Հայաստանում կաթի մթերման գինը նվազել է, բայց շուկայում վաճառքի գինը նույնն է մնացել: Ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Այս գլուխկոտրուկը օրերս «Հենարան» ակումբում փորձեց լուծել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական ընկերության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Բանախոսը արձանագրեց, որ այս խնդիրը ունենք ոչ թե 2015 թվականից, այլ ունեցել ենք ամեն տարի: Նա միաժամանակ բացատրեց, որ սա բարդ հարց չէ եւ շատ արագ կարելի է կարգավորել. «Ուղղակի պետք է ունենալ գրագետ մոտեցում խնդրի կարգավորման համար»:
Իրավիճակը փոխելու եւ գլուխկոտրուկը լուծելու համար առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչից է առաջանում այս խնդիրը: «Ձմեռը կաթի սպառման ծավալները նվազում են, թելադրողի դերում հանդես է գալիս գյուղացին, որոշում է կաթի գինը, ինչի հետևանքով կաթի գինը կարող է բարձրանալ: Իսկ ամռանը ծավալը մեծանում է եւ թելադրողի դերում հանդես է գալիս արդեն տնտեսվարողը, մթերողը»,- մանրամասնեց Բաբկեն Պիպոյանը` բացատրելով, որ կաթնատվությունը հաշվում են սեզոնայնությամբ, կերի գնով և հիմնականում աշխատուժով:
«Խոշոր ֆերմերային տնտեսությունները, ովքեր զբաղվում են կաթ ստանալով, այս սեզոնին 150-160 կամ 120 դրամով կաթ չեն վաճառում, որովհետև գոյություն ունի աշխատուժ: Նրանք պահում են կթվոր, բանվոր, անասնաբույժ, որոնց պետք է վճարեն»,- նշեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական ընկերության նախագահը:
Հարցին, թե կաթի գինը ինչքանով է մթերվում և խանութներում ինչքանով է վաճառվում, բանախոսը պատասխանեց, որ 130-ից սկսած մինչև 160 դրամի հասնող գին կա: Հավելեց, որ խոշոր տնտեսություններում գները ավելի բարձր են, սակայն հարցը այս դեպքում գինը չէ.
«Հարցը այն է, որ տրամաբանական ցիկլ երկրում չկա. երբ գալիս է ամառը, գյուղացին է բողոքում, երբ գալիս է ձմեռը, տնտեսվարողն է բողոքում»: Ըստ Պիպոյանի` տեսակավորման դեպքում կունենայինք կաթ 350 դրամով, կաթ 450, 600, 650:
Այսինքն, քաղաքացին կկարողանա տուփի վրա կարդալ, թե ինքը քանի տոկոսանոց բնական կաթ է գնում: Եւ բնականաբար, 100-տոկոսանոց բնական կաթը ուրիշ արժեք կունենա, 60-տոկոսանոցը՝ ուրիշ, եւ այլն: Մի խոսքով, եթե պատկան կառույցները արձագանքեն և ընդունվի համապատասխան որոշում` կարգ կամ օրենք, ապա դրա հետ մեկտեղ կլինի նաև մրցակցային դաշտ և իրավիճակը, բնականաբար, կկարգավորվի:
Արփինե Թովմասյան