեն այն որպես մեր տոնացույցի կարևորագույն տոն, այլև փորձեն ինչ-որ բան անել»:

Նախարարը շեշտել է, որ հայրենասիրությունը տոնը նշելով և ուրախանալով չէ միայն. «Դա բավականին քիչ է, պիտի կարողանալ տոնին նաև ինչ-որ իմաստ հաղորդել: Փորձեցինք ինչ-որ բան անել, ընդհանուրին նվիրաբերել: Կարծում եմ՝ նախաձեռնությունը հետաքրքիր է, կշարունակենք: Համակարգից 50-55 մարդ պատրաստակամություն հայտնեց այսօր գալ և դոնոր դառնալ»:

Նախարարի հաջորդ կանգառը Հայրենական Մեծ Պատերազմի վետերան սպաներ ամուսիններ Գրիշա Դավթյանի, Սեդա Բաղդասարյանի և նախկին բուժաշխատող Շողիկ Սարաֆյանի բնակարաններն էին:

ՀՀ արդարադատության նախարարը շնորհավորել է պատերազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, տոկունություն և երկար տարիների կյանք: Վետերանները ներկայացրել են պատերազմի իրենց անցած ուղին, ցուցադրել արխիվային թերթեր և լուսանկարներ: 92-ամյա Սեդա Բաղդասարյանը, հիշելով պատերազմի տարիներից մի դրվագ, երբ իրենց հաջողվել է ոչնչացնել Ֆաշիստական Գերմանիայի կողմից ռմբակոծող թուրքական ինքնաթիռները, ինչի համար նա արժանացել է Ուկրաինայի ԽՍՀՄ հերոսի կոչման:

Պատերազմի վետերան Շողիկ Սարաֆյանը, նախարարին ցույց տալով սխրանքի շքանշանները, նշել է, որ հպարտանում է ժամանակին իրենց ուժերով ձեռք բերված հաղթանակի այսօրվա արդյունքը տեսնելով: Նա կարևորել է պետության հոգածությունը և ուշադրությունը վետերանների հանդեպ՝ միաժամանակ ասելով, որ իննսունն անց մարդկանց համար ամենակարևորը հարգանքն է: Նախարարին տիկին Շողիկը հյուրասիրել է իր պատրաստած հյութով՝ կեսկատակ ապացուցելով որ դեռ չի ուզում հանձնվել ծերությանը:

Վետերաններին հրաժեշտ տալով՝ Հովհաննես Մանուկյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:




Լրահոս