Հայրենական Մեծ պատերազմը 1941-1945 թթ. Սովետական Միության կողմից Նացիստական Գերմանիայի հարձակողական արշավանքի դեմ է մղվել, որը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մաս։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհդային Միության երկրներում։
«Հայրենական մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։
1914-1915 թվականներին «Մեծ Հայրենական պատերազմ» անվանումը երբեմն կիրառվում էր Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ոչ պաշտոնական հրապարակումներում։ Առաջին անգամ այս բառակապակցությունը կիրառվեց ԽՍՀՄ-ի Գերմանիայի հետ պատերազմի առիթով «Правда» թերթի 1941 թվականիհունիսի 23-ի և 24-ի հոդվածներում և սկզբից ընկալվում էր ոչ թե որպես տերմին, այլ որպես թերթային կլիշե, նման այլ՝ «սրբազան ժողովրդական պատերազմ», «հաղթական հայրենական պատերազմ» բառակապակցությունների հետ միասին։
«Հայրենական պատերազմ» տերմինը ամրագրվեց 1942 թվականի մայիսի 20-ի ԽՍՀՄ Գրագույն Խորհրդի Նախագահության Հրամանագրով սահմանված Հայրենական պատերազմի զինվորական ուխտով։ Անվանումը պահպանվում է հետխորհրդային պետություններում (ուկր.՝ Велика Вітчизняна війна, բելառուս․՝ Вялікая Айчынная вайна, աբխազերեն՝ Аџьынџьтәылатәи Еибашьра և այլն)։ ԽՍՀՄ կազմում չգտնված երկրներում, որտեղ ռուսերենը չի հանդիսանում հիմնական շփման լեզու, «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը գործնականում չի կիրառվում։ Անգլալեզու երկրներում նրան փոխարինում է Eastern Front (World War II) ((Երկրորդ համաշխարհային պատերազմի) արևելյան ճակատ), գերմանական պատմագիտության մեջ՝ Deutsch-Sowjetischer Krieg, Russlandfeldzug, Ostfeldzug (գերմանա-խորհրդային պատերազմ, ռուսական արշավ, արևելյան արշավ)։
Վերջին ժամանակներում ռուսական զանգվածային մշակույթում Հայրենական մեծ պատերազմը հիշատակելու համար պարբերաբար գործածվում է «Մեծ պատերազմ» բառակապակցությունը, որը պատմականորեն այնքան էլ կոռեկտ չէ. 1910-ականների վերջերին այդ տերմինը գործածվում էր Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ։ Հանդիպում են անվանումների նաև այլ տարբերակներ. օրինակ՝ խորհրդա-նացիստական պատերազմ (1941-1945)։ Թուրքմենստանում արգելված է պատերազմն անվանել «Մեծ Հայրենական». գործածվում է «1941-1945 թվականների պատերազմ» անվանումը։
Հայաստանը՝ ֆաշիստական պլաններում
Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունն ուներ՝ Թբիլիսի կենտրոնով, և իր կազմում էր ներառում նաև «Հայաստանի կոմիսարիատը»։
Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» ( Արտաշես Աբեղյանի նախագահությամբ), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրեց ֆաշիստական Գերմանիայի հետ և սկսեց օգնել ր նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942թ. վերջ- 1943թ. սկիզբ) ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։
1943թ. ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների օգտին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բեկումը շրջադարձ կատարեց ֆաշիզմին ծառայող հայ ազգային շրջանների մոտ։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Սկսեցին քայքայվել նաև հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։