2004-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, երեկ դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վճռով` նա ապօրինի զինամթերք պահելու համար դատապարտվեց 1 տարի և երկու ամիս ազատազրկման, և քանի որ հենց այդքան ժամանակ է, ինչ նա կալանավորված է, անմիջապես ազատ արձակվեց: Գործով երկրորդ ամբաստանյալ Բորիս Հակոբյանը մեղավոր ճանաչվեց անցյալ տարվա օգոստոսի 2-ին Խաչիկ Գալոյանի սպանության, նաև ապօրինի զենք պահելու համար և դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:
“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ այս գործի դեռևս նախաքննական փուլից պաշտպանները պնդում էին, որ Վահրամ Մարգարյանը անցած տարվա օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում կատարված սպանության հետ, ինչի համար ի սկզբանե մեղադրվում էր, որևէ կապ չունի: Դատաքննության ընթացքում պնդում էին նույնը, սակայն մեղադրող կողմն էլ պնդում էր իրենը: Եվ ահա մի պահ քննության ընթացքը կտրուկ փոխվեց: Իսկ այդ պահը Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և նրան ազատ արձակելու ժամանակահատվածն էր: Սերժ Սարգսյանը որոշեց, որ Գուրգեն Մարգարյանի եղբայրը պետք է ազատ արձակվի: Իհարկե, դատավարության ընթացքին հետևողների տպավորությանն այնպիսիս էր, որ Վ. Մարգարյանն այդ uպանության հետ իրոք կապ չանի, համենայն դեպս` մեղադրող կողմը հակառակն ապացացող որևէ հիմք այդպես էլ չկարողացավ ներկայացնել:
Բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ Մարգարյանն ազատ արձակվեց անկախ ապացույցներից` Սերժ Սարգսյանի, բացառապես Սերժ Սարգսյանի կայացրած քաղաքական որոշման և ոչ թե դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների շնորհիվ: Սա ուշագրավ է նրանով, որ սովորաբար լինում է հակառակը՝ նույն անձի կայացրած որոշումներով երկար տարիներով դատապարտվում են բոլորովին անմեղ մարդիկ: Բայց տվյալ դեպքում դա չի փոխում իրավիճակի էությունը, տեղի ունեցավ դատավարական հերթական ֆարսը, որը ոչ մի կապ չուներ արդարադատության հետ: