Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանին շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։
2015 թվականի ապրիլի 21-ին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելու, մարտում անձնական արիություն ու խիզախություն ցուցաբերելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 17 հոգի:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 303 հոգի, որից 11-ը` հետմահու:
Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել է 25 հոգի, որից 1-ը` հետմահու:
Հայրենիքի արժանավոր զավակներ դաստիարակելու համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումները հետ մղելու ժամանակ հերոսաբար զոհված 3 զինծառայողների ծնողներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրվել է 3 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 6 հոգի: Եվրոպական ատյաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերն ու իրավունքները հետեւողականորեն ներկայացնելու համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել է 1 հոգի: